Բաժիններ՝

«Հասկանում եմ, որ Թորոսյանը ցանկանում է «պատմության մեջ մնալ»՝  որպես ապահովագրություն ներդրած նախարար, սակայն նախագիծը, որը մեզ անհրաժեշտ է՝ նա կաղավաղի». Գևորգ Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջանառության մեջ է դրել առողջապահության համապարփակ ապահովագրության վերաբերյալ նախագիծ, որով առաջարկում է սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։

Առաջարկը շրջանառության մեջ դնելուց հետո հնչում են տարբեր կարծիքներ, որոնց գերակշիռ մասը բացասական է, ըստ այդ կարծիքների՝ Հայաստանում ոչ բոլորն են աշխատող, և աշխատողներն էլ այնպիսի աշխատավարձ չեն ստանում, որի 6 տոկոսն առողջապահության հարկ տան։

Անդրադառնալով նախագծին՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե նկատել է, որ առողջապահության համապարփակ ապահովագրությանը դեմ են արտահայտվում այն մարդիկ, որոնք ունեն կամավոր բժշկական ապահովագրություն, կամ այն մարդիկ, որոնք ունեն բարձր եկամուտ:

«Ամեն դեպքում մենք մեր առողջության վրա ծախսում ենք շատ ավելին, քան առաջարկում ենք նոր մեխանիզմով։ Մեզ բացարձակ էական չէ այդ ֆինանսների աղբյուրը, կարևորը նպատակն է, եթե նպատակին համաձայն ենք, ապա աղբյուրների հարցում կարող ենք բանավիճել»,- ուղիղ եթերում նշեց Արսեն Թորոսյանը։

168.am-ի հետ զրույցում «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուռոլոգ Գևորգ  Գրիգորյանն անդրադառնալով Առողջապահության նախարարի առաջարկած նախագծի դրական և բացասական կողմերին՝ նկատեց՝ առողջապահության ապահովագրության նախագիծը հիանալի է, այն առողջապահության զարգացման բանալին է, սակայն Արսեն Թորոսյանի առաջարկած նախագծում կան շատ իրարամերժ և ՀՀ առողջապահության ոլորտին հակասող ուղղություններ։

«Սկսած նրանից, որ նախագծում նշվում է մարզային բժշկական որոշակի կենտրոնների փակում կամ ծառայությունների նվազեցում՝ հիվանդների բուժման ամբողջ գործընթացը կրկին կենտրոնանալու է Երևանում, վերջացրած 6 տոկոս հարկից։ Մենք ունենք մարզերի համաչափ զարգացման ծրագիր, ինչը նշանակում է, որ չի կարելի մարզային բուժկենտրոնները փակել, կամ մատուցվող ծառայությունները սահմանափակել, մեր տեսլականը պետք է ուղղված լինի՝ ակտիվացնել, զարգացնել բուժհաստատությունները։ 6 տոկոս հարկի առումով մենք կարող ենք խոսել այն ժամանակ, երբ մեզ մոտ ստվերում աշխատող մարդիկ այլևս չեն լինի»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կան տաքսու վարորդներ, մաքրուհիներ, արտագնա աշխատանքի մեկնողներ և այլ ոլորտներում աշխատողներ, որոնք գրանցված աշխատողներ չեն, ուստի սոցիալական արդարությունից չի բխում, որպեսզի օրինապաշտ քաղաքացիները վճարեն 6 տոկոս հարկ, իսկ չգրանցված աշխատողներն առհասարակ չվճարեն։

Բժշկի բնորոշմամբ՝ առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը՝ որպես միտք, հիանալի է, սակայն, ինչպես մյուս նախագծերը, որոնք ներկայացրել է Արսեն Թորոսյանը, իրականացման հետ կապված խնդիրներ են առաջացնում, կոռուպցիոն ռիսկեր կան, և չեն բխում սոցիալական արդարությունից։

«Իհարկե, հասկանում եմ, որ Արսեն Թորոսյանը ցանկանում է «պատմության մեջ մնալ»՝  որպես ապահովագրություն ներդրած նախարար, սակայն հավատացնում եմ, որ այդ հրաշալի նախագիծը, որն իրականում մեզ անհրաժեշտ է, նա կաղավաղի ճիշտ այնպես, ինչպես արեց պատվաստումների դեպքում, որից հետո մեր բնակչության մոտ ապահովագրության նկատմամբ կառաջանա անտագոնիզմ: Այսինքն՝ մարդիկ չեն ցանկանա, որ լինի ապահովագրություն»,- հավելեց Գ. Գրիգորյանը։

Հարցին՝ սոցիալական անարդարություն թույլ չտալու համար հնարավո՞ր է ներդնել կամավորության սկզբունքը, Գևորգ Գրիգորյանը պատասխանեց, որ առողջության ապահովագրությունը պետք է լինի պարտադիր, սակայն կոնկրետ այս դեպքում նշվում է, որ պետք է հարկվի աշխատավարձի 6 տոկոսը։

«Օրինակ՝ մարդ կա՝ ստանում է 2 մլն աշխատավարձ, որի 6 տոկոսը կազմում է 160 հազար դրամ, որով տվյալ մարդը կարող է իրեն մեկ տարով ապահովագրել՝ յուրաքանչյուր ամիս վճարելու փոխարեն։ Կարծում եմ՝ այս նախագիծն օրենք չի դառնա, քանի որ այն պետք է ենթարկվի համապատասխան մշակման ու դրվի քննարկման»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս