ԱՄՆ-ը կշարունակի ճնշել Թուրքիային՝ ստիպելու հրաժարվել ռուսական C-400-ից. Պենտագոն
Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ճնշումը Թուրքիայի վրա՝ ձգտելով նրանից հասնել Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելուն: Դա լրագրողների հետ կայացած հանդիպմանը հավաստել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը:
«Իհարկե, խոսքը վերաբերում է սուվերեն որոշումներին: Եվ մենք հարգում ենք իր ապագայի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ ընդունելու Թուրքիայի կառավարության իրավունքը: Այդուհանդերձ, այդ սուվերեն որոշումները հետեւանքներ ունեն»,-ասել է նա:
Ռուդը մեկնաբանել է Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման շուրջ ստեղծված իրադրությունը: «Մենք խիստ մտահոգված ենք Թուրքիայի այդ գործողությունների շարունակմամբ: Երբ նախագահ Էրդողանը նոյեմբերին այցելել էր Վաշինգտոն, այդ հարցը էական տեղ ուներ երկու ղեկավարների միջեւ բանակցությունների օրակարգում»,-նշել է նա: Ռուդի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները «հետագայում էլ թուրք գործընկերների հետ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել այդ հարցի շուրջ»:
«Կարճ պատասխանն այն է, որ մենք անուշադրության չենք մատնելու այդ հարցը: Մենք շարունակում ենք թուրքերի հետ գործակցել այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով նրանց համոզել՝ այլ ուղի բռնել»,-ընդգծել է Պենտագոնի փոխղեկավարը: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը չի վերականգնի Թուրքիայի անդամակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչի արտադրության ծրագրին, քանի դեռ Անկարան չի հրաժարվել C-400 համակարգերից: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը Անկարայի կողմից C-400-ի գնման կապակցությամբ:
«Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի ապագային, ապա, անտարակույս, նա ՆԱՏՕ-ի կարեւոր մասնակիցն է»,-ասել է Ռուդը եւ հավելել. «Թուրքիան մնում է ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: «Դուք կշարունակեք տեսնել նրանց հետ մեր շատ հզոր փոխգործակցությունը հարաբերությունների ամբողջ սպեկտրով»,-խոստացել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: