Հայտնի են գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման ժամկետները
Հայաստանում 2020-ի գյուղատնտեսական տարվա համար սահմանվել են գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում պայմանագիրը կարելի է կքնել մինչև 2020 թվականի մարտի 25-ը, «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը:
Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում են թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզերում (Արարատ, Արմավիր):
Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով 5 ռիսկային գոտիների։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65 տոկոս՝ կախված ապահովագրական պրոդուկտից: