Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողը պնդում է, որ իրեն հալածում են
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Կարգաբանության բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանն ահազանգում է՝ արդեն մի քանի ամիս է՝ իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրում ինստիտուտում, իսկ պատճառն այն է, որ 2018 թվականի տարեվերջյան հաշվետու ժողովի ժամանակ ասել է, թե շենքերն ունեն վերանորոգման կարիք, մանրահատակն ամբողջությամբ պոկված է:
«2006 թվականից աշխատում եմ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտում, աշխատանքային տարիների ընթացքում կոլեկտիվի հետ կոնֆլիկտներ չեմ ունեցել, տիրել է նորմալ աշխատանքային մթնոլորտ: 2018 թվականի տարեվերջյան հաշվետու ժողովի ժամանակ ասել եմ, որ շենքերն ունեն վերանորոգման կարիք, մանրահատակն ամբողջությամբ պոկված է: Այդ օրվանից սկսվեցին հալածանքներն իմ նկատմամբ: Այսինքն՝ ես ի՞նչ իրավունք ունեի այդ մասին բարձրաձայնել: 2019 թ. փետրվարին հին տնօրենը դարձավ ինստիտուտի գիտական ղեկավար, տնօրեն դարձավ Անահիտ Ղուկասյանը: Հալածանքները հասան գագաթնակետին։ Նամակով դիմեցի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ տեղեկացնելով ինստիտուտում և բուսաբանական այգում ապօրինությունների մասին, այն է՝ ավելորդ հաստիքներ պահելը, ապօրինի գործուղումները, մուտքավճարների յուրացումը և խնդրեցի աուդիտ անցկացնել: Դիմումիս հաջորդեց կոլեկտիվի ժողով, որտեղ վրաս բղավում էին, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշն էլ «ստուկաչ» անվանեց ու ասաց, որ ես իր համար գոյություն չունեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերինե Սարգսյանը՝ հավելելով, որ միջադեպից մի քանի օր անց Գ․ Ֆայվուշը վարկաբեկող նամակ է գրել իր մասին, իբր թե հարձակվում է մարդկանց վրա, պետք է կոլեկտիվից առանձնացնել։
«Կայացավ Լինչի դատաստան՝ գոռգոռոցներով, անպատվելով: Պահանջեցի՝ այդ նամակը տան, որպեսզի տանեմ Մարդու իրավունքների պաշտպանին՝ չտրամադրեցին: Այս ընթացքում նույնիսկ բաժակով ջուր է շփել վրաս քարտուղարուհի, կադրերի բաժնի պետ՝ տնօրենի օգնական Լենա Խանամիրյանը, ով հանդիսանում է ներկայիս տնօրեն Ա.Ղուկասյանի մտերիմ ընկերուհու աղջիկը, և նույնիսկ բանավոր նկատողություն չստացավ իր արարքի համար: Մարտի 4-ին կայացավ կոլեկտիվի հերթական ընդհանուր ժողովը, որտեղ լսում էին Ֆայվուշի գրած հերթական՝ ինձ վարկաբեկող նամակը։ Ողջ ժողովն իրենք տեսանկարահանել են: Կոլեկտիվի որոշ անդամներ մրցում էին իրար հետ, թե ով ավելի բոցաշունչ ճառ կասի իմ դեմ՝ ղեկավարությանը դուր գալու համար: Սա ինկվիզիցիայի տարիներն է հիշեցնում: Արդեն մի քանի ամիս է՝ իմ նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրում: Դեռ հուլիս ամսին նախկին տնօրենի կինը՝ տիկին Ալվարդը, ինձ զանգել և սպառնացել էր, որ գնամ հետ վերցնեմ դիմումս՝ ասելով, թե ես չեմ պատկերացնում, թե ինչ հոգեբանական ճնշումների եմ ենթարկվելու»,- պատմեց Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողը։
Մերինե Սարգսյանի խոսքով՝ աշխատավայրում վախի մթնոլորտ կա, շատերին իր դեմ են տրամադրում։
«Ոմանք վախենում են, որ, եթե իրենց կողքին չկանգնեն՝ թոշակի կուղարկեն, մյուսները վախենում են, որ կտապալվի դիսերտացիաների պաշտպանությունը: Այնինչ, մի քանի ամիս առաջ այդ նույն աշխատողները շատ ջերմ շփվում էին ինձ հետ: Հիմա էլ կան կոլեգաներ, որոնք շփվելիս աշխատում են շատ աչքի չընկնել: Կարծես ստալինյան ժամանակները լինեն՝ մարդկանց ստիպում են ինձ հետ չշփվել: Ես ոչ մեկին ոչնչով չեմ նեղացրել:
Ոչ մի լուրջ կոնֆլիկտ չի եղել: Պարզապես ես ոսկորի պես կանգնած եմ որոշ մարդկանց կոկորդին, ու չեն կարողանում ապօրինություններ անել: Իմ միակ մեղքն այն է, որ բարձրաձայնել եմ պետության թալանի մասին, իսկ Ֆեյսբուքում գրել, որ ինստիտուտում փակ գաղտնի քվեարկության ընթացակարգը չեն պահպանում: Ինձ արգելում են սոցիալական ցանցում ինստիտուտի պրոբլեմների մասին գրել, իբր խայտառակում եմ ինստիտուտը: Տասնյակ տարիներով թալանված այգում չկա ոռոգման, հրդեհները մարելու համակարգ, ինստիտուտը չունի կոյուղի, պատուհանները կիսավեր են, պատերն իրենց վրա կրում են ձնհալից կտուրներից շենք լցված հալոցքների հետքերը: Ու այդքանից հետո կոլեկտիվը պաշտպանում է ինստիտուտը թալանածին, իսկ դրա մասին բարձրաձայնողին, ով ասում է՝ պետք է ինքնամաքրվել ու առաջ շարժվել՝ հալածում են:
Հիմա էլ ինչ-որ նամակ պետք է գրեն, աշխատողներն էլ ստորագրեն, չգիտեմ էլ բովանդակությունը: Համարում եմ, որ Բուսաբանության ինստիտուտում տիրող ատելության ու իմ դեմ տրամադրելու գործողությունները ոտնահարում են իմ և իմ աշխատանքային իրավունքները»,- նշեց գիտաշխատողը՝ հայտնելով, որ նամակով դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ իր քաղաքացիական պարտքն է կատարել՝ հայտնելով պետության թալանի մասին ու դրա համար, արդեն մի քանի ամիս է՝ հալածվում է ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ղեկավարության կողմից։
Հ․Գ․ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի մյուս աշխատակիցների հետ կապ հաստատել չստացվեց, հետևաբար՝ նրանց արձագանքը կներկայացնենք ավելի ուշ։