Հատուկ ջոկատայիններն այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը:

168.am-ը երեկ գրել էր, որ հրահանգված է մինչև դեկտեմբերի 23-ը կալանավորել Ռուբեն Հայրապետյանին:

Դեկտեմբերի 11-ին ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ Ռ. Հայրապետյանը՝ միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ. իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Ըստ նույն աղբյուրի՝  ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը տեղեկություն է ստացել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները,  կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր կազմելով, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ըստ մեր տեղեկությունների, իշխանական մեքենան կենտրոնացած է Ռուբեն Հայրապետյանի վրա։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել։ Իսկ ինչո՞ւ հնարավորինս շուտ։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին ղեկավար և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո գործկոմի նիստում որոշվեց, որ  ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները տեղի կունենան շուտով՝ դեկտեմբերի 23-ին:

Երեք թեկնածու է պայքարում՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, «Անի» ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

Նիկոլ Փաշինյանի և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արմեն Մելիքբեկյանն է։

Մի կողմ թողնենք, որ իշխանափոխությունից հետո՝  2018թ. սեպտեմբերին, Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանն ընտրվել էին ՀՖՖ Կանոնադրության պահանջների խախտմամբ և  երկու փոխնախագահներն էլ 1 միլիոն դրամից բարձր աշխատավարձեր են ստանում։ Խնդիրն այն է, որ ֆուտբոլային աշխարհի հիմնական ներկայացուցիչները և երկրպագուները, Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստների հիմնական մասը դեմ է իշխանությունների թեկնածուին՝ Արմեն Մելիքբեկյանին։

Ավելին, Արմեն Մելիքբեկյանը, որը լրագրողական աշխարհում հայտնի է իր  լրատվական կայքով (գրանտային ծրագրով ստեղծված կայքերից մեկի համահիմնադիր է և նաև խմբագրական, լրագրողական աշխատանք է կատարել), հայտնի է ազգային բանակի, ազգային արժեքների դեմ հետևողական և նպատակային, մշտական հրապարակումներով։

Ըստ ֆուտբոլիստների և ֆուտբոլասերների՝ ազգային արժեքների, պատերազմող և թշնամիներով շրջապատված մեր բանակի դեմ հրապարակումներով հանդես եկող  անձը չի կարող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարել։

Այդ իմաստով, պատահական չեն այս օրերին Ֆեյսբուքում և իշխանական որոշ կայքերում ծավալվող հակաքարոզչական արշավը ֆեդերացիայի նախագահի թեկնածու Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանի դեմ։ Մելիքբեկյանի կողմնակից ֆան-ակումբների որոշ ներկայացուցիչներ հակաքարոզչական իրենց հայտարարություններում նշում են, թե Թովմաս Գրիգորյանը կապ ունի ՀՖՖ նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի հետ։

Հայկական բանակի դեմ հակաքարոզչական նյութերով հայտնի Արմեն Մելիքբեկյանը մի հարցազրույցում ասել էր. «Արդեն վերջին օրերին բացահայտ դարձավ, որ Թովմաս Գրիգորյանի թեկնածությունը սատարում են ՀՖՖ-ի նախկին ղեկավարության ներկայացուցիչները և, մասնավորապես, Ռուբեն Հայրապետյանը: Դա երևաց բազմաթիվ գործոններով և անգամ չի էլ թաքցվում: Իմ տեղեկությամբ` Ռուբեն Հայրապետյանը հանդիպում է մարդկանց հետ: Իհարկե, յուրաքանչյուր կողմ կարող է հանդիպել և խոսել, բայց Ռուբեն Հայրապետյանը և նրա մարդիկ կոնկրետ այդ գործընթացի մեջ են: Չմոռանանք, որ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման ամբողջ տարիների ընթացքում Թովմաս Գրիգորյանը եղել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ և փաստացի աջակցել է այն գիծը, որը տարվել է»։

Չենք քննարկում այն, որ, բնականաբար, ֆուտբոլի ոլորտից որևէ մեկը կարող էր և պետք է ծանոթ լիներ, նաև որոշակի հարաբերություններ ունենալ Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի հետ։ Ավելին,  ՀՖՖ ներկայիս փոխնախագահներից Արմեն Նիկողոսյանն էլ ժամանակին  շատ դրական էր արտահայտվում Ռուբեն Հայրապետյանի գործունեության մասին։  ՀՖՖ նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանն էլ  հայտարարել էր, որ իր նախընտրելի թեկնածուն Թովմաս Գրիգորյանն է։

Ու ի՞նչ։ Եթե որևէ մեկը որևէ մեկին ճանաչում կամ շփվել է, շփվում է՝ դա վա՞տ է։

Իշխանությունները հասկանալով, որ իրենց թեկնածուն՝ Մելիքբեկյանը, որևէ շանս չունի հաղթելու, որոշել են դիմել կտրուկ քայլերի՝ ձերբակալել Ռուբեն Հայրապետյանին, «արհեստական» նյութեր հավաքել ու ֆուտբոլասեր հանրությանը մանիպուլյացնել՝ տրամադրելով նախկինների դեմ, որոնց տարիների գործունեությունը դրական են գնահատել ոլորտի իրական և փորձառու ներկայացուցիչները, այդ թվում՝ իրենց թիմակիցներից շատ-շատերը։

Ահա թե ինչո՞ւ՝ շուտով՝ մինչև դեկտեմբերի 23-ը, ՀՖՖ նախագահի ընտրությունները  կլսվի ձայնը, որ կալանավորվել է Ռուբեն Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս