Բաժիններ՝

Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը. Փաստինֆո

Խոսքի եւ մամուլի ազատությանը նոր փորձություն է սպասվում։ Քրեական օրենսգրքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել արդարադատության նախարարությունը, կարող է ազատ խոսքի գլխին կախված  նոր մահակ դառնալ ։

Մասնավորապես, նախագիծն առաջարկում է ընդլայնել սուտ մատնության հոդվածը։ Ըստ այդմ,  սուտ մատնություն կարող է համարվել  ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձանց մասին սուտ տեղեկություն տալը, այլեւ նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը  ԶԼՄ-ներում։

Մասնագետներն ահազանգում են՝ սա ուղղակիորեն կարող է հակադրվել խոսքի եւ մամուլի ազատությանը, ինչը սահմանադրորեն երաշխավորված է։

ՓՊ-ում ձեւավորված աշխատանքային խմբի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտեց՝ առաջարկվող կարգավորումը հետընթաց է եւ խիստ վտանգավոր։

«Ի տարբերություն գործող կարգավորման, որով սուտ մատնություն է համարվում  հանցագործության մասին տեղեկատվությունը, եթե անձը գիտակցել է, որ այդ տեղեկությունները սուտ են՝ իրականությանը չեն համապատասխանում, նախագծում այս հանցակազմի  դաշտը ընդլայնվել է եւ սուտ մատնություն է համարվում ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվություն հրապարակելը։ Այս լրացումը մտահոգիչ է, որովհետեւ գիտենք, որ  ԶԼՄ-ները իրենց տեղեկատվության աղբյուրը շատ դեպքերում չեն ցանկանում բացահայտել եւ տեղեկատվությունը ստանում են կոնկրետ  աղբյուրից։ Բնականաբար, նույնիսկ ամենաբարեխիղճ լրատվամիջոցի պարագայում կարող է լինել տեղեկատվություն, որը  ԶԼՄ-ն հնարավորություն չունենա ստուգել եւ չի բացառվում, որ աղբյուրը կարող  սխալվել կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն փոխանցել ԶԼՄ-ին եւ խնդիրն այն է, որ այդ տեղեկատվությունը  հերքվելու պայմաններում քրեական հետապնդմամբ թիրախավորվում է կոնկրետ լրագրողը »,-ասաց Արմինե Ֆանյանը։

Մասնագետը շեշտում է՝ մտահոգությունը կապված չէ  հնարավոր անբարեխիղճ դեպքեր հետ։

«Նախկինում տեղեկատվությունը սուտ մատնություն էր համարվում այն դեպքում, երբ հասցեավորված էր քրեական  հետապնդում իրականացնող մարմիններին, իսկ այս առաջարկվող կարգավորումը դառնում է այս կամ այն լրատվամիջոցին պատժելու զորեղ գործիք ցանկացած իշխանության համար»,-ահազանգում է Արմինե Ֆանյանը։

Մասնագետը շեշտում է՝  մամուլի ազատությունը երաշխավորում է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքը երաշխավորում է լրագրողի տեղեկատվության  աղբյուրի գաղտնիությունը։  Ընդ որում, երաշխիքն այնքան բարձր է, որ լրատվամիջոցը միայն դատարանի որոշմամբ  է պարտավոր հրապարակել աղբյուրը, այն էլ, այն դեպքում,  եթե խոսքը վերաբերում է ծանր կամ  առանձնապես ծանր հանցագործություններին եւ դեպքն այնպիսին է, որ դ աղբյուրի բացահայտումը ստորադասվում է հանցագործության բացահայտման շահին։

«Ստացվում է, որ մի կողմից երաշխավորվում է  մամուլի ազատությունը, երաշխավորվում է տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը, մյուս կողմից, ԶԼՄ-ն ամեն անգամ տեղեկատվութունը հրապարակելիս կարող է երկյուղել, որ հանկարծ քրեական պատասխանատվության հարց չառաջանա»,-ընդգծեց մասնագետը։

Արմինե Ֆանյանն ասում է՝ ամենաիդեալական իրավիճակում պետք է հիմնավորվի ԶԼՄ-ի մեղքը առ այն, որ նա իսկապես իմացել է, որ իր կողմից հրապարակվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, բայց մասնագետի խոսքով, առկա իրողությունների պայմաններում, խնդիրը  այդ բարձր չափանիշների ներք բացարձակ կերպով չեն կարող դիտարկել։

Նշենք, որ նախագծով պատիժ է սահմանվում տուգանքից մինչեւ ազատազրկում ընդհուպ մինչեւ 5 տարի ժամկետով՝ կախված ծանրացուցիչ հանգամանքներից։

Փաստաբանների պալատում ստեղծված աշխատանքային խումը արդեն հանդես է եկել նախագծի վերաբերյալ համապատասխան առարկություններով ու առաջարկություններով՝ ներառյալ նաեւ սուտ մատնության հոդվածը։

Աշխատանքային խումբն արդարադատության նախարարության առաջարկում է հրաժարվել  ԶԼՄ-ների մասով հոդվածը լրացնելուց կամ վերաձեւակերպել այն այնպես, որ մամուլի ազատությունն անխոցելի լինի։

Ամբողջությամբ՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս