«Չեմ բացառում, որ Արթուր Վանեցյանի շուրջ  ընդդիմադիր դաշտում ստեղծվի կոնսոլիդացիա». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ 2019 թվականը Հայաստանի համար տիպիկ հետհեղափոխական տարի էր, քանի որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունն ամբողջովին անցավ նոր քաղաքական թիմին։

«Թվում էր՝ սրանով հեղափոխության բուն քաղաքական մասն ավարտվել է, և այդ ամենը նախևառաջ պետք է արձանագրեր իշխանությունը։ Սակայն պետք է փաստել, որ ամբողջ 2019 թվականի ընթացքում մարդկանց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելը շարունակվեց։

Մարդկանց նման խմբերի բաժանելն արդյունավետ է, երբ ինչ-որ բան կազմաքանդում են, կարծում եմ՝ այդ մարտավարությունը զգալիորեն ազդեց նախորդ տարվա ընդհանուր մթնոլորտի վրա։

Ըստ իս, հենց այդ խոսակցություններն էլ ազդեցին ներդրումների վրա, քանի որ սաբոտաժային իրավիճակները վանում են ներդրողներին։ Այսինքն՝ մեծ ներդրումներ ու կապիտալ, որը խոստանում էին, Հայաստան չեկավ։ Նախորդ տարին իր տրամաբանությամբ ու հռետորաբանությամբ պետք է տարբերվեր 2018 թվականից, բայց այդպես չեղավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2019 թվականի քաղաքական տարին՝ նշեց Վիգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է 2020թ. սպասվող քաղաքական զարգացումներին, Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ բավականին բարդ տարի է սպասվում։

Ըստ նրա՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության ֆոնին՝ տարվա սկիզբն արդեն ցույց է տվել, որ ներքին իշխանական մարտավարությունը գուցե շարունակելու է՝ իներցիայով կամ մտածված նույնը մնալ, քանի որ փորձ է արվում նույնիսկ համաշխարհային մասշտաբի խնդիրը պրոյեկտել ներքին քաղաքական դաշտի վրա։

«Հիշում եք վարչապետի բավականին նյարդային մեկնաբանությունը՝ տնայնագործ գեոպոլիտիկների հետ կապված, ֆեյքերի, նրանց կապը նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ։ Սյսինքն՝ նույն իներցիան շարունակվում է»,- շեշտեց նա։

Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը նկատեց՝ 2020 թվականը ներքաղաքական առումով շատ հետաքրքիր է լինելու, քանի որ Սահմանադրությամբ իշխանությանը տրված կառավարման ժամկետը կիսվում է։

Վիգեն Հակոբյանը նաև հավելեց, որ 2023 թվականը սարերի հետևում չէ, երբ նախատեսված է անցկացնել խորհրդարանական ընտրություններ, ուստի կարծում է, որ մինչ այդ ընդդիմադիր դաշտում վերաֆորմատավորում է սկսվելու։

«Այն քաղաքական ուժերը, որոնք նպատակ ունեն որևէ արդյունքի հասնել ու գոյատևել, պետք է դիրքավորվեն դաշտում։ Ընդդիմադիր դաշտի վերաֆորմատավորումը երևի սկսվել է նախորդ տարվա աշնանը։ Կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտում մի քանի հատվածներ են լինելու, մի հատվածը նախորդ իշխանություններն են, որոնք հեղափոխության արդյունքում մեխանիկորեն դարձան ընդդիմություն՝ՀՀԿ-ն ՀՅԴ-ն, որոշ չափով՝ նաև փոքր կուսակցությունները։

Երկրորդ հատվածում տեղ են գտել նոր քաղաքական ուժերը, որոնք ձևավորվել են 2018-2019 թվականների ընթացքում, երրորդ հատվածն էլ կարող է ձևավորվել այն քաղաքական դեմքերի շուրջ, որոնց նկատմամբ առաջացել են որոշակի սպասումներ, օրինակ՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հիմա նրա գործողությունները կգնահատեմ՝ որպես բավականին զգույշ ու հստակ, որոնք փուլային են, և դրանցով նա կարծեք թե մտնում է քաղաքական դաշտ։ Չեմ բացառում, որ Արթուր Վանեցյանը կարող է դառնալ այն պակասող օղակն ընդդիմադիր դաշտում, որի շուրջ կարող է ստեղծվել կոնսոլիդացիա, որն այսօր ընդդիմադիր դաշտում շատ է պակասում։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում էլ հետաքրքիր կլինի, բայց առայժմ նրա պարագայում շեշտը դրված է ավելի շատ ինքնապաշտպանության վրա»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս