Արսեն Թորոսյանը, Նուբար Աֆեյանը, Արա Դարզին կմասնակցեն COVID-19-ի թեմայով առցանց վեբինարին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Դոկտոր Նուբար Աֆեյանը և IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կմասնակցեն կորոնավիրուսի առնչությամբ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին: Վեբինարը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 15:00-ին և կհեռարձակվի Futures Studio քննարկումների հարթակում:
Քննարկման մասնակիցները կկիսվեն իրենց տեսակետներով, թե ինչպես է շարունակվող համավարակն ազդում առօրյա կյանքի տարբեր ասպեկտների վրա, կքննարկեն գալիք սոցիալական, տնտեսական, քաղաքական, վարքագծային և այլ փոփոխությունները, որոնք պետք է կանխատեսել և պատրաստ լինել դրանց համատեղ լուծմանը առաջիկա ամիսների և տարիների ընթացքում:
«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին կմասնակցեն նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին և «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 550 հազարը: Մահացածների թիվն անցնում է 24 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 128 հազար 701: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: