Հեղափոխակարգ իշխանությունների լեգիտիմությունն այլևս անարդյունավետ է
Հայաստանի Հանրապետությունում ձևավորված քաղաքական վարչաձևը ոմանք բնորոշում են ժողովրդավարական, իսկ ոմանք՝ դեռևս ավտորիտար: Այն, չի անցել այն ճանապարհը, որպեսզի համարվի լիակատար ժողովրդավարական՝ իր բոլոր հասարակական և պետական ինստիտուտներով: Համենայն դեպս, այս վարչաձևը բնութագրելիս չի կարելի բավարարվել «ավտորիտարիզմ» կամ «ժողովրդավարություն» հասկացություններով: Նոր քաղաքական էլիտան, որը քաղաքականությունից և դրա օրենքներից ու ընկալումներից հեռու է, նույնպես չունի այնքան ռեֆորմատորի վաստակ և իրավունք, որպեսզի այն բնորոշի՝ որպես բացառիկ ժողովրդավարական: Կան հիմքեր պնդելու, որ այս վարչաձևը ժամանակավոր կամ անցողիկ բնույթ ունի, և ուստի այն կարելի է համարել կիսաժողովրդավարական և կիսաավտորիտար:
Կարծում եմ, որ այս հեղափոխակարգ վարչաձևի ընկալման և բնորոշման ժամանակ ուշադրության է արժանի համեմատաբար մի նոր դասակարգում, որի հիմքում ընկած է լեգիտիմության և արդյունավետության սկզբունքը:
Քաղաքական այս վարչաձևերի արդյունավետությունն ու լեգիտիմությունը սերտորեն կապված են իրար հետ: Դրանցով է հասարակությունը ճանաչում գործող վարչաձևի արդարացիությունն ու օրինականությունը: Չնայած կառավարող նոր վերնախավի տնօրինության տակ են գտնվում իշխանության բոլոր աղբյուրները, բայց դա առանց քաղաքական մտավորականության և ազգային առաջադիմական քաղաքացիական հասարակության կամավոր համաձայնության չի կարող վարչաձևի կայունության երաշխիք լինել: Իսկ լայն հասարակական խմբերի աջակցության հիմնական ռեսուրսը ստանալու և այն դժգոհության վերածելու բոլոր տեխնոլոգիաներն արդեն իսկ օգտագործված են և քիչ թե շատ սպառած:
Վարչաձևի լեգիտիմությունը պայմանավորված է մի շարք նախապայմաններով՝ ազգային ավանդույթներով ու արժեքներով, արդարության մասին պատկերացումներով, որոնք արտացոլված են կամ արտացոլված չեն օրենքներում, էլիտայի նպատակներում և լիդերների հեղինակության մեջ: Սակայն դրա արմատները գտնվում են տիրապետող խմբերի, տնտեսական և սոցիալական խավերի շահերի մեջ:
Վարչաձևի նկատմամբ հասարակությունն իր վերաբերմունքը ձևավորում է համապատասխան դրա գործունեության և իր սեփական գիտակցության կարծրատիպերով: Դրանց հենքի վրա ձևավորվում է քաղաքականության նորմատիվ հիմքերը՝գաղափարական, բարոյական և իրավական: Ըստ այդմ էլ տարբերում ենք լեգիտիմության գաղափարական, բարոյական և իրավական բաղադրամասերը:
Ներկայումս, անցումային փուլում գտնվող հայ հասարակության լեգիտիմության որոշման դժվարությունն օբյեկտիվ պայմանավորված է պատմականորեն ձևավորված քաղաքական գիտակցության կարծրատիպային հակասություններով: Հատկապես, մեր երկրի «հետհեղափոխական» փուլին արդեն բնորոշ է դարձել պոպուլիստական շահարկումները ոչ միանշանակ ընդունելու միտումները: Ավելին, նեոլիբերալ արժեքների գործնական իրականացումը և լոբբինգը շատ հաճախ տեղի է ունենում նույն հասարակության բարոյական պատկերացումներին և նորմերին հակասմամբ կամ խախտմամբ:
Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ և՛ հինը, և՛ նորը չեն համապատասխանում իրական կյանքի նորմերին: Այսպիսի պայմաններում «հեղափոխակարգ» վարչաձևը գործում է խուսանավելու սկզբունքով, և միշտ չէ, որ հավատարիմ է մնում օրենքին՝ թեկուզ առերևույթ:
Վերջին շրջանում իշխանությունը զբաղված է իր լեգիտիմության շահարկման և, այսպես կոչված, «ժողովրդի» անունից խոսելու և գործելու բացառիկ իրավունքի մոնոպոլիզացիայով: Սա խնդիր է նաև այն առումով, որ լեգալության և լեգիտիմության տարբերակումը «հեղափոխական էլիտայի» ներկայացուցիչները կամ դժվարությամբ են անում կամ ընդհանրապես չեն կարողանում անել՝ ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, որոնք գլխավորապես մտավոր և մասնագիտական տիրույթից են:
Եթե նկատի ունենանք քաղաքական իշխանության և դրա տարրերի բնույթը, ապա հեղափոխակարգ իշխանության վարչաձևը կարող է ունենալ լեգիտիմության երեք մակարդակ:
1. Գաղափարական լեգիտիմություն, որը հիմնված է հասարակության կողմից պետական քաղաքականության, արժեքային կողմնորոշման և համակարգի ընդունման վրա: Այս պարագայում հարց է ձևավորվում, արդյոք իշխանությունը գաղափարական լեգիտիմացման ենթակա որևէ դիսկուրս, հայեցակարգ կամ նպատակ արտադրելու ունակություն ունի՞: Կարծում եմ, ո՛չ:
Դրա ապացույցը, նախևառաջ, «ապաիզմն» է, այսինքն՝ քաղաքական գաղափարաբանության բացակայությունը, այսինքն՝ քաղաքական արժեքաբանության և գերակայությունների մերժումը, այսինքն՝ գիտելիքահենք և համոզմունքահենք քաղաքականության մշակման և իրականացման օտարումը, այսինքն՝ քաղաքական այնպիսի վարքաբանությունը, որը գաղափարազուրկ է, անարժեք և անսկզբունք: Մինչդեռ՝ հիմքը գաղափարական արժեքներն են, քանի որ լեգիտիմության գաղափարական մակարդակը ենթադրում է իշխանության ճանաչում՝ ներքին համոզմամբ կամ հավատալով այն գաղափարական արժեքների ճշգրտությանը, որոնք հռչակված եմ իշխանությունների կողմից:
2. Կառուցվածքային լեգիտիմություն, երբ օրինաչափ են համարվում այդ քաղաքականությանն ու արժեքներին հասնելու իշխանության կառույցների և վարչաձևի գործադրած միջոցները: Մինչդեռ՝ հիմքը հատուկ քաղաքական կառույցներն են, քանի որ իշխանության լեգիտիմության կառուցվածքային մակարդակը բխում է քաղաքական հարաբերությունները ղեկավարող կայացած կառույցների և նորմերի, դրանց օրինականության և արժեքի նկատմամբ հավատից:
3. Անհատական լեգիտիմություն, որը կապված է պետական լիդերների հեղինակության և ժողովրդավարության հետ: Քանզի հենքն իշխողի անձնական հեղինակությունն է: Իշխանության լեգիտիմության ճանաչման անձնական մակարդակը հիմնված է զանգվածների հավատի և քաղաքական առաջնորդի կարողությունների վրա:
Իշխանության օրինականության նկարագրված մակարդակները, որպես կանոն, իրականում գոյություն ունեն միասին՝ փոխադարձաբար լրացնելով միմյանց: Լեգիտիմության խնդիրը մեծապես կառավարման գործընթացում հասարակության մասնակցության խնդիրն է:
Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը բնութագրվում է կառուցվածքի, բովանդակության և նույնիսկ քաղաքական համակարգի էության վերափոխմամբ՝ անցումը հնից դեպի նորը: Քաղաքական առաջնորդի դերը, որը որոշիչ ուժ ունի երկրի հետագա զարգացման համար, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական առաջնորդությունը բազմակողմանի երևույթ է, որը ներառում է մարդկանց վրա ազդելու կարողությունը. որոշակի նպատակներին հասնելու իրենց համատեղ գործունեության կազմակերպման ուղղությամբ, նոր գաղափարներ ստեղծելու ունակություն, քաղաքական ժամանակի զգացում և քաղաքական իրազեկման ունակություն:
Հասարակության գոնե ռացիոնալ գերակայություններ ունեցող հատվածը այսօր պահանջում է ուժեղ, կիրթ, ազնիվ ազգային առաջադիմական առաջնորդ, քաղաքացիական պատասխանատվությամբ, ով պատրաստ է հայ հասարակությանը տանել դեպի բարձր տեխնոլոգիական ու մրցակցային աշխարհ: Մեր հայրենիքը գտնվում է այնպիսի աշխարաքաղաքական միջավայրում, ինչպես նաև դինամիկ, գաղափարական և քաղաքական այնպիսի տարածքում, որն, անկասկած, հսկայական ազդեցություն է թողնում մեր երկիր վրա: Սակայն իռացիոնալ քաղաքական վարքաբանությունը և անարդյունավետ կառավարումը վերը նշված ելակետային խոտաններով ուղղակի խժռում է նույն իշխանության լեգիտիմության ողջ բազան: Այսօր, ՀՀ քաղաքական վարչաձևը գտնվում է ճգնաժամի մեջ, ինչը հասարակության համակարգային վտանգների արտացոլումն է: Քանզի դա ուղեկցվում է ոչ միայն ավանդական արժեքների ոչնչացմամբ, այլև առաջնորդության գաղափարի դեֆորմացմամբ և վառ անհատների պախարակմամբ:
Այն միջավայրը, որը ձևավորվել է հեղափոխակարգ իշխանության և նրա լիդերի կողմից չունի այնպիսի բնութագրեր, որոնք կնպաստեն երիտասարդ ժամանակակից հայ մարդու անհատականության զարգացմանը: Մենք ականատես ենք այսօր արժեքային բնութագրերի, քաղաքական ղեկավարության իրական դրդապատճառների բացակայության: Այս առումով մեր հայրենիքում գերակայող է դարձել քաղաքական մշակույթի ցածր մակարդակը:
Արդեն իսկ նշմարելի է Գերագույն գլխավոր հեղափոխականի (ԳԳՀ) և նրա ֆեյք-նետոկրատիայի (netocracy) դերն` իր իսկ կերպարի ձևավորման գործում, որոնք հասարակությանը ընդհանուր պատկերացում են տալիս, նրա քաղաքական գաղափարների և ձգտումների մասին:
Կործանարար է, երբ կառավարման մեծ փորձ ունեցող գործիչների զգալի մասը հեռացվում են ակտիվ քաղաքական գործունեությունից: Իսկ բազմաթիվ մարդիկ, կուսակցություններ և շարժումներ դիմում են քաղաքական մշակույթ չունեցող ԳԳՀ-ին կոչ անելով նրան գործնական քայլեր կատարել, պատասխանել տարբեր համայնքների, սոցիալական խմբերի և հասարակության լայն շերտերի հարցերին և ձգտումներին: Սակայն ստանում են պատասխան լավագույն դեպքում խորը պոպուլիզմի, իսկ վատագույն դեպքում՝ քաղաքական ինքնիրավչության տեսքով: Այս քաղաքական վարքաբանության երկարակեցությունը շատ սահմանափակ է: Այն էլ այն դեպքում, երբ առկա է կառավարման արդյունավետության և քաղաքական բովանդակություն ստեղծելու շատ ցածր պոտենցիալ, որն այլևս չի կարող օգնել լեգիտիմության անկմանը:
Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ