«Սա աղետ է։ ԱԱԾ-ին դա ստիպել են, և ստիպել է Փաշինյանը». Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած թիմով առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ ձեռքները հասցնել այնտեղ, որտեղ հնարավոր է, և մտնել այն ոլորտներ, որտեղ պետք է չմտնեն, օրինական՝ դատաիրավական համակարգ։
Ըստ Կիվիրյանի՝ Փաշինյանն ու իր թիմն իրենց այս գործելաոճով հերքում են ժողովրդավարության մասին իրենց իսկ պնդումները։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց վերլուծաբանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե իրենք «գործում են ժողովրդավարական պետության սկզբունքներին հավատարիմ»։
«Իրենք գնում են միահեծան իշխանության, իսկ ինչ վերաբերում է վարչապետի բերած տնտեսական թվերին, ապա մենք տեսնում ենք, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հորինում է հերթական սենսացիոն թիվը, թե մենք ինչպիսի աճ ունեցանք, սակայն, ի տարբերություն այդ թվի, մարդկանց սառնարաններում ուտելիքը չի ավելանում, մարդիկ էլ թվերով չեն սնվում։ Նիկոլ Փաշինյանն ու մյուս ընդդիմադիրները նախկինում քննադատում էին վիճվարչությանը, ասում էին՝ թվեր են նկարում, սակայն իշխանափոխությունից հետո փաստացի թողեցին այդ պրոֆեսիոնալ թիվ նկարողներին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը բավականին լավ օգտվում է պրոֆեսիոնալ թիվ նկարողներից»,- ասաց Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ այս կառավարությանը չի հաջողվել ապահովել կայունություն որևէ ոլորտում և, մասնավորապես, դատաիրավական համակարգում, իսկ ասվածի ապացույցը Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են և դատական իշխանությունն իր գերիշխանության տակ վերցնելու՝ Փաշինյանի նպատակը։
«Հրայր Թովմասյանին հարցաքննելու, որպես մեղադրյալ ներգրավելու պատճառն այն է, որ Թովմասյանը չի ուզում ՍԴ-ն հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն իր գերիշխանությունն է փորձում հաստատել ՍԴ-ում, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն էլ, մեկ է՝ ինչ աներ, Փաշինյանն իր այս ծրագրից չէր հրաժարվելու։ Արմեն Սարգսյանը դարձել է գործող իշխանության կամակատարը։ Իշխանափոխությունից հետո տեղի ունեցավ շատ հետաքրքիր ֆոկուս, և Նիկոլ Փաշինյանն ասաց, թե տեսել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին տեղեկանքը։ Նա դրանով լեգիտիմացրեց Սարգսյանին, և այդ լեգտիմացման գինը Արմեն Սարգսյանի լռությունն է և Նիկոլ Փաշինյանին ծառայելը»,- ասաց Կիվիրյանը։
Խոսելով իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին՝ Ա. Կիվիրյանը նկատեց, որ այդտեղ հաջողության հասնելուց հետո ԶԼՄ-ներն են կանգնելու Փաշինյանի գերիշխանության տակ հայտնվելու խնդրի առջև։
«Տեսեք՝ կալանավորվում է «5-րդ հեռուստաալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը։ Այստեղ դեր է խաղացել այն, որ Թավադյանը հանդիսանում է այն հեռուստաընկերության սեփականատերը, որը չի վերահսկվում Փաշինյանի կողմից։ Այդ կալանավորման համար կա մեկ հանգամանք ևս՝ Թավադյանը Ռոբերտ Քոչարյանի ընկերն է։ Հետաքրքիր է, որ Թավադյանին կալանքի սանկցա է տվել այն նույն դատավորը, որը ժամանակին դատել է Նիկոլ Փաշինյանին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանին այդ ժամանակ ընդդիմությունն ասում էր՝ «ապօրինություններ կատարող»։ Այս դատավորը, ըստ ընդդիմադիր Փաշինյանի, մի մարդ էր, որը պետք է տեղ չունենար նորմալ դատական համակարգում, բայց հիմա այն դատավորները, որոնք նախկին իշխանությունների պատվերներն էին կատարում, դարձել են Փաշինյանի սրտի դատավորը։ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգում հիմնվում է Մնացական Մարտիրոսյանի և նրա նման դատավորների վրա՝ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացնելով հաշվեհարդար»,- ասաց նա։
Արգիշտի Կիվիրյանն անդրադարձավ նաև ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրությանը, որտեղ անդրադարձել էր վարչապետի վարկանիշին։
«ԱԱԾ-ն իջեցրել են այն մակարդակի, որ դարձրել են սոցիոլոգիական հարցում անող գրասենյակ։ Սա աղետ է, և սա ցույց է տալիս՝ ինչ վիճակում է գտնվում երկիրը։ Այս ծառայությանը դա ստիպել են, և ստիպել է Փաշինյանը։ Տեսեք՝ ստացվում է՝ դու այնքան ես ընկել քո ռեյտինգի հետևից, որ մի ողջ կառույց վերածել ես կրկեսի և ծաղրուծանակի։ Ես ցավում եմ այն տղաների համար, որոնք աշխատում են այդ կառույցում»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում