Լուկաշենկոն Մինսկի համար արդարացի է համարում 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաշխարհային շուկայի ներկայիս պայմաններում արդարացի է համարում իր երկրի համար մոտավորապես 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց: Այս գնահատականը նա տվել է փետրվարի 21-ին Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոյի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է բնական գազին, ապա այսօր Եվրոպայում, եւ դա ինձ ասել է ոչ թե մեր նախարարը, այլ ռուսաստանցի խոշոր ձեռնարկատերը, («Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր) Սեչինի հետ մենք խոսել ենք, նա էլ է գազով զբաղվում, գազը 110 դոլարից պակաս է: Դա այնտեղ՝ Եվրոպայում, բորսաներում: Ուրեմն մեզ մոտ այն մինչեւ 90 դոլարի սահմաններում է: Եթե վերցնենք համաշխարհային գինը»,- հայտարարել է պետության ղեկավարը, որի խոսքը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը: