«Տհաճ ու զարմանալի էր». Էդուարդ Աղաջանյանը՝ Գևորգ Լոռեցյանի գործի մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տհաճ ու զարմանալի է որակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալման փաստը՝ կաշառք ստանալու կասկածանքով:
«Փաստացի, այն իշխանությունը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ, այսօր էլ բավականին էֆեկտիվ ձևով պայքարում է կոռուպցիայի և նմանատիպ դրսևորումների դեմ, որի ապացույցն ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն է: Ինձ համար սպասելի չէր այս գործը: Նոր իշխանության քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները և լուրերը մեզ համար տհաճ ու զարմանալի են։ Այնուամենայնիվ, այս պահին պետք է արձանագրենք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, չշտապենք և թողնենք, որպեսզի քննությունն ընթանա։ Պետք է արձանագրենք, որ լինեն նախկիներ, թե ներկաներ՝ այսօրվա կառավարության դիրքորոշումը շատ հստակ է, որ որևէ ապօրինություն՝ անկախ դրա հեղինակից, ենթակա է օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցների»,- ասաց Աղաջանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ սա չի՞ նշանակում, որ այս դեպքը կարող է շարունակական լինել, Աղաջանյանը նշեց, որ առհասարակ, ոչինչ չի բացառվում։ «Կարծում եմ՝ կարևորը ոչ թե բացառելն է, այլ՝ ստեղծելն այնպիսի համակարգ, որը ցանկացած նմանատիպ երևույթ, դրսևորում կկանխի կամ կարձագանքի դրանց։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ու համակարգ գոյություն ունենար և գործեր շատ ավելի վաղ։ Սակայն մենք ժառանգել ենք մի այնպիսի համակարգ, որն ամենևին այլ տրամաբանությամբ է փորձել գործել և, հետևաբար, պետք է արձանագրենք, որ այս պահին համակարգը բավականին ռեակտիվ է նման նմանատիպ դրսևորումների նկատմամբ»,- նկատեց Աղաջանյանը:
Դիտարկմանն՝ այսպիսի դեպքերը չե՞ն ազդում իշխանության վարկանիշի վրա, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Ոչ, քանի որ այստեղ անձերը կապ չունեն, այստեղ համակարգն է կարևոր և, հաշվի առնելով, որ նմանատիպ դրսևորումներն ի հայտ են գալիս և դրանց հեղինակները պատասխանատվության են ենթարկվում, հակառակը, կարծում եմ, դա էլ ավելի է բարձրացնում մեր քաղաքական թիմի վարկանիշը»։
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ կաշառք վերցնելու կասկածանքով։ Նրա հետ ձերբակալվել են նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: