«Նախագծում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լիագումար նիստի ընթացքում մեր գործընկերները կներկայացնեն». Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբկացության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ երեկ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ վերաձևակերպումների մասով որոշակի հարցեր ունեն:

«Նախագծում առաջինից երկրորդ ընթերցում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լիագումար նիստի ընթացքում մեր գործընկերները մանրամասն կներկայացնեն: Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, փարատել են իմ և գործընկերներիս մտահոգությունները: Այստեղ գլխավորը հավասարակշռված կետը գտնելն էր մարդու իրավունքների, ազատությունների և առողջապահական նպատակների միջև, և հասկանալի է, որ առողջապահական նպատակներին հասնելը մարդու իրավունքների որոշակի սահմանափակում է ենթադրում, ուստի նախագիծն այն տեսքով, որը ներկայացվել է երկրորդ ընթերցման, մեր խմբակցության պատգամավորներին բավարարում է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց Բաբկեն Թունյանը:

Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե գաղտնալսմանը կամ հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթանալուն, այլ հեռախոսազանգ կատարելու փաստին:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սուրեն Գրիգորյանը, նշեց, որ, ի տարբերություն գործընկերների՝ անձամբ նախագծի վերաբերյալ որևէ մտահոգություն չի ունեցել, հատկապես որ, մտահոգությունների հետ կապված նախագիծը Պետաիրավական հանձնաժողովում դիտարկվել է, և հնարավոր է՝ այդ մտահոգությունները նախատեսված փոփոխություններով փարատվեն:

Նա նաև նշեց, որ նախագծի սկզբունքային կետերից մեկը չի փոխվել, այն է, որ հեռախոսազանգերի բովանդակությանը չեն անդրադառնալու:

«Որևէ մեկին անհրաժեշտ չէ լսել խոսակցության բովանդակությունը, սա որոշ առումով հավելյալ տեղեկատվութուն ստանալու գործիքակազմ է, քանի որ այս ընթացքում, երբ համապատասխան մարմինները փորձել են բացահայտել վարակակրի շփման շրջանակը, նրա շրջապատը չի էլ թաքցրել, որ շփում եղել է, այսինքն՝ բավականին պատասխանատու են: Կառավարության որոշմամբ է ֆիքսվելու, թե ում մոտ է հավաքվելու տվյալները, և ով է դրանք ուսումնասիրության ենթարկելու, երբ որոշումը տեղի ունենա, բոլորը հնարավորություն կունենան գնահատելու՝ արդյո՞ք այն ճիշտ մարմնի է վստահվել»,- շեշտեց նա:

Նա նաև հավելեց, որ, ըստ օրենքի նախագծի՝ այդ բոլոր տվյալներն առավելագույնը մեկ ամիս հետո՝ արտակարգ իրավիճակից հետո, ոչնչացվելու են:

Տեսանյութեր

Լրահոս