Ամենաշատ գովազդվող ու ամենաթանկ կաթնախառնուրդները հաճախ ամենավատն են

Որակյալ կաթնախառնուրդները երեխայի առողջությանը չեն վնասում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց մանկաբույժ, «Վստահություն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը:

«Խնդիրն այն չէ, որ կաթնախառնուրդները վնաս են երեխաների առողջությանը, չնայած որոշ կաթնախառնուրդներ կարող են վնասակար նյութեր պարունակել: Խնդիրն այն է, որ կրծքով սնուցման բացակայությունն է երեխային վնաս: Կրծքի կաթը լավագույն սնունդն է երեխաների համար, այն պաշտպանում է երեխաներին զանազան հիվանդություններից, ապահովում է երեխայի աճն ու զարգացումը: Եթե բացակայում է երեխայի կրծքով սնուցումը, նա մի քանի անգամ ավելի շատ է հիվանդանում մի շարք հիվանդություններով, և մահացությունն էլ, հետևաբար,  բարձր է: Օրինակ` կրծքի կաթով չսնվող երեխաները մինչև 20 անգամ ավելի շատ են հիվանդանում փորլուծությամբ, 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում թոքաբորբերով»,- ասում է մանկաբույժը:

Երբեմն կաթնախառնուրդները, ըստ մանկաբույժի, միկրոբներ են պարունակում իրենց մեջ. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ կաթնախառնուրդի տուփի վրա պետք է գրված լինի, որ այն կարող է միկրոբներ պարունակել: Այս կանոնը Հայաստանում չի գործում: Կաթնախառնուրդների տուփերի վրա պետք է գրված լինի, որ այն պատրաստելուց հետո սննդի մնացորդները պետք է թափել, այն 15 րոպեից ավելի չի կարելի պահել, որովհետև այնտեղ սկսում են միկրոբներ զարգանալ»:

Սուսաննա Հարությունյանը նկատել է, որ սոյայի  հիմքով կաթնախառնուրդները Հայաստանում վերջերս բավական մեծ տարածում են գտել՝ այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում հրաժարվել են սոյայով պատրաստվող կաթնախառնուրդներից: Վերջիններիս հումքն ավելի էժան է, քան կովի կաթով պատրաստված կաթնախառնուրդներինը, բայց մեծածախ վաճառքի գինը նույնն է, այդ իսկ պատճառով էլ արտադրողներին ավելի ձեռնտու է սրանց արտադրությունը: «Երեխաների համար սոյան շատ վտանգավոր է: Այն պարունակում է կանացի հորմոններին նմանակող հորմոններ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ, եթե չորս ամսական  երեխան սնվում է միայն սոյայի հիմքով կաթնախառնուրդով, նրա օրգանիզմում կանացի հորմոնների քանակը 200 անգամ ավելանում է: Սրանք ազդում են երեխայի սեռական հասունացման վրա. աղջիկների մոտ սրանք հանգեցնում են վաղաժամ սեռական հասունացման, տղաների մոտ՝ որոշակի խանգարումների: Այս  հորմոններն ազդում են երեխայի մտավոր զարգացման, վահանաձև գեղձի վրա, ունեն քաղցկեղածին ազդեցություն»,- ասում է մանկաբույժը:

Կարդացեք նաև

Սուսաննա Հարությունյանը ցավում է, որ Հայաստան են բերվում միայն փոշի կաթնախառնուրդներ, քանի որ, ըստ նրա` մինչև մեկ ամսական երեխային փոշի կաթնախառնուրդով կերակրել չի կարելի:

Ս. Հարությունյանի խոսքով` հաճախ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները, գովազդելով իրենց արտադրանքը, ասում են, որ այն բարձրացնում է երեխայի իմունիտետը, նպաստում երեխայի մտավոր զարգացմանը, լավացնում տեսողությունը. «Այդ բոլորը սուտ է, չկա նման բան: Երեխայի համար ամենալավ սնունդը կրծքի կաթն է, որը և´ իմունիտետն է բարձրացնում, և´ լավ են աճում երեխաները, և´ ավելի ուշ-ուշ են հիվանդանում՝ ոչ միայն այն տարիքում, երբ  կերակրվում են կրծքի կաթով, այլև հետագայում»:

Մանկաբույժի փոխանցմամբ` ապացուցված է, որ շաքարային դիաբետով, սրտամկանի ինֆարկտով, կաթվածով, բարձր ճնշմամբ ու քաղցկեղով ավելի հազվադեպ են հիվանդանում այն մարդիկ, ովքեր փոքր հասակում կերակրվել են կրծքով:  Երեխային կրծքով կերակրող կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղով, օստեոպարոզով, ավելի շուտ են վերականգնում իրենց կազմվածքը:

«Բոլոր կանայք էլ հղիության ընթացքում գիրանում են, բայց հետո, երբ երեխային կրծքով կերակրում են, ծախսում են էներգիա ու վերականգնում իրենց մարմնի կազմվածքը»,- ասում է Սուսաննա Հարությունյանը:

Ըստ «Վստահություն» հ/կ նախագահի՝  կաթնախառնուրդները մինչ վաճառքի հանվելն անցնում են որակային որոշակի ստուգումներ, որոնք, ըստ մանկաբույժի, բավարար չեն: Նրա փոխանցմամբ` երբ եվրոպական շուկայում հայտնաբերվում է, որ կաթնախառնուրդը որակային որևէ չափանիշի չի համապատասխանում, այն միանգամից հանվում է վաճառքից. «Այս պրոցեսները, սակայն, անցնում են Հայաստանի կողքով, և ես վստահ չեմ, որ Եվրոպայում վաճառքից հանված կաթնախառնուրդները չեն բերվում Հայաստան ու վաճառվում»:

Մանկաբույժն ասում է, որ անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է գնել որակյալ արտադրողների արտադրանքը, չխաբնվել դրանց գովազդին, քանի որ հաճախ ամենաշատ գովազդվող ու ամենաթանկ կաթնախառնուրդներն ամենավատն են. «Կարևոր է դիմել մանկաբույժի, որպեսզի նա ընտրի ճիշտ կաթնախառնուրդ, ասի`ինչպես է պետք պատրաստել այն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս