Ծեծկռտուք, դանակահարություն Արտաբույնք գյուղում
Մարտի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Արտաբույնք գյուղի 44-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին:
Ավելի ուշ նույն գյուղից, քերծվածքներով ու սալջարդերով, ևս երկու տղամարդ հիվանդանոց տեղափոխվեց։
Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները զրուցեցին բժիշկների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների հետ, ճշտեցին՝ ով, որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքներ ստացել, կազմեցին համապատասխան արձանագրություններ։
Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզեց, որ երեքն էլ մարմնական վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Արտաբույնք գյուղի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։
Ծեծկռտուքի ընթացքում Արտաբույնք գյուղի 40-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 44-ամյա համագյուղացուն, որն էլ, ըստ նախնական տվյալների, մինչ այդ երկաթե խողովակով խփել էր նրա եղբոր գլխին։ Նախ դանակահարվածն էր բուժօգնության դիմել, այնուհետև՝ եղբայրները։
40-ամյա տղամարդը հիվանդանոցից բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Դանակը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։