Բաժիններ՝

Ինչո՞ւ է զգուշավոր դարձել կառավարությունը

Հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերը պլանավորվել են մոտ 1,1 տրիլիոն դրամ՝ 2012թ. 1 տրլն դրամի համեմատ: Դեֆիցիտը նախատեսվում է 120 մլրդ դրամի չափով՝ 2012թ. 132 մլրդ դրամի համեմատ: Կառավարությունն իր այսօրվա նիստում  հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված 2013թ. պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշներին։

ՀՀ 2013 թ. պետական բյուջեի եկամուտները, ըստ նախնական գնահատականների, կկազմեն մոտ 1 տրլն դրամ՝ 2012 թ. նախատեսված 911 մլրդ դրամի համեմատ: Այդ թվում՝ հարկային եկամուտների պլանավորված չափն ավելացել է 88 միլիարդով՝ 2012 թ. 874 մլրդ դրամից հասնելով 962 մլրդ դրամի։

Հիշեցնենք, որ 2012թ. պետական բյուջեով հարկային եկամուտների չափը 2011-ի համեմատ ավելացել էր  100 միլիարդ դրամով, ինչը լուրջ քննարկումների առիթ դարձավ։ Մի շարք փորձագետների կարծիքով, լրացուցիչ 100 միլիարդը ծանր բեռ էր տնտեսության համար, որն ի վերջո կոտրվելու էր փոքր ու միջին բիզնեսի գլխին։ Անգամ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էր հրապարակային անհամաձայնություն հայտնել այդ ցուցանիշի առումով։

Այս անգամ, ինչպես արդեն նշվեց, հարկային եկամուտների չափը բարձրացվում է 88 միլիարդով։ Դժգոհություններ դեռ չկան. տեղեկատվությունը հայտնվել է ընդամենը մի քանի ժամ առաջ։ Սակայն չի բացառվում, որ լինեն, և նաև այդ հնարավոր դժգոհությունները կանխելու նպատակով՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի, անգամ՝ մի փոքր գերակատարումով: Մասնավորապես՝ 2012 թ. առաջին ութ ամիսների ընթացքում հավաքագրվել է 567,1  միլիարդ դրամ եկամուտ, որից հարկերը, տուրքերը և սոցվճարները կազմել են 550,1 մլրդ դրամ: «Բյուջեի կատարողականի փաստով կարող ենք արձանագրել, որ որևէ չկատարված և չվճարված ստանձնած պարտավորություն գոյություն չունի, միևնույն ժամանակ՝ եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի»,- նշել է Վ. Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ պետբյուջեի դեֆիցիտը տարվա վերջում մի քանի տասնյակ միլիարդով պակաս կլինի նախատեսվածից:

Կարդացեք նաև

Սակայն առաջ է գալիս մեկ այլ հարց՝ ինչո՞ւ է կառավարությունն այդքան զգուշավոր։ Եթե նախատեսվում է ունենալ 5-7% տնտեսական աճ և միևնույն ժամանակ՝ ստվերի կրճատում, ապա ինչո՞ւ հարկային եկամուտների պլանավորվող չափը 100 միլիարդից ավելի չէ։ Նշենք նաև, որ հարկային եկամուտների վրա, տնտեսական աճից բացի, ոչ պակաս կարևոր ազդեցություն ունի նաև փոխարժեքը։ Քանի որ բյուջեի զգալի մասը գոյանում է ներմուծման հարկումից, ապա դրամի արժեզրկումը հանգեցնում է բյուջեի մուտքերի աճի։ Իսկ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ դրամը պետք է սահուն ու կայուն կերպով արժեզրկվի։

Այս ամենը հաշվի առնելով, հարկերի ավելացումը 88 միլիարդ դրամով կարող է քննադատության արժանանալ արդեն մյուս տեսանկյունից՝ քիչ լինելու։ Կառավարության զգուշավորության մասին վկայում է այս պարզ համեմատությունը. նախորդ տարվա սեպտեմբերին 874 միլիարդ դրամը կազմում էր 2.343 միլիարդ դոլար (դոլարի միջին փոխարժեքը 373 դրամ էր)։ Այսօր, երբ ներկայացվել են 2013թ. բյուջեի նախնական ցուցանիշները, դոլարի միջին փոխարժեքը 412 դրամ է։ Այսինքն՝ հաջորդ տարվա համար նախատեսվող հարկային եկամուտների ծավալը՝ 962 միլիարդ դրամը, կազմում է շուրջ 2.334 միլիարդ դոլար։ Այսինքն՝ դոլարային արտահայտությամբ բյուջեն գրեթե չի աճելու։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս