Գառների լռությունը

Սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը, «դիտարժան» լինելուց բացի, հերթական անգամ ցույց տվեց Հայաստանի պաշտոնյաների դեմքն ու ամենակարևորը` ինքնուրույնությունը:

Այդ խորհրդակցությունից հետո ծավալված քննարկումներում, ի թիվս այլ հարցերի, շատերն ուշադրություն էին դարձնում, թե ինչպիսի դիմելաձևով էր Սերժ Սարգսյանը դիմում կառավարության անդամներին: Բայց կարծում ենք՝ ուշադրության պետք է արժանանար նաև Ս. Սարգսյանի տոնն ու դահլիճի արձագանքը նրա հայտարարություններին: Արձագանքը, բնականաբար, արտահայտվում էր մեղավոր լռության տեսքով:

Սերժ Սարգսյանը կառավարությանը մեղադրում էր այնպիսի արարքների մեջ, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են ազատազրկման կլորիկ տարիներ: Նա, սակայն, անվանապես որևէ մեկին չէր դիմում ատկատների մասին խոսելիս, այսինքն` խոսում էր երևույթի մասին: Սակայն խոսում էր այնպիսի տոնով, ինչպես կխոսեր առնվազն հանցագործության մեջ կասկածվողների հետ:

Խնդիրն ամենևին կառավարության անդամների, վարչապետի անմեղությունը կամ մեղավորությունը չէ: Ավելին` կարծես միայն Սերժ Սարգսյանն է նոր իմացել, որ այդ կառավարությունը 4 տարի շարունակ զբաղվում է ատկատներով և այլ արատավոր երևույթներով: Հայաստանում այդ մասին հայտնի էր բոլորին:

Բայց, եթե Ս. Սարգսյանը խոսում է նման տոնով, ապա կամ նրա հայտարարություններին պետք է հաջորդեն քրեական գործեր ու ձերբակալություններ, կամ պետք է արձանագրել, որ նա կանխամտածված հեղինակազրկում էր առանց այդ էլ՝ հեղինակազրկված կառավարությանն ու վարչապետին:

Սակայն այդ հարցում մեղադրել միայն Սերժ Սարգսյանին՝ ազնիվ չի լինի:

Կառավարության Նիստերի դահլիճում նստած մի քանի տասնյակ տղամարդ-պաշտոնյաներից որևէ մեկը չհամարձակվեց թեկուզ ձևականորեն հակադրվել Ս. Սարգսյանին: Եթե գոնե՝ ոչ հակադրվել, ապա փորձել պարզաբանել նրա մեղադրանքներից որևէ մեկը կամ հակափաստարկներ ներկայացնել: Սակայն նման բան, բնականաբար, տեղի չունեցավ:

Մեռելոցի նախօրեին կառավարության Նիստերի դահլիճում մեռելային լռություն էր տիրում, որտեղ լսվում էր միայն Սերժ Սարգսյանի ջղային ձայնը: Զավեշտը հասավ այնտեղ, որ նախարարի պաշտոն զբաղեցնողները չհամարձակվեցին Ս. Սարգսյանին ուղղել անգամ փաստական սխալի դեպքում: Ս. Սարգսյանը` դիմելով, մասնավորապես, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին (Դերո) և Կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին (նրան դիմելիս որևէ անուն չարտաբերեց), ասաց` արդեն 5-6 ամիս է՝ աշխատում եք:

Նրանցից որևէ մեկը չհամարձակվեց ասել` հարգելի պարոն նախագահ, ոչ թե 5-6 ամիս ենք աշխատում, այլ Ձեր հրամանագրով նախարարի պաշտոնում նշանակվել եմ ընդամենը հունիսի վերջին և աշխատում եմ 3-3.5 ամիս:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե նրանցից որևէ մեկը նման համարձակություն դրսևորեր: Թերևս՝  ոչինչ: Ու հաստատ Սերժ Սարգսյանը չէր նրանց նախապես հանձնարարել պապանձված նստել ամբողջ ընթացքում:

Այս պատմությունն, ի դեպ, շատ է հիշեցնում հայտնի «Խաղալիք» ֆիլմի այն տեսարանը, որտեղ «չար շեֆի» դերում հանդես եկող Ռամբալե դե Կոշեն իր` պատկառելի տարիքի աշխատակիցներից մեկին հրամայում է հանվել և մերկ անցնել ամբողջ գրասենյակով: Երբ վերջինս հնազանդվելով՝ սկսում է հանել տաբատը, «չար շեֆը» հարցնում է` հիմա ո՞վ է մեզանից ավելի վատը` ե՞ս, որ քեզ հրահանգում եմ նվաստանալ, թե՞ դու, որ պատրաստ ես այդ քայլն անել:

Բայց այս ողջ պատմությունը ևս մեկ կարևոր հանգամանք ի ցույց դրեց: Խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյաների անկախության, իրակա՛ն անկախության  մասին է: Օրինակ, ցանկացած բանական գլխում այդ խորհրդակցությունից հետո ծագած  առաջին միտքն այն էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նվազագույն արժանապատվություն ունենալու դեպքում, պետք է շնորհակալություն հայտներ Ս. Սարգսյանին և հրաժարականի դիմում ներկայացներ:

Վստահաբար կարելի է պնդել, որ այդ գաղափարն էր սավառնում նաև Տիգրան Սարգսյանի մտքում այն ողջ ընթացքում, երբ նա գլխահակ լսում էր Սերժ Սարգսյանի նախատինքը: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք արժանապատվությունը, ապա քաղաքական պարզագույն հաշվարկը բավարար է` հասկանալու համար, որ վարչապետի պաշտոնում Տ. Սարգսյանի մնալն այլևս որևէ հեռանկար չունի:

Սերժ Սարգսյանն այդ խորհրդակցությամբ հիմք ստեղծեց ցանկացած պահի նրան պաշտոնանկ անելու համար:

Նման իրավիճակում ամենևին նշանակություն չունի՝ այդ պաշտոնանկությունը կլինի հաջորդ շաբա՞թ, թե՞ հաջորդ ամիս: Ակնհայտ է միայն այն, որ դա տեղի է ունենալու, և Տ. Սարգսյանը, լավագույն դեպքում, պաշտոնավարելու է մինչև նախագահական ընտրություններ:

Այդ խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը զրոյի հավասարեցրեց նախագահական ընտրություններից հետո  Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում մնալու ամենատեսական ու վերացական հնարավորությունն անգամ: Բնականաբար, այս ամենը քաջ գիտակցում է նաև Տիգրան Սարգսյանը:

Վստահաբար,  գիտակցում է նաև, որ հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում կարող էր նույնիսկ որոշակի հեղինակություն ձեռք բերել, ինչն էլ կարող էր հետագայի համար, թեկուզ փոքր, բայց քաղաքական կապիտալ համարվել:  Այդ դեպքում ինչո՞ւ  Տ. Սարգսյանը չգնաց այդ քայլին: Հաստատ՝ ոչ այն պատճառով, որ մի քանի օր վարչապետի աշխատասենյակում ավելի նստելու ցանկությունը մթագնել է նրա բանականությունը: Ամենևին:

Պարզապես, Տ. Սարգսյանն անգամ սեփական անձի, սեփական ճակատագրի վերաբերյալ սուվերեն որոշում կայացնելու իրավասություն չունի: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ նման բան տեղի ունենար, այդ նիստից հետո նա հեռանար կառավարությունից, նախապես մշակված ու հաշվարկված այդ շոուն կդառնար ոչ թե՝ Սերժ, այլ՝ Տիգրան Սարգսյանինը:

Այդպիսով, Տ. Սարգսյանը կարող էր խառնել առաջիկա ներքաղաքական զարգացումների բազմաթիվ սցենարներ ու պայմանավորվածություններ, այսինքն` դեմ գնալ իշխող համակարգին: Սակայն համակարգը նրան վարչապետի պաշտոնում 4 տարի շարունակ չի հանդուրժել՝ վերջում դրանից դիվիդենտներ ստանալու համար, ուստի համակարգը նրան զրկել է նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Այնպես որ, Տ. Սարգսյանին այլ բան չէր մնում, քան սթափվել: Բացառված չէ, որ՝ նախապես կայացված որոշման շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս