Ահազանգ. Լենուղի գյուղը մանկապարտեզ չունի
Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղը մանկապարտեզ չունի, ինչի պատճառով կանայք չեն կարողանում աշխատել: Երեխաների խնամքը թույլ չի տալիս երիտասարդ կանանց աշխատել և ինչ-որ կերպ հոգալ իրենց ընտանիքի հոգսերը: «Ընտրությունների ժամանակ եկան, խոստացան, որ մանկապարտեզ կկառուցեն, բայց ոչ մի բան էլ չեն անում: Դպրոցի շենքում են սենյակ հատկացրել, այն էլ ընդունում են միայն 4 տարեկանից բարձր երեխաների: Ես ունեմ երկու երեխա՝ 3.5 և 1.5 տարեկան: Դուրս եմ գալիս աշխատանքի, բայց ամբողջ միտքս երեխաներս են: Թողնում եմ սկեսուրիս խնամքին, բայց եթե խոստումները տվել են, թող գոնե տարրական պայմաններով մանկապարտեզ սարքեն: Կարողանանք մեր երեխաներին տանել»,- ասում է կինը (ում անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում):
Այս խնդրի առնչությամբ զրուցեցինք Լենուղի գյուղի գյուղապետ Գեղամ Ղազարյանի հետ, ով հարցին, թե ինչո՞ւ գյուղը մանկապարտեզ չունի, պատասխանեց. «Բյուջե չկա: Գյուղն ունի 28 մլն դրամ բյուջե, իսկ մանկապարտեզ սարքելու համար 15-20 մլն դրամ գումար է հարկավոր»:
Նշենք, որ գյուղի նախկին մանկապարտեզի շենքը վթարային վիճակում է, որն անհրաժեշտ է հիմնովին կառուցել: «ԱԺ ընտրությունների ժամանակ եկան, խոստացան, որ կօգնեն կառուցել, բայց այդպես էլ մնաց: ՄԱՊ-ն էր խոստացել օգնություն հատկացնել, բայց մասնագետները եկան-ասացին, որ շենքը վթարային է, և այն պետք է քանդվի և նորից կառուցվի: Շատ ծախսերի պատճառով, աշխատանքներն անգամ չսկսվեցին»,- ասաց գյուղապետը:
Ըստ գյուղապետ Գեղամ Ղազարյանի՝ գյուղն ունի շատ այլ խնդիրներ ևս, իսկ տարվա կտրվածքով գյուղի բնակիչները վճարում են առավելագույնը 9-10 մլն դրամ հարկ, ինչը շատ քիչ է գյուղի կարիքները հոգալու համար: Ըստ գյուղապետի, գյուղի բնակիչները չեն վճարում իրենց տարեկան հարկերը, ինչը հանգեցնում է բյուջեի նվազման:
Գյուղապետի խոսքով՝ դա է պատճառը, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվում գյուղում որևէ հանրային կառույց կառուցելու համար: