Բաժիններ՝

Վերահսկիչ պալատը գնումների գործընթացն համարում է բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործում

Թեև գնումների ոլորտում կատարվում են որոշակի բարեփոխումներ, այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ: Մասնավորապես` գները որոշվում են ոչ շուկայական մեթոդներով, և որպես հետևանք պետական գնումների գները փաստացի «շեղվում» են շուկայական գներից, գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն, արդյունքում՝ «իրական մրցակցությունը» տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ` արտամրցութային պայմաններում, մրցույթների մասնակիցները հիմնականում հանդիսանում են միջնորդներ, այլ ոչ թե տվյալ ապրանքի ներկրող կամ արտադրող, այսինքն` իրականացվում է  միջնորդավորված գնում, որն իր հերթին հանգեցնում է գների թանկացմանը, շինարարական նախագծերի անարժանահավատ տվյալների արդյունքում, նախահաշիվները կազմվում են ոչ իրատեսական գներով, հաճախակի խախտվում են կնքված պայմանագրերի պահանջները, արդյունքում պետության կարիքները լիարժեք չեն բավարարվում, գնումների գործընթացում միջոցներն օգտագործվում են ոչ խնայողաբար, անարդյունավետ:

Գնումների գործընթացի խախտման և բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում: Մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ճամբարակ» և «Ամասիա»տարածքային ստորաբաժանումների համար 2008 և 2011 թվականներին 14,680.0 հազ. դրամ ընդհանուր գումարով ձեռք բերված վարչական տարածքներն առ այսօր չեն օգտագործվում:
Նշված ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են նախապես վարձակալած տարածքներում` վճարելով տարեկան 151.5 հազ. դրամ վարձավճար: Ավելին, վարձակալած տարածքներում կատարել են 6,846.6 հազ. դրամի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Գործարքներն ամբողջությամբ դիտվում են անարդյունավետ: Օրինակ. Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները  կատարվել են անորակ, որի արդյունքում շուրջ վեց ամիս  անց ճանապարհը քայքայվել է և երթևեկության համար դարձել  դժվար անցանելի: Ծախսված գումարը դիտվում է որպես անարդյունավետ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում առանձին դեպքերում գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաև գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Այսինքն, միևնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել: Արդյունքում կատարվել է 32,958.8 հազ. դրամի անարդյունավետ ծախս:

«Վերահսկիչ պալատը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու գնումների գործընթացի կարգավարման և համակարգման խնդիրները»,-նշված է Վերահսկիչ Պալատի հաշվետվությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս