Քաղաքական հայտարարություննե՞ր, թե՞ սեփական կարծիքի արտահայտում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ և ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Նա պահանջում է առոչինչ ճանաչել իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ջհանգիրյանը միացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական պայքարին: Նա ելույթներ էր ունենում Ազատության հրապարակում:
Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանն ազատվեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և մեկ այլ հրամանով էլ զրկվեց արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:
Փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար նա բերման ենթարկվեց (գեներալ Մանվել Գրիգորյանի տնից վերադառնալու ճանապարհին): Գագիկ Ջհանգիրյանը եղբոր հետ դատապարտվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հայտնի է, որ որպես հիմնավորում՝ նշվում էր, որ Գագիկ Ջհանգիրյանը աշխատանքից ազատվել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու, քաղաքական հայտարարություններ անելու համար:
Եթե դատարանն այսօր վճիռ կայացնի հօգուտ Ջհանգիրյանի՝ արդյոք դա չի՞ նշանակի, որ, ենթադրենք, դատախազական մարմնի ներկայացուցիչը կարող է իրեն իրավունք վերապահել քաղաքական հայտարարություններ անել, զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Իսկ միգուցե դա այսօր արդեն կարող է ներկայացվել՝ որպես սեփական կարծիքի արտահայտո՞ւմ:
Գոհար Սավզյան