«Ես չեմ պատասխանի Ձեր հարցին: Ինձ հետ ոչ ոք նման զրույց չի տարել». Հակոբ Ճաղարյանը` իրեն ԱԱԾ հրավիրելու լուրերի մասին

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ավիացիոն գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանն անցած շաբաթ ըստ էության ուլտիմատում է ներկայացրել վարչապետին:

«Նա առաջարկել է աշխատանքից ազատել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին և նրա փոխարեն իրեն նշանակել` այլապես սպառնալով հրաժարական ներկայացնել: Փաշինյանը մերժել է Ճաղարյանին»,- գրել էր թերթը:

168.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել վարչապետի` ավիացիոն հարցերով արդեն նախկին խորհրդական Հակոբ ճաղարյանից:

Վերջինս կտրականապես հերքեց թերթի տեղեկությունը` նշելով, որ ինքը որևէ խնդիր չի անձնավորում, պայման չի դրել ոչ մեկի առջև, ուլտիմատում չի ներկայացրել, ու չկա նման բան:

Մեր հարցին` իսկ ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ իրեն երեկ հրավիրել են ԱԱԾ` հավանաբար կանխելու համար նրա` առաջիկայում տրվող ասուլիսը, Հակոբ Ճաղարյանն ասաց.

«Ես չեմ պատասխանի Ձեր հարցին: Ինձ հետ ոչ ոք նման զրույց չի տարել»:

168.am-ի տեղեկություններով, սակայն, Հակոբ Ճաղարյանն այսօր պետք է ներկայանա ԱԱԾ:

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ապրիլի 29-ին Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ վարչապետի կողմից ընդունված և համապատասխան պետական մարմիններում շրջանառության դրված` ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծավալուն ծրագիրը:

Փաստորեն, վարչապետի կողմից ընդունված և հավանության արժանացած հայեցակարգային ծրագիրը  կյանքի չկոչվեց. փոխարենն այսօր արդեն Հակոբ Ճաղարյանն այլևս վարչապետի խորհրդականը չէ:

Ուշագրավ է, որ լինելով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ստորաբաժանում` ՔԱԿ շուրջ ընթացող գործընթացներից անմասն է մնում ոլորտի անմիջական ղեկավարը` նախարար Սուրեն Պապիկյանը. այս օրերին նա որևէ դիրքորոշում կարծես թե չի հայտնել խնդրի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ ՔԱԿ խնդիրներին վերաբերող ցանկացած որոշում կայացնում է Նիկոլ Փաշինյան-Տիգրան Ավինյան-Տաթևիկ Ռևազյան եռյակը:

Տեսանյութեր

Լրահոս