Մեծ պահքի ոսկե շրջանը
«Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»:
Մատթեոս Դ 4
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բացի տոնական օրերից ունի նաև պահոց օրեր: Այդ օրերը հոգևոր կյանքի համար չափազանց կարևոր են և խիստ անհրաժեշտ: «Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» (Հռոմեացիներ Ը 13): Հետևապես շատ կարևոր է ոչ միայն սննդից ուղղակի հրաժարվել, այլ ամբողջ հոգով, առ Աստված աղոթքով զինված պահք պահել, այսինքն՝ սնվել կենդանի հացով՝ Աստծո խոսքով: Եվ այս առումով, իբրև մեծ օգնություն հոգևոր պահեցողության համար, նշանակալի է հատկապես Մեծ պահքի ոսկե շրջանը, որն իր մեջ ընդգրկելով հատուկ խորհուրդ ներկայացնող կիրակիների շղթան, մարդուն հնարավորություն է ընձեռում վերստին անդրադարձ կատարելու սեփական անձին: Մեծ պահքի կիրակիները վեցն են՝ Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան, որոնց համար իբրև ամփոփող պսակ հանդես է գալիս յոթերորդ կիրակին՝ Ծաղկազարդը, որի գագաթնակետն էլ արդեն Սուրբ Հարության կիրակին է:
Մեծ պահքի ոսկե շրջանը մի գեղեցիկ ճանապարհ է, որի հանգրվանը Հարության ուրախությունն է:
Մեծ պահքի առաջին կիրակին Բուն բարեկենդանն է, որ առաջացել է «բարի» և «կենդանություն» բառերից և խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտի անհոգ և ուրախ կյանքը: Այն մուտքն է Մեծ պահքի: Մենք հիշատակում ենք երանելի այն վիճակը, որն ապրել են մեր նախահայրն ու նախամայրը, ինչի համար էլ այդ օրը դեռևս ուտիքի օր է և միայն երեկոյան ժամերգությունից հետո է սկսվում պահեցողությունը: Մարդու համար չի կարող ավելի մեծ փափագելի իրողություն լինել, քան դրախտային երանությունը վերստին ապրելը, որի հնարավորությունը մեզ տրվեց Քրիստոսի մարդեղացմամբ: Պահեցողությունը հենց գալիս է դրախտից, որտեղ Աստված պատվիրել էր մեր նախածնողներին, որ չճաշակեն արգելված պտղից. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդոց Բ 16-17), սակայն վերջիններս չհնազանդվելով այդ պատվիրանին, խախտեցին պահքը, բերելով տրտմությամբ ու ցավով լի ծնունդ, կյանք և մահ: Բուն բարեկենդանի և նրան հաջորդող Արտաքսման կիրակիի միջոցով մենք հնարավորություն ենք ունենում մեր հիշողության մեջ թարմացնելու այդ բոլոր դեպքերը, քանզի ամեն ծառից ուտելու իրավունքն ունենալը հենց Բուն բարեկենդանն է, իսկ մեկ ծառից ուտելու արգելքը՝ պահքն է: Բարեկենդանի նախորդ օրը՝ երեկոյան ժամերգությանը, արդեն վարագույրով ծածկում են եկեղեցու խորանը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը դրախտից:
Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման, քանզի մեր նախածնողները, ունկնդիր լինելով սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց եղան և համտեսեցին արգելված պտղից, ինչի համար էլ Աստված նրանց արտաքսեց դրախտից. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր» (Ծննդոց Գ 23): Եվ Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու տղամարդուն: Խանգարվեց այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև և ապա` բնության ու մարդու միջև: Գործած մեղքերի պատճառով մարդը դարձավ մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեց ու դատապարտվեց դժվարին երկրային կյանքի՝ քրտնաջան աշխատանքով իր ամենօրյա հացը վաստակելու: Ողջ աշխարհը փոփոխության ենթարկվեց: Մեղքը մտավ աշխարհ, իսկ դրախտի հիշատակը մնաց միայն մարդու հիշողության մեջ:
Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ այդ օրն ընթերցվող Անառակ որդու մասին առակի անունով (Ղուկաս ԺԵ 11-32): Մեզանից ո՞վ երբևէ չի հայտնվել անառակ որդու կամ նրա ավագ եղբոր իրավիճակում: Ահա այս առակը վերստին լուսաբանում է մեզ համար Աստծո անսպառ և անսահման սերն ու ողորմածությունը, ինչին արժանանալու համար մեզ միայն հարկավոր է ի խորոց սրտի ապաշխարել և դառնալ դեպի մեզ սպասող մեր Երկնավոր Հայրը: Հայրն ուրախանում է ամեն մի մեղավորի համար, որն ապաշխարում է և դառնում դեպի լույսը: Իսկ դեպի լույսը տանող լավագույն ճանապարհը հոգու և մարմնի պահքն է, որը պետք է լինի սիրով, հույսով և հավատքով:
Չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի, որի անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Մենք Անառակ որդու նման վերադարձանք մեր Երկնավոր Հոր մոտ և այժմ պետք է տեսնենք, թե ինչպես կկարողանանք վարվել Աստծո տնտեսության հետ: Այս աշխարհում ոչինչ չկա մեզ պատկանող, անգամ մեր ծննդյան և մահվան հետ մենք առնչություն չունենք, իսկ այն ինչ որ մենք ձեռք ենք բերում մեր կյանքի ողջ ընթացքում, պետք է գիտակցենք, որ դա Աստծո կողմից տրված ընծա է, որն անհրաժեշտ է ճիշտ տնտեսել, ինչի մասին էլ մեզ ուսուցանում է հենց այս առակը, որտեղ մի մեծահարուստ՝ լսելով իր տնտեսի գործած անիրավությունների մասին, կանչում է նրան և պահանջում, որ ներկայացնի իրեն տրված տնտեսության հաշիվը: Հենց այս հատվածն արդեն իսկ հիշեցնում է մարդուն, որ մի օր ինքն էլ պետք է հաշիվ ներկայացնի, թե ինչպես է վարվել Աստծո կողմից իրեն տրված բարիքների հետ: Այսպիսով, տնտեսը կանչում է պարտապաններին և բոլորի ունեցած պարտքերը կրճատում, ինչի մասին տեղեկանալով մեծահարուստը՝ գովաբանության է արժանացնում: Շատերի մոտ թյուր տպավորություն է ստեղծվում, որ ծառան գովաբանության է արժանանում խաբեության համար, սակայն այսպես է միայն առաջին հայացքից, քանզի թափանցելով առակի բուն իմաստի մեջ, մենք հասկանում ենք, որ երբ տնտեսն իր ունեցածը վատնել էր սեփական անձի համար, խստորեն նրանից հաշիվ էր պահանջվել, բայց երբ նա իրեն տրված տնտեսությունից բաժին հանեց աղքատներին՝ արժանացավ գովասանքի: Այս առակում ներկայացված է Ավետարանի ողջ առանցքը, որն է՝ դիմացինին օգնելը և ունեցածից բաժին հանելը: Այսինքն՝ այն ինչ մեզ տրված է, պետք է կարողանանք ճիշտ գործածել և օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի՝ անիրավ դատավորի մասին առակի անունից: Այս կիրակիի գլխավոր խորհուրդն է ամեն ժամ կամ միշտ աղոթել և չձանձրանալ՝ ինչպես առակում ներկայացված կինը: Վկայակոչելով այս այրի կնոջ հետևողականությունը և անձանձրույթ դիմելը, Քրիստոս կատարում է հետևյալ ընդհանրացումը. եթե անիրավ դատավորը, որ մարդկանցից ամոթ չունի և Աստծուց էլ երկյուղ չունի, ահա այսպիսի մոտեցում դրսևորեց և, վերջիվերջո, անկախ խնդիրը լուծելու շարժառիթից, լուծման արժանացրեց այրի կնոջ խնդրանքը, ապա որքան ևս Երկնավոր Արդար Դատավորը պատրաստ պիտի լինի ընդառաջել մեր խնդրանքներին: Սակայն ամեն ժամ աղոթելը, անշուշտ, բառացի հասկանալ պետք չէ, այսինքն՝ դա չի նշանակում, որ մեկ վայրկյան իսկ չպետք է դադարեցվի աղոթելը, այլ պարզապես այն պետք է լինի հնարավորինս հաճախակի և առանց հուսահատվելու: Մեր Սուրբ Եկեղեցու հայրերից Ներսես Լամբրոնացին պատկերավոր կերպով ասում է, որ աղոթքը շարժումն է այն պարանի, որի ծայրին կապված զանգը հնչում է երկնքում:
Վեցերորդ կիրակին Գալստյան կիրակին է, որը մեզ հիշեցնում է Քրիստոսի գալն աշխարհ: Քրիստոս եկավ և մարդկությանը բարձրացրեց հոգևոր-բարոյական ավելի բարձր հարթակի: Քրիստոս իր վարդապետությամբ մարդկությանը ցույց տվեց ճշմարիտ ճանապարհը և տվեց շնորհներ՝ Իր ավանդած պատվիրանները կատարելու համար: Գալստյան կիրակին մեզ հիշեցնում է նաև Քրիստոսի Երկրորդ գալստյան մասին, որին հաջորդելու է աշխարհի վախճանը, ինչպես նշում է Մաղաքիա մարգարեն (հմմտ. Մաղաքիա Դ 1-5): Տիրոջ Երկրորդ գալստյան օրն անհայտ է մարդկանց՝ ըստ այս խոսքի. «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս ԻԴ 36): Եվ այս կիրակին մեզ հնարավորություն է ընձեռում վերստին հիշելու այդ ամենի մասին և մեր անձերը նախապատրաստելու Քրիստոսի հետ հանդիպմանը:
Այսպիսով, պետք է կարողանանք հոգու և մարմնի ճշմարիտ պահեցողությամբ հաղթահարել Մեծ պահքի այս ոսկե շրջանը, որպեսզի մաքուր սրտով և մաքուր բերանով կարողանանք ցնծությամբ և ուրախությամբ ասել. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն: Օրհնեալ, որ գալոցդ ես»:
Պատրաստեց` Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ