«Գյումրիում կորոնավիրուսի դեպքերը շատ չեն, կարելի է հաշվել մեկ կամ երկու ձեռքերի մատներին». Արսեն Թորոսյան
Ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ այն բոլոր բուժաշխատողների համար, որոնք կորոնավիրուսի դեմ հսկողություն են իրականացնում և բուժում վարակվածներին, ապահովվում է լավ կենցաղային պայմաններ՝ սնունդ, տրանսպորտային միջոց՝ տուն կամ հյուրանոց հասնելու համար, քանի որ կան բժիշկներ, որոնք որոշել են ապրել հյուրանոցում՝ անվտանգության կանոններից ելնելով:
«Վերապատրաստում ենք նաև բուժաշխատողների, եթե չեմ սխալվում, արդեն վերապատրաստել ենք 50 բժիշկների՝ հերթափոխ իրականացնելու համար, այս գործընթացը շարունակական է, որի մասին հայտարարել եմ: Ես երեկ ֆեյսբուքյան գրառմամբ ցույց էի տվել, թե ինչպես է մեր Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունենում բժիշկների հերթական վերապատրաստումը, որոնք պետք է կա՛մ հերթափոխ վերցնեն այս պահին ծանրաբեռնված բժիշկներից, կա՛մ զրոյից սկսեն մատուցել ծառայություններ»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանը կորոնավիրուսի թեստերի պակաս չունի, դրանց քանակը բավարար է, ավելին՝ շարունակում են դրանք ձեռք բերել: Մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը:
«Այսօր կամ վաղը կլինի քարտեզ, նշված կլինեն Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի դեպք: Գյումրիում նման դեպքերը շատ չեն, կարելի է հաշվել մեկ կամ երկու ձեռքերի մատներին, նրանք մեկուսացված են, նրանց շփման շրջանակը պարզվել է, և նրանք ևս մեկուսացված են: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում են նաև այլ շրջանների բնակիչներ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը»,- նշեց նախարարը:
Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ մարզերը չեն կարող ունենալ թեստեր, դրանք կարող է ունենալ միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն ունի բավարար հզորություն այդ թեստերն անելու համար:
«Թեստեր ունեն այս կենտրոնի Վանաձորի և Գյումրու մասնաճյուղերը, որոնք ունեն կենսաանվտանգության բարձր մակարդակ, ունի նաև Կապանի մեր մասնաճյուղը: Ինչ վերաբերում է «Ռապիդ» թեստերին, ապա դրանք ոչ ճիշտ կողմնորոշիչ թեստեր են»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:
Հարցին՝ կենդանիների, մասնավորապես՝ որսի կենդանիների միսն ուտելիս հնարավո՞ր է կորոնավիրուսի փոխանցում, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ դեռևս նման դեպք նկարագրված չկա: