Գալուզինը և ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը քննարկել են ուկրաինական հակամարտությունը և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ, որի ընթացքում ներկայացրել է Ուկրաինայում ստեղծված հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումները։
Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով՝ կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Ռուսական կողմն ընդգծել է դիվանագիտական լուծումներ գտնելու իր հանձնառությունը՝ ընդգծելով հակամարտության արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։
Բացի դրանից, հանդիպման մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Նախարարությունը նշել է Մոսկվայի և Անկարայի փոխադարձ շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերը հետագա համակարգելու հարցում։
Բանակցությունները տեղի են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։



