«Գրառման ամբողջ վտանգավոր մեսիջը հենց սա էր. վարչապետը դրանով արդարացնում է իր այսօրվա հետապնդումները». Իշխան Սաղաթելյան
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 2008 թվականին արված տեսանյութ էր տեղադրել և կից գրել, որ այդ ժամանակ ինքը գտնվել է ընդհատակում, իսկ երբ Աննա Հակոբյանը ոչ զանգվածային երթ էր կազմակերպել Երևանի մայթերով՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, իշխանությունները խոչընդոտել են:
«Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը: Աննան այս ակցիաներն անում էր, որովհետև արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետև կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:
Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սերժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»,- գրել էր վարչապետը:
168.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեց՝ որպես նախկին իշխանության անդամ՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի այդ հայտարարությանը, արդյո՞ք իրենց «այսօրվա ազատության համար մոմ վառում են»։
«Չեմ կարծում, որ վարչապետի այս հայտարարությունը վերաբերում է Դաշնակցությանը։ Վարչապետի այդ գրառման մեջ մեկ ուրիշ վտանգավոր բան կար։ Նա իր հրապարակած տեսանյութով ցանկանում էր ասել, որ 2008 թվականին իր ընտանիքի անդամների նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել։
Ըստ այդմ, եթե վարչապետն այսօր իր քայլերն արդարացնում է նրանով, որ նախկինում հետապնդումներ են եղել, ուստի այսօր ինքը նույնպես պետք է անի, ապա ամեն ինչ շատ վտանգավոր է։ Այսինքն, եթե նախկինում սխալ բան են արել, այսօր վարչապետն իր սխալները դրանո՞վ է բացատրում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս համատեքստում Հայաստանում փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող.
«Այդ գրառման ամբողջ վտանգավոր մեսիջը հենց սա էր, որ վարչապետը դրանով արդարացնում է իր այսօրվա հետապնդումները»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։