Մարտի 13-25-ը գործազուրկ դարձած մինչև 14 տարեկան երեխա ունեցող ծնողները միանվագ նպաստ կստանան
Մինչև 14 տարեկան երեխա ունեցող և 2020 թվականի մարտի 13-25-ը գործազուրկ դարձած ծնողները միանվագ նպաստ կստանան։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա միանվագ սոցիալական աջակցություն է անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: «Միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա, և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած, միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում»,- ասաց Բաթոյանը:
Նախարարը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կամ 100 000 դրամի սահմաններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ ծրագրից ոչ կարիքավորները չօգտվեն: Ինչ վերաբերում է այլ խմբերին օգնություն տրամադրելուն, ապա վարչապետն ասաց. «Պետք չէ մեզ հիշեցնել՝ ովքեր կան ՀՀ-ում, մենք բոլորի մասին գիտենք, ոչ մեկի մասին չենք մոռացել, քայլ-քայլ օրակարգը ձևավորված է, գնում ենք առաջ»։
Վարչապետը կառավարության անդամներին կոչ արեց բոլոր 5 ծրագրերով աշխատել օր ու գիշեր, շաբաթ-կիրակի: «Չորեքշաբթի առավոտյան՝ ժամը 9:00-ից, այս բոլոր ծարգրերը պետք է հասանելի լինեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ունեն բոլոր այն անձանց տվյալները, որոնք այդ ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից և հավելեց, որ պետական ծառայողներին, 500 հազարից ավելի աշխատավարձ ստացողներին սա չի վերաբերում։ Իսկ թե նրանցից քանիսը մինչև 14 տարեկան երեխա ունեն, դեռևս հասանելի չէ։
Վարչապետն ասաց, որ դրա համար դիմում պետք չի լինի, սակայն, եթե մարդիկ կունենան խնդիր, կարող են դիմել նախարարություն։ «Մենք հիմա մինչև 14 տարեկան երեխա ունեցողներինն ենք արագ լուծում, մնացածի մասով դեռ որոշում կկայացնենք։ Հաջորդ չորեքշաբթի օրը մարդիկ կարող են այդ գումարը ստանալ։ Եթե մարդը քարտ ունի, մենք գիտենք դրա տվյալները, ավտոմատ կարող ենք փոխանցել այդ հաշվեհամարներին»,- ասաց վարչապետը։