«ՀԱՊԿ բարեկամների շարքի համալրումը կլինի նախևառաջ Կենտրոնական Ասիայի երկրներով». Նարեկ Մինասյան
Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ձգտելու է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը:
Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը հաստատել է այն փաստաթղթերի փաթեթը, որոնք ՀԱՊԿ-ի դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հնարավորություն են ստեղծում:
«Երբ այդ փաստաթղթերը վավերացնեն կազմակերպության բոլոր անդամները, կարելի է առարկայական խոսակցություն սկսել այն պետությունների հետ, որոնք սերտ շփումներ հաստատելու շահագրգռություն ու պատրաստակամություն են հայտնում»,- հավելել է ՌԴ նախագահը:
Թե ովքեր են ՀԱՊԿ-ի բարեկամ երկրները, կամ ում նկատի ուներ Պուտինը, 168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն ասաց. «Աֆղանստան, Ուզբեկստան, Սերբիա, քիչ հավանական է Իրանը»:
Ի պատասխան դիտարկման՝ ՌԴ նախագահն Ադրբեջանին չի՞ տեսնում այս շարքում, մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը:
«Մի անգամ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը խոսեց ՀԱՊԿ-ում՝ Ադրբեջանի դիտորդի կարգավիճակ ունենալու հնարավորության մասին, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մենք վետո կդնենք: Այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարեց՝ եթե անգամ լինի ՀԱԿՊ անդամ երկրներից մեկի անհամաձայնությունը, կարգավիճակ չի տրվի»,- շեշտեց վերլուծաբանը՝ հավելելով, որ Հայաստանը դեմ կլինի իր նշած երկրներից միայն Ադրբեջանին կարգավիճակ տալուն:
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանն իր հերթին՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, նշեց, որ ինչպես ՀԱՊԿ անդամ ցանկացած երկիր, Ռուսաստանը, բնականաբար, ևս շահագրգռված է կառույցի զարգացմամբ և միջազգային կապերի ամրապնդմամբ:
«Բարեկամներ ասելով, կարծում եմ, Պուտինը նկատի ունի այն երկրներին, որոնք առաջիկայում ինստիտուցիոնալ համագործակցություն կսկսեն ՀԱՊԿ-ի հետ: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ը ոչ անդամ երկրների համար է (վերջերս ընդունված ակտերով) առաջարկում համագործակցության 2 հնարավոր կարգավիճակ՝ ՀԱՊԿ-ի «գործընկեր» և «դիտորդ»: Արդեն իսկ մի շարք երկրներ տարբեր մակարդակներով նման համագործակցության ցանկություն են արտահայտել: Կարճաժամկետ հեռանկարում, կարծում եմ, ՀԱՊԿ բարեկամների շարքի համալրումը կլինի նախևառաջ Կենտրոնական Ասիայի երկրներով»,- հավելեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Մինասյանը չի կարծում, որ Ադրբեջանին կարելի է տեսնել ՀԱՊԿ-ի հնարավոր բարեկամների շարքում:
«Նախևառաջ՝ Ադրբեջանը չի համապատասխանում գործընկերության 2 կարգավիճակների համար սահմանված չափանիշերին: Բացի այդ, որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ Հայաստանն ունի բավարար գործիքակազմ այդ գործընթացը կասեցնելու և իր շահերը պաշտպանելու համար»,- մանրամասնեց մեր փորձագետը:
Մարիամ Պետրոսյան