Վստահ եմ, որ տարեցտարի ավելի սահուն կդառնա Բեռլինի կինոշուկայում համագործակցություն գտնելու այս ոչ դյուրին ճանապարհը․ Ջիվան Ավետիսյան
Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից՝ փետրվարի 20-27-ը գործող Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ ներկայացել է առանձին տաղավարով։
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի դիտարկմամբ՝ հայկական կինոյի համար այս տարին նշանակալից է դարձել Բեռլինի եվրոպական կինոշուկայում հայկական տաղավարի առկայությամբ։ Ջիվան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է իր դիտարկումները հայկական ֆիլմերի, կինոշուկայի և այլ խնդիրների մասին:
Հորդորում եմ հայ երիտասարդ ֆիլմարտադրողներին՝ անմասն չմնալ
Հայկական կինոյի համար այս տարին նշանակալից դարձավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի նախաձեռնությամբ Բեռլինի եվրոպական կինոշուկայում հայկական տաղավարի առկայությամբ, որը կարևոր է բոլորիս համար։
Ինչ խոսք, հայկական տաղավարի լինելիությունը եվրոպական կինոշուկայում կարևորվեց հայ կինոգործիչների՝ տարբեր երկրների կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները ներկայանալի հայկական տաղավարում անցկացնելով, որի համար, հայկական տաղավարի պատասխանատու և Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանն իր մեծ ջանքերը գործադրեց։ Շնորհակալություն այս առումով կինոկենտրոնի ողջ թիմին։
Հատկանշական էր նաև հայկական տաղավարում ունեցած հյուրասիրությունը, որտեղ հրավիրված էին տարբեր երկրների կինոգործիչներ, որոնք, ծանոթանալով Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ներկայացվող ֆիլմերին, մեծ տպավորություններով բաժանվեցին։ Հյուրասիրությանը հրավիրված էին նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, «Դրախտի դարպասը» ֆիլմի համապրոդյուսերները՝ Լիտվայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Չեխիայից, որոնց բոլորին հաճելի էր կրկին տեսնել, այս անգամ՝ հայկական տաղավարում։
Եվ քանի որ Հայաստանն առաջին անգամ էր իր տաղավարով ներկայանում կինոշուկային, ինձ համար առաջնային էր բարձրաձայնել այդ մասին, որի համար էլ Deutsche Welle-ի կողմից իմ «դիմանկար»-ի համար իրականացվող նկարահանումների մի մասը կարևորեցի իրականացնել Բեռլինի եվրոպական կինոշուկայի հայկական տաղավարում։ Ուրախ եմ, որ «Վերածնվածը» կինոնախագիծը, որը «Բեռլինի տաղանդներ» ծրագրի մեջ իմ ներգրավվելու նախադրյալն է հանդիսացել, գերմանական առաջնակարգ հեռուստաընկերությամբ ազդարարվեց նաև Բեռլինի եվրոպական կինոշուկայում Հայաստանի՝ առաջին անգամ հայկական տաղավարով ներգրավվելու մասին։ Անդրադարձ կատարվեց նաև հայկական ֆիլմերի ստեղծման կարևորությանն ու հայկական և միջազգային համագործակցության անհրաժեշտությանը։
Ես վստահ եմ, որ շնորհիվ ՀՀ ազգային կինոկենտրոնի վարած քաղաքականության՝ տարեցտարի հայկական ֆիլմերը ներկայացնող կինոգործիչների համար ավելի սահուն կդառնա Բեռլինի կինոշուկայում համագործակցություն գտնելու այս ոչ դյուրին ճանապարհը։
Հորդորում եմ հայ երիտասարդ ֆիլմարտադրողներին՝ անմասն չմնալ այս կարևոր պլատֆորմից։
Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական ֆիլմերի կինոշուկային ներկա եմ գտնվել իմ երկու կոլեգաների՝ «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերի և «Վերածնվածը» կինոնախագծի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանի և ռազմավարական խորհրդատու Հասմիկ Ավետիսյանի հետ։ Նրանք կինոշուկայում էին աշխատանք տանում, իրականացնում տարբեր հանդիպումներ, ես՝ «Բեռլինի տաղանդներ»-ում, հաճախ նաև համատեղում էի, շատ հագեցած, բայց խոստումնալից օրեր էին․․․ Ի դեպ, հորդորում եմ հայ երիտասարդ ֆիլմարտադրողներին անմասն չմնալ այս կարևոր պլատֆորմից, և անպայման դիմել՝ այս ծրագրին մաս կազմելու համար։
«Բեռլինի տաղանդներ» ծրագրին մասնակցելու դրդապատճառը, այո՛, եղել է «Վերածնվածը» կինոնախագիծը, որի մտահղացումը հետաքրքրել է ընտրող հանձնաժողովին։ Այդ կարևոր հարթակին հնարավորություն եմ ունեցել ընդգրկվելու՝ ընտրվելով 134 երկրների ավելի քան 3400 հավակնորդներից։ Պատիվ եմ ունեցել նաև ներգրավվելու այն 250 մասնակիցներից ընտրված 17-ի մեջ, որոնց համար գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությունը կարճամետրաժ վավերագրական «դիմանկար» ֆիլմ պետք է պատրաստեր։ Իմ մասին ֆիլմն էլ հասանելի է օնլայն։
Շուրջ մեկշաբաթյա աշխատանքներում՝ «Բեռլինի տաղանդներ» ծրագրի շրջանակում ես հնարավորություն ունեցա տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել «Վերածնվածը» կինոնախագիծը, որի վրա աշխատում ենք արդեն շուրջ մեկ ու կես տարի։
Այս փուլից սկսած՝ արդեն իսկ ունենք հետաքրքրություն հոլանդական կողմից, ում հետ աշխատել ենք նախկինում՝ «Վերջին բնակիչը» ֆիլմով, ամերիկյան աշխահահռչակ HBO ընկերությանը ֆիլմը վաճառելու հետ կապված։
Ֆիլմի պրոդյուսերներն իմ լավ ընկերներ, գործընկերներ Մասիս Բաղդասարյանն ու Կեստուտիս Դրազդաուսկասն են, որոնց հետ միասին աշխատել ենք նախորդ երեք՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը» ֆիլմերի վրա։ Ֆիլմի սցենարիստն իմ լավ գործընկերուհի Նարինե Ոսկանյանն է, ում հետ միասին ևս աշխատել ենք նախորդ երեք ֆիլմերի վրա։ Սցենարի հարցում, բացի գերմանացի գործընկերոջից, մեզ օգնում է նաև կինոգետ Զավեն Բոյաջյանը։ Նրանք ֆանտաստիկ դեր են կատարում սցենարի զարգացման աշխատանքներում, և համատեղ աշխատանքի արդյունքում ունենք բավականին հիմքային և հետաքրքիր պատմություն, որն օրեցօր ավելի հզոր ենք դարձնում։ Շուտով կսկսենք աշխատանքները՝ նաև երկխոսությունները գրելու ուղղությամբ, որի համար մեզ միացել է ամերիկացի հայտնի սցենարիստ, ում հետ աշխատել ենք նաև «Դրախտի դարպասը» ֆիլմում, հիմնականում՝ խմբագրական աշխատանքների առումով։ Շատ անուններ չեմ ցանկանում նշել, քանի որ այս ֆիլմում ևս անդրադարձ կա Արցախին, և, ինչպես փորձը ցույց է տվել, անուններ նշելով՝ մենք դառնում ենք ավելի խոցելի՝ ունենալով քաղաքական խնդիրներ։
Մինչ օրս տարված այս բոլոր աշխատանքները՝ «Վերածնվածը» ֆիլմի զարգացման առումով, կարողացել ենք իրականացնել՝ ունենալով ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանի, ինչպես նաև ֆիլմի ամերիկյան գործընկեր՝ ARTsakh Arts and Cultural Foundation-ի ֆինանսական աջակցությունը։ Ֆիլմի զարգացման հետագա աշխատանքների իրականացման համար, ֆինանսական օժանդակություն ունենալու նպատակով, պատրաստվում ենք առաջիկայում դիմել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն աջակցություն է ցուցաբերել նաև իմ նախորդ ֆիլմերին։
Արցախյան պատերազմին նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան հետաձգվել է
Վերջին ժամանակներում աշխարհում ստեղծված իրավիճակը շատ բան է փոխել բոլորիս կյանքում։ Արցախյան պատերազմին նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան պետք է կայանար մարտի 21-ին՝ Լոս Անջելեսում, սակայն հետաձգվել է։
Դրան հաջորդող բոլոր ցուցադրությունները՝ 10-ից ավելի ամերիկյան խոշոր քաղաքներում, նաև ֆիլմի կանադական ցուցադրությունները՝ Տորոնտոյում և Մոնրեալում, ինչպես նաև մայիս ամսին կայանալիք Եվրոպական ցուցադրությունների շարքը հետաձգվել է։ Այս բոլոր ցուցադրությունների պլանավորումն արվել էր դեռևս մեկ տարի առաջ, բայց ի՞նչ կարող ենք անել երկիր մոլորակում ստեղծված իրավիճակի դեմ։ Ցավոք, ամբողջ աշխարհում հետաձգվում են բոլոր կարևոր իրադարձությունները, փոփոխվում են պլանները․․․ այս իրավիճակը պետք է հաղթահարի ողջ մարդկությունը։
Մենք, համենայն դեպս, հետևելով ինքնամեկուսացման ռեժիմին, շարունակում ենք ակտիվ աշխատել տնից՝ ի կատար ածելու համար մեր նպատակը։ Մենք անհաղթահարելի թվացող դժվարություններ ենք հաղթահարել նաև «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծման ժամանակ, որը, իհարկե, եղել է հետևողական և անդադար աշխատանքի արդյունքում։ Այժմ էլ ջանք չենք խնայում մեր նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար և աշխատում ենք բոլոր հետաձգված ցուցադրություններն աշնան ամիսներին տեղափոխելու ուղղությամբ։ Մեծ հույսեր ենք տածում, որ վիրուսն աշխարհին հանգիստ կթողնի մինչ այդ։ Իսկ այժմ անհրաժեշտ է հետևել բոլոր առողջապահական կանոններին, ցուցումներին, լինել զգոն և հետևողական, կարևորը՝ մնալ տանը։