«Ռեկտորի ընտրությունն օրհասական է բուհի համար». Դավիթ Ափոյան

Հունվարին ԵՊՀ ռեկտորի հաստիքի համար կհայտարարվի մրցույթ, մարտի կեսերին ԵՊՀ-ն նոր ռեկտոր կունենա: Մայր բուհում այսօր հոգաբարձուների խորհրդի նիստ էր: Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ նիստի օրակարգում ընդգրկված չէ ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպելու վերաբերյալ հարցը՝ նշեց, որ դա կախված է մի շարք տեխնիկական պատճառներից.

«Ռեկտորի ընտրության կանոնակարգում կետեր կան, որոնք այսօրվա իրավական և զարգացման ուղղություների տեսակետից հնացած են: Օրինակ, գրված է, որ մենք պետք է հայտարարություն տարածենք «Республика Армения»-ում, պետք է աշխատանքային գրքույկից քաղվածք բերի թեկնածուն, իսկ «աշխատանքային գրքույկ» գաղափարը չկա: Հասկանալի չէ, թե ինչպե՞ս պետք է խորհրդի անդամները 10 րոպեում հասկանան՝ բավարարո՞ւմ է պայմաններին թեկնածուն ու իր ծրագիրը»:

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը պնդեց, որ հենց այսօր քննարկվի ռեկտորի ընտրության հարցը, քանի որ բուհը կարիք ունի ռեկտորի, ով գիտի, որ հաջորդ հինգ տարիների համար ինքն է պատասխանատվություն կրելու:

«Մոտենում է մեր նախորդ ռազմավարական ծրագրի՝ 2016-2020-ի ավարտը: Բուհը շուտով պետք է մշակի հաջորդ հնգամյա ռազմավարական պլանը, որը պետք է ներկայացվի ամառվա ամիսներին, քանի որ նախորդը մինչև մայիս ամիս է: Նախապատրաստական աշխատանքներով պետք է զբաղվի մի մարդ, որը պատկերացնում է իրեն այդ մանդատը ստացած և առաջիկա 5 տարիներին բուհի ճակատագիրը որոշողի կարգավիճակում: Այս հարցը ես օրհասական եմ համարում բուհի համար»,- ասաց նա:

Առաջ քաշված տեխնիկական հարցերը Դավիթ Ափոյանն առաջարկեց լուծել տեղում՝ խորհրդի իրավաբանների օգնությամբ, և չհետաձգել ռեկտորի ընտրությունը: ՈւԽ նախագահի առաջարկությունը դրվեց քննարկման, մեծամասնությունը դեմ քվեարկեց: Այս հարցերը կքննարկվեն ԵՊՀ հոգաբարձուների հաջորդ նիստին, որը նախատեսվում է հունվարի 22-30-ն ընկած հատվածում:

168.am-ի հետ զրույցում Դավիթ Ափոյանը պնդեց՝ ընտրությունները հետաձգելու համար բերված պատճառներն իրեն չհամոզեցին.

«Այդ հարցերը խորը վերլուծության կարիք չունեին, և կարող էին ցանկացած պահի շատ թեթև, զուտ ֆորմալ քվեարկությամբ դրանք շտկել: Մենք  6 ամիս չենք հայտարարել ռեկտորի մրցույթ, այդ ամիսների ընթացքում մենք չէի՞նք նկատել, որ այդպիսի թերություններ կան: Դրանք ուղղակի առիթներ են, մենք բոլորս հասկանում ենք, որ ձգձգվում են ռեկտորի ընտրությունները, բայց, ցավոք սրտի, չենք ուզում ընդունել, որ դա ի վնաս բուհի է: Մարտը շատ ուշ է, ես համարում եմ, որ վեց ամիսն էլ (այսքան ժամանակ ԵՊՀ-ն ռեկտոր չունի) էր շատ»:

ԵՊՀ ՈւԽ նախագահի կարծիքով՝ Հոգաբարձուների խորհուրդը սպասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունմանը, ըստ որի՝ իջեցվելու է ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ գիտական աստիճանի շեմը:

«Եթե ներկայում պահանջվում է դոկտորի կարգավիճակ, ապա այնտեղ բավարար է առաջին կարգի գիտական կոչումը:  Դա արդեն իսկ խնդիր է, ես կարծում եմ, որ ռեկտորը պետք է լինի բարձր մակարդակի գիտնական, բարձր գիտական կոչում ունեցող գիտնական, բացի դրանից, գիտական աստիճանն իջեցնելով՝ մենք մեծացնում ենք հավանական  թեկնածուների շրջանակը,  իսկ հիմա ավելի սեղմ է: Չենք բացառում, որ ինչ-որ մեկի համար է դա արվում, գուցե հոգաբարձուների խորհրդի ներկայիս կազմի թեկնածուն չի համապատասխանում ստանդարտներին»,- կասկած հայտնեց Դավիթ Ափոյանը:

Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, որոնց թվում էր նաև բուհում նոր կենտրոններ ստեղծելու հարցը: Խորհրդի անդամներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը պնդեց, որ իրենց այս նախագծի մասին հիմնավորումներ չեն ներկայացվել, ինչի պատճառով հորդորեց հանել հարցն օրակարգից:

«Մենք ստացել ենք զուտ կենտրոնների բացելու հետ կապված նամակները, բայց հիմնավորումները, թե ի՞նչ է  անելու այդ կենտրոնը, քանի՞ աշխատակից է ունենալու, ի՞նչ ֆունկցիա է կատարելու, ինչի՞ն է ծառայելու, եթե կա ամերիկյան հետազոտությունների կենտրոն, ապա ինչո՞ւ չկա ռուսական հետազոտությունների կենտրոն, մենք չենք ստացել»,- ասաց Հովհաննիսյանը:

Առաջարկը դրվեց քննարկման, հարցը մնաց օրակարգում: Քննարկման ժամանակ Հովհաննիսյանը չստացավ իր հարցերի պատասխանները և հրապարակավ լքեց նիստը, կոլեգայի օրինակին հետևեց նաև «Հայաստան համահայկական հիմնադրամի»  տնօրեն Հայկակ Արշամյանը:

Տեսանյութեր

Լրահոս