Թրամփը կառավարությանը կհրահանգի հրապարակել այլմոլորակայինների և ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհրահանգի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին և այլ գերատեսչություններին հրապարակել այլմոլորակայինների և չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ կառավարական ֆայլերը։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Հաշվի առնելով ցուցաբերվող չափազանց մեծ հետաքրքրությունը՝ ես կհանձնարարեմ Պատերազմի նախարարին և այլ համապատասխան նախարարություններին ու գործակալություններին սկսել այլմոլորակային և արտերկրային կյանքի, չբացահայտված օդային երևույթների (ՉՕԵ) և չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ կառավարական ֆայլերի, ինչպես նաև այս բարդ, բայց չափազանց հետաքրքիր և կարևոր հարցերի հետ կապված ցանկացած այլ տեղեկատվության նույնականացման և հրապարակման գործընթացը», – նշել է նա գրառման մեջ:
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփն, առանց ապացույցներ ներկայացնելու, մեղադրել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային այլմոլորակայինների մասին հրապարակայնորեն խոսելիս գաղտնի տեղեկատվությունը անպատշաճ կերպով բացահայտելու համար՝ ասելով, որ Օբաման «մեծ սխալ է թույլ տվել»։
«Նա այն հանել է գաղտնի տեղեկատվությունից… Նա չպետք է դա աներ», – լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Փետրվարի 14-ին հրապարակված փոդքասթի հաղորդավար Բրայան Թայլեր Քոհենի հետ հարցազրույցի ժամանակ Օբամային հարցրել են, թե արդյոք այլմոլորակայիններն իրական են։
«Նրանք իրական են, բայց ես նրանց չեմ տեսել, և նրանք չեն պահվում 51-րդ գոտում», – ասել է Օբաման։
51-րդ գոտին Նևադայում գտնվող ռազմաօդային ուժերի գաղտնի օբյեկտ է, որտեղ, որոշ ծայրահեղական տեսաբանների ենթադրությամբ, պահվում են այլմոլորակայինների մարմիններ և վթարի ենթարկված տիեզերանավ։ 2013 թվականին Կենտրոնական հետախուզական վարչության հրապարակած արխիվներում ասվում էր, որ այն գաղտնի լրտեսական ինքնաթիռների փորձարկման վայր է եղել։
«Ես իմ նախագահության ընթացքում որևէ ապացույց չեմ տեսել, որ այլմոլորակայինները կապ են հաստատել մեզ հետ: Իսկապես», – փետրվարի 15-ին Instagram-ում գրել է Օբաման։
Գրառման մեջ Օբաման պարզաբանել է իր համոզմունքը, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն՝ նշելով, որ Երկրից այն կողմ կյանքի վիճակագրական հավանականությունը բարձր է, քանի որ տիեզերքը շատ հսկայական է: Նա հավելել է, որ այլմոլորակայինների՝ Երկիր այցելելու հավանականությունը ցածր է՝ հաշվի առնելով հեռավորությունը։
Վերջին տարիներին Պենտագոնը հետաքննել է ՉԹՕ-ների մասին հաղորդագրությունները. բարձրաստիճան զինվորականները 2022 թվականին հայտարարել են, որ չեն գտել որևէ ապացույց, որը կհուշեր, որ այլմոլորակայինները այցելել են Երկիր կամ այստեղ վթարային վայրէջք են կատարել։
Պենտագոնի 2024 թվականի զեկույցում ասվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ կառավարության կողմից անցկացված հետաքննությունները չեն հայտնաբերել այլմոլորակային տեխնոլոգիայի որևէ ապացույց, իսկ նման օբյեկտների մասին հաղորդագրությունների մեծ մասը կապված է եղել սխալմամբ նույնականացված սովորական առարկաների և երևույթների հետ։




