«Ռեստորանային տնտեսություններն իրենց ֆերմաների խոզերն են մտցնում շուկա, որի պատճառով խոզի մսի գինը կնվազի». Հարություն Մնացականյան
«Ծաղիկ արտադրողները օդ ու ջրի նման վարկի կամ պետական ցանկացած աջակցության կարիք ունեն։ Ամենածանր վիճակում գտնվողները հիմա ծաղիկ արտադրողներն են»,- 168․am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
«Արդեն ռեստորանային տնտեսություններն իրենց ֆերմաների խոզերն են մտցնում շուկա, որի պատճառով խոզի մսի գինը կնվազի, բայց այս պարագայում կառավարությունը ոչ թե գյուղացիներին պետք է ֆինանսավորի, այլ վերամշակող կազմակերպություններին վարկավորի, որպեսզի այդ ավելցուկ խոզի միսը երկրորդային արտադրություն ստանալու համար կարողանան մթերել և բնականոն վիճակը պահել, որ խոզի մսի գինը շատ չիջնի։ Եթե 1600 դրամից ցածր իջավ, գյուղացին սկսելու է վնասով աշխատել, և ներկա վիճակում եղած խոզերի քանակը խիստ կկրճատվի»,- ընդգծեց գյուղատնտեսը։
Նրա խոսքով՝ Հայաստանում սպիտակ ցորենը գրեթե վերջացել է. «Շատ քիչ քանակ է մնացել։ Մի երկու շաբաթ էլ կվաճառվի, ու մենք մինչև հունիսի վերջ ձավար չենք ունենալու։ Գյուղացիները միշտ աճեցրել են այնքան, որ ամբողջ պահանջարկը բավարարել է։ Այս պանդեմիայի հետ կապված խուճապային առևտուրը, սպառողների կողմից պահեստավորումը բերել է սպիտակ ցորենի դեֆիցիտի։ Սպիտակ ցորեն հիմնականում ներկրվել է Ավստրալիայի կողմերից, բայց մինչև հասնի՝ 2-3 ամիս կանցնի, և այստեղ կաճեցնեն։ Ռուսաստանում գրեթե չեն աճեցնում. սպիտակ ցորենի բերքն այդքան էլ բարձր չէ և լավ որակի ալյուր չի ստացվում, դրանից հիմնականում ձավար, բլղուր են ստանում»։
Հաջորդ խնդիրը, ըստ նրա՝ կապված է ռուսական ռուբլու կուրսի հետ. «6,7 դրամից ցածրի դեպքում մեր ջերմատնային տնտեսությունները, որոնք արտահանում են կատարում Ռուսաստան, լուրջ խնդիրներ են ունենալու, էլի սկսելու են վնասով աշխատել»։
Հարցին՝ գյուղատնտեսական աշխատանքների վրա երկրում առկա արտակարգ դրությունը, տեղաշարժի սահմանափակումը որևէ ազդեցություն ունեցե՞լ է, նա պատասխանեց.
«Ընդհանրապես։ Ես շրջում եմ շրջաններում, ոչ մի էական ազդեցություն չի ունենում, հակառակը՝ գյուղացիների մոտ մտավախություն կա, որ սննդի դեֆիցիտ կարող է լինել, ինչը դրականորեն կարող է անդրադառնալ գյուղատնտեսության վրա, եթե իրացումն էլ նորմալ կազմակերպվի, ավելցուկ չի չլինի»։
Հարություն Մնացականյանն ընդգծեց, որ այս պահին լուրջ խնդիր ունեն Գեղարքունիքի մարզի կարտոֆիլագործները.
«Իրենց հաշվարկով՝ մոտ 3000 տոննա կարտոֆիլ չեն կարողացել իրացնել։ Դեռ օգոստոսի վերջին կոչ էի անում կարտոֆիլը չպահել, քանի որ գինը չի թանկանալու, որոշ մարդկանց ապոկալիպտիկ կանխատեսումներին չլսեն, չհավատան, փաստի առջև չկանգնեն, այլապես դրսից կներմուծվի, կիրացվի, վերջում գարնանը կկանգնեն փաստի առջև, բայց չլսեցին, և այդպես էլ եղավ»։
Նա նաև նշեց, որ կարտոֆիլի վատ որակի սերմացուներն են ներկրվում, ինչի արդյունքում բերքն էլ է վատը.
«Այս տարի նորմալ որակի կարտոֆիլ ես գրեթե չեմ տեսել շուկաներում, բոլորի որակը ցածր է»։