«Կարծում եմ՝ այս կարանտինը պետք է անհապաղ վերացնել». Արմեն Եղիազարյան
«Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այժմ COVID 19-ն ընթանում է եվրոպական մոդելով և մայիսի երկրորդ կեսին, միջին հաշվով, ամեն տեղ կվերջանա»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վիրուսի տարածման վերջին թվային պատկերին՝ վստահեցրեց Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը:
Տնտետագետը նշեց, սակայն, որ ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանում վիրուսի տարածումն իր «պիկ»-ին դեռ չի հասել: Այդուհանդերձ, ըստ նրա՝ կարանտինը պետք է վերացնել՝ հաշվի առնելով տնտեսական հետևանքները.
«Ես կարծում եմ, որ այս կարանտինը պետք է անհապաղ վերացնել»:
Հարցին, թե վտանգավոր չէ՞՝ հաշվի առնելով նաև իր պնդումը, թե դեռ «պիկ»-ը չենք հաղթահարել, նա արձագանքեց.
«Շվեդիան կարանտին չունի ու ավելի վատ վիճակում չէ, քան մյուս երկրները, գուցե մոտ 100 միլիարդ դոլար խնայել է դրանից»:
Ըստ Ա. Եղիազարյանի՝ կորոնավիրուսի թողած տնտեսական ու սոցիալական հետևանքները հաղթահարելու համար երկար ժամանակ պետք կլինի. «Շատ ծանր ճգնաժամ է լինելու բոլոր տեղերում:
2008 թ. ճգնաժամի վերականգնողական շրջանն աշխարհում տևեց 2 տարի, սա հաստատ ավել կլինի, որովհետև կորուստներն ավելի շատ են»: