ԱՄՆ-ում բացված ցուցահանդեսում ներկայացված է Քենեդիի նամակը Սանտա Կլաուսի մասին
Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) արվարձանում բացված ցուցադրանքում ներկայացված է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի նամակը, որում նա փոքրիկ աղջան հավաստիացնում է, որ Սանտա Կլաուսին վտանգ չի սպառնում Խորհրդային Միության կողմից ջրածնային ռումբի փորձարկման պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
Ցուցահանդեսը, որը նվիրված է ԱՄՆ-ում նշվող Ծննդյան տոներին, բացվել է նախագահական գրադարանում եւ թանգարանում, որոնք կոչվել են Քենեդիի պատվին: Ցուցադրանքներից մեկն ԱՄՆ-ի 35-րդ նախագահի՝ 1961 թվականի հոկտեմբերի 28-ով թվագրված նամակն է: Այն հասցեագրված է Միչիգանի նահանգի ութամյա բնակչուհի Միշել Ռոհոնին:
Դրանից առաջ նա ինքն է նամակ հղել Քենեդիին: Այնտեղ աղջիկն անհանգստություն է հայտնում միջուկային ռումբի փորձարկումների կապակցությամբ, որոնք ԽՍՀՄ-ը պլանավորել էր անցկացնել Նովայա Զեմլյա արշիպելագում: Միշելը վախեցել է, որ դրա պատճառով Սանտա Կլաուսը կարող է զոհվել, եւ ԱՄՆ-ի նախագահին խնդրել է թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում: «Դու չպետք է անհանգստանաս Սանտա Կլաուսի համար,- պատասխանել է նրան Քենեդին:- Նրա հետ ես երեկ խոսեցի, ամեն ինչ կարգին է: Նա կրկին ուղեւորության կմեկնի Ծննդյան տոներին»:
Բացի դրանից, ցուցահանդեսում ցուցադրվում են արխիվային լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես են Քենեդին եւ նրա ընտանիքը տոնել Սուրբ Ծնունդը, ինչպես նաեւ նրանց բացիկների պատճենները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: