Բաժիններ՝

Կրթության նոր մոդելի հրատապության մասին

Այսօր Հայաստանի կրթական համակարգի զարգացման կարևորագույն նախապայմանը համակարգում որոշակիություն մտցնելն է ու հաղորդակցման ճիշտ մոտեցումներ իրագործելը։ Եթե հեղափոխությունից հետո չստեղծվի հարաբերությունների առողջ համակարգ, նոր աշխատաոճ, ապա մենք ոչնչի չենք հասնի։ Կաշառք չվերցնելը դեռևս չի երաշխավորում համակարգի զարգացումը։ Համակարգի ներքևի և միջին օղակներում աշխատող մարդկանց համար պետք է հասկանալի լինի, թե ի՞նչ է իրենցից ակնկալվում։

Այս պահին կարևոր է հասկանալ, թե կրթության կառավարման ի՞նչ մոդել ենք ունենալու։ Օրինակ՝ մոտեցումներից մեկը, այսպես կոչված, լիբերալ մոդելն է, որի պարագայում պետական կառույցներում աշխատողների թիվը հասցվում է նվազագույնի և շատ գործառույթներ մրցույթի հիման վրա տրվում են ՀԿ-ներին կամ մասնավոր հաստատություններին։ Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված նախատեսվում է հենց այդ մոդելի կիրառումը։ Ապագա ինստիտուտը, ըստ նախատեսվող պլանի, պետք է ունենա փոքր աշխատակազմ, քանի որ ուսուցիչների վերապատրաստումը մրցութային կարգով իրականացնելու են տարբեր հասարակական և մասնավոր կազմակերպություններ։

Շատ կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք սա լավագույն լուծումն է։ Բանն այն է, որ հասարակական և մասնավոր կազմակերպությունները կարող են ունենալ բազմաթիվ ծրագրեր, սեփական օրակարգ, և դրանցից մեկը լինի ուսուցիչների վերապատրաստումը։ Արդյո՞ք Հայաստանում արդար կանցկացվի այդ կազմակերպությունների  ընտրությունը։ Արդյո՞ք, այդ կազմակերպությունները մասնագիտական բավարար ներուժ կունենան։

Շատ ավելի լավ մոտեցում կլիներ, եթե նախարարությունը խիստ մրցույթով ընտրեր վերապատրաստողների գործող ուսուցիչներից, դասախոսներից, վերապատրաստողներից և նրանց աշխատանք առաջարկեր նոր Կրթության ազգային ինստիտուտում։ Անհրաժեշտ է այդ մարդկանց վրա կատարել մասնագիտական ներդրում՝ աշխարհի լավագույն հաստատություններում նրանց վերապատրաստելու եղանակով։ Շատ կարևոր է, թե ովքեր են աշխատելու ուսուցիչների հետ։ Այդ մարդիկ պետք է ունենան ոչ միայն առարկայական և մեթոդական բարձր պատրաստվածություն, այլև պետք է ունենան հաղորդակցական բարձր հմտություններ, լայն մտահորիզոն, տիրապետեն օտար լեզուների և տեղեկատվական տեխնոլոգիաների, ունենան հումորի զգացում, շարունակաբար սովորելու կարողություն։ Այսինքն՝ այս հարցը պետք է դառնա պետական հատուկ մոտեցման խնդիր։

Հասկանալի է, որ շատերի կարծիքով՝ պետությունը լավ մենեջեր չէ։ Այդ նպատակով շատ բաներ տրվում են մասնավոր համակարգին։ Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ կրթության ոլորտում պետությունը կարող է շատ ավելի լավ մենեջեր լինել, քան մասնավոր համակարգը, քանի որ կրթությունը բիզնես չէ։ Բայց դրա համար անհրաժեշտ են կառավարիչներ, ովքեր սրտացավ են կրթության հանդեպ և ունեն մարդկանց համախմբելու, ոգևորելու, օրինակ ցույց տալու կարողություններ։

Եթե մենք ուզում ենք, որ կրթական համակարգը զարգանա, ապա պետք է ունենանք մարդկանց մի խումբ, որոնց աշխատավարձը կլինի շատ բարձր, և նրանք պատասխանատու կլինեն համակարգի ռազմավարություն մշակելու, ծրագրեր ու չափորոշիչներ գրելու, ուսուցիչների հետ աշխատելու համար։ Եվ շատ կարևոր է, որ այդ մարդիկ լինեն պետական հոգածության տակ, քանի որ կրթության կազմակերպման ոլորտում պետությունը պետք է լինի ակտիվ խաղացող։

Կառավարման մոդելի հետ կապված մյուս հարցն այն է, թե ինչպես են համագործակցելու կրթության ոլորտում վերջին տարիներին ստեղծված մի շարք կազմակերպություններ։  Բարեփոխումների շրջանակում վերջին տարիներին ստեղծվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), Դասագրքերի շրջանառու հիմնադրամը, Կրթության տեսչական մարմինը և վերջերս լուծարված Կրթության ազգային ինստիտուտը։ Այս օղակների համագործակցությունը բավականին թույլ է։

Յուրաքանչյուրն անում է իր գործը՝ առանց հստակ համակարգման։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե որպես առաջնային քայլ՝ ԳԹԿ-ն և Կրթության տեսչական մարմինը ներկայացնեն համակարգի նոր մոդել։ Օրինակ՝ եթե մենք ուզում ենք դպրոցներում փոփոխություններ տեսնել, պետք է որպես առաջնային քայլ՝ փոխենք բուհերի ընդունելության քննությունների, ավարտական քննությունների, ընթացիկ գնահատումների բովանդակությունը։ Գնահատումը սխալմամբ դիտվում է՝ որպես կրթության համակարգի վերջին փուլ։

Մինչդեռ հենց գնահատման համակարգն է ազդում կրթության բովանդակության և գործընթացի վրա։ Դուք կարող եք ձեր ծրագրերում գրել քննադատական և ստեղծագործական մտածողության կարևորության մասին։ Բայց եթե քննությունների ժամանակ այդ հմտությունները չեն ստուգվելու, աշակերտներն ու ուսուցիչները չեն կարևորելու դրա ուսուցումը։ Այդ առումով կարևոր էր, որ մենք սկսեինք հենց գնահատման համակարգը բարեփոխելուց և հետո նոր վերանայեինք չափորոշիչներն ու ծրագրերը։ Նույնը՝ Կրթության տեսչական մարմնի հետ կապված։ Շատ կարևոր է պարբերաբար փոխել տեսչական մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների, ստուգումների բովանդակությունը։ Դպրոցների համար կարևոր է, թե ինչն է ստուգվում։ Աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ բոլորը սպասում են, թե առաջիկա տարիներին ինչի վրա է ուշադրություն դարձնելու տեսչական մարմինը։ Այս առումով կարևոր է նաև տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնումը։

Համաձայն եմ նախարարության այն տեսակետի հետ, որ կրթության ոլորտի փոփոխությունների արդյունքները երևում են տարիների ընթացքում։ Բայց որպեսզի այդ փոփոխությունները շոշափելի լինեն, համակարգում գործող կառույցների միջև պետք է լինի արդյունավետ համագործակցություն։ Ավելին, անհասկանալի է, թե ինչո՞ւ այսքան երկար տևեց Կրթության ազգային ինստիտուտի լուծարումը և նոր կառույցի ձևավորումը։ Արդեն տևական ժամանակ կրթական համակարգում չի գործում ուսուցիչներին աջակցություն ցուցաբերող օղակը։ Հայաստանի նման երկրի համար դա անթույլատրելի «շքեղություն» է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս