Ժողովրդագրությունը կրկին հաշվեց մեզ

Հրապարակվեց «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու. 2019» տեղեկագիրը: Այն թվերի տեսքով ներկայացնում է, թե ով ենք մենք՝ հայաստանցիներս, ինչ ժողովրդագրական գործընթացներով է անցնում մեր երկիրը: Առաջին հարցը, բնականաբար, սա է՝ «Որքա՞ն է մեր երկրի բնակչությունը, և կանխվո՞ւմ է արդյոք նվազման տենդենցը»:

Ժողովածուն նաև հիշեցնում է, որ մեր երկրի բնակչությունը հեռավոր 1926թ. մոտ 881.000 էր: Ապա ճշտում է, որ 1939թ. մարդահամարի տվյալներով, մենք` հայաստանցիներս, մոտ 1.3 մլն էինք: Հրապարակվում է, որ մեր երկրում բնակչության թվաքանակը 3 մլն-ը գերազանցեց 1979թ. (մոտ 3.04 մլն), ապա հուշում է, որ մեր առավելագույն թիվն արձանագրվել է 1990-ին` այդ տարի հայաստանցիներիս թվաքանակը 3 մլն 514 հազար 900 էր:

Այնուհետև սկսվում է հակառակ` բնակչության նվազման գործընթաց: Վերջին տարիներին միայն 2012-ին և 2013-ին է, որ մեր երկրի բնակչության թիվը չի զիջել նախորդ տարվա ցուցանիշին: 2012-ին նույնիսկ բնակչության 5.5 հազարանոց աճ էր արձանագրվել: Հետո 2014-ը՝ 2013-ի համեմատ, 9.8 հազար մարդ պակաս արձանագրեց: 2015-ին 6.5 հազար բնակչով պակասեցինք: 2016-ին` 12 հազարով: 2017-ին՝ 12.5 հազարով: Ապա՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 13.4 հազարով: 2018-ին հույսեր արթնացան, որ սույն գործընթացը կկանգնի, սակայն պարզվեց, որ 2019-ի հունվարի 1-ին կրկին 7.4 հազարով պակաս ենք նախորդ տարվա ցուցանիշից:

Քաղաքական վարդագույն սպասում-հիպոթեզները չարդարացան:

Զուտ քանակական տվյալներից բացի, տեղեկագիրը, մեր պակասելուն զուգահեռ՝ պնդում է, որ Հայաստանի բնակչությունը շարունակում է ծերանալ: Նախ՝ նշենք, որ ժողովրդագիրները երկրի բնակչության խմբերը ներկայացնում են 5 տարվա ծավալ-կտրվածքով: Վերլուծության այս մեթոդի համաձայն՝ մեր երկրի բնակիչների տարիքային ամենամեծ խումբը 30-34 տարեկաններն են` 263 365 մարդ:

Երկրորդը` 25-29 տարեկանների խումբն է` 251 883 մարդ: Երրորդը` 35-39 տարեկանները` 230 638 հազար: Չորրորդը՝ 5-9 տարեկաններն են` 210 817 մարդ: Տարիքային ուրիշ խումբ չկա, որ գերազանցում է 200 հազարի ցուցանիշը:

Այս թվերը բավարար են, որ ցանկացած ժողովրդագիր հետևություն անի՝ մեր երկրի բնակչության ծերանալու մասին: Դա կարելի է ցույց տալ նաև բացարձակ թվերով: 2015թ. մեր երկրի բնակչության միջին տարիքը 36.1 էր: Այն աճելու միտում ունի առ այսօր: 2016-ի ցուցանիշը 36.2 էր, 2017-ինը` 36.4: Իսկ այս տարվա հունվարի 1-ին արձանագրվել է` 36.7: Մեկ՝ ինչ-որ իմաստով տարօրինակ, ինչ-որ իմաստով՝ անսպասելի փաստ ևս: 2012թ. սկսյալ՝ քաղաքային համայնքներում ծնվող երեխաների քանակը գերազանցում է գյուղական համայնքների ցուցանիշը: Իսկ դա, որպես սոցիալական հետևանք, վաղ թե ուշ պիտի «հանգեցներ» ծնելիության ցուցանիշների անկման:
2014-ին ծնվել է 43.031 երեխա, 2015-ին` 41.763, 2016-ին՝ 40.592: 2017-ին արդեն նահանջեց 40 հազարի սահմանագիծը, որ, կարծեմ, ձեռք է բերվել ու պաշտպանվում էր դարասկզբից: Եվ ահա 2017-ի ծնունդների քանակը` 37.700 երեխա էր: 2018-ին նվազումը շարունակվեց` դառնալով 36.574 երեխա:

Տեղեկագիրն առանձին հետաքրքիր տվյալներ ևս ունի: Ուսումնասիրված և հրապարակված են թե ներքին, թե արտաքին միգրացիայի տվյալները: Մարզային կտրվածքով՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին հետևող մասնագետների համար բարդ չէր ենթադրելը, թե որ մարզերն ունեն միգրացիայի ամենաբարձր ցուցանիշները: Հավանաբար:

«Մեկնել են և չեն վերադարձել» տողի դիմաց Շիրակի մարզի պարագային նշված է՝ բնակչության 21.9 տոկոսը, Լոռու մարզի` 15.2, Գեղարքունիքի մարզի` 12: Ընդհանուր միգրացիայի ցուցանիշով մեր հայրենակից միգրանտների ճնշող մեծամասնությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` 69.5 տոկոսը: Արտաքին հաջորդ խոշոր` 6.2 տոկոսանոց միգրանտների բնակության հասցեն նշվում է Եվրոպական երկրներ: Սա, եթե Արցախ տեղափոխվողների 8.5 տոկոսանոց խմբին արտաքին միգրացիայի շարքում չդասենք: Իսկ միգրանտների 6 տոկոսի համար ներքին տեղափոխության վերջին հասցեն Երևանն է: Այսինքն՝ ծննդավայր-փոքր հայրենիքը լքողների 6 տոկոսը բնակություն է հաստատում մայրաքաղաքում: Սա, հնարավոր է, որ սոցիալ-տնտեսական բացատրություններից զատ, ուրիշ պատճառ էլ ունի: Կամ` պիտի, որ ունենա:

Տեսեք՝ պաշտոնապես մեր երկրի բնակչության կյանքի տևողությունը 75.9 տարի է (միջազգային չափանիշերով՝ սա վատ ցուցանիշ չէ` մեր մակրոտնտեսական ցուցանիշներն ունեցող երկրի համար): Բոլորս գիտենք, որ միջավայրի աղտոտվածության տեսանկյունից Երևանը մեր երկրի լավագույն բնակավայրը չէ: Սակայն հենց Երևանում է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը` 76.4 տարի: Բոլոր մարզերում այս ցուցանիշը միջինից ցածր է:

Հարգենք ժողովրդագիրների՝ մասնավորապես, ու վիճակագիրների աշխատանքը՝ ընդհանրապես: Հարգենք, ընթերցենք ու մտածենք արձանագրված տվյալների մասին:

Տեսանյութեր

Լրահոս