Եթե ոչինչ չփոխվի՝ մեքենաներից մեկն այստեղ՝ Կառավարության մոտ կվառեմ, մյուսն էլ՝ ՊԵԿ-ի դիմաց. Ավտոներկրող
Ավտոներկրողների բողոքի ակցիան ավարտվեց: Նրանք խոստացան կիրակի ավտոմեքենաներով երթ անցկացնել:
«2019 թվականի օգոստոսի 1-ին գնել եմ 4 մեքենաները, ինձ հասել են դեկտեմբերի 31-ին, որովհետև վրացիներին իրենց մեքենաներն էին դատարկում, հետո՝ հայերինը: Ես վարկ եմ փակում, և հույսս այդ 4 մեքենաներն են, որոնք մնացել են Բագրատաշենի մաքսատանը: Չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեմ, եթե ոչինչ չփոխվի՝ մեքենաներից մեկն այստեղ՝ Կառավարության մոտ կվառեմ, մյուսն էլ՝ ՊԵԿ-ի դիմաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրողներից մեկը:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իրենք անցած տարի մեքենաներ են ներկրել, դրանք մինչև տարեվերջ չեն բեռնաթափվել, և հունվարի 31-ին մոտ 300 մեքենա դուրս է մնացել շուկայից: Դրանք բոլորը Բագրատաշենի մաքսատանն են:
«Մի քանի գրություն ենք հղել ՀՀ կառավարությանը, վարչապետին, որպեսզի թույլ տան դեռևս անցած տարի ձեռք բերած ավտոմեքենաները բերել: Երեք շաբաթ է՝ պատասխանի ենք սպասում: Չենք ցանկանում այդ 300 մեքենաները թողնել Վրաստանի տարածքում»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը: