Բաժիններ՝

«Չեն բացահայտվել այն մարդիկ, որոնք նկարահանել են, թե ինչպես էինք մենք ուզում աղբամանը նետել մի վիդեոբլոգերի, որը հրապարակային ասել էր, որ նա  ցանկանում է իմ մայրիկին». Դավիթ Պետրոսյան

Այսօր «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը պնդում է՝ հասարակության մոտ վստահություն չկա պետական ինստիտուտների նկատմամբ, իսկ առանց դրա  Հայաստանում թավշյա հեղափոխությունն ավարտված լինել չի կարող: Ակտիվիստները պնդում են՝ այս կառույցից վախը շատ է, բայց  իրենք ԱԱԾ-ից չեն վախենում:

«Ինչքանո՞վ է տրամաբանական, պե՞տք է քաղաքացիները վախենան ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, Դատախազությունից և դատարաններից, այն պարագայում, որ իրենք ցանկանում են, որ իրենց իրավունքներն ու ազատություններն այս կառույցների կողմից պաշտպանված լինեն»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Ակտիվիստների անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ կապված է մասնավորպես իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի նախապատմության և հետևանքների հետ:
Ամիսներ առաջ «Ռեստարտ» նախաձեռնության ակտիվիստները ցանկացել էին աղբամանը նետել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին: Ակտիվիստներն ասում են՝ վիդեոբլոգեր Նարեկ Մալյանն ատելության մթնոլորտ է սերմանում, սակայն նրա գործողություններին որևէ արձագանք չի եղել:

«Մինչև հիմա չեն բացահայտվել այն մարդիկ, որոնք նկարահանել են, թե ինչպես էինք մենք ուզում աղբամանը նետել մի վիդեոբլոգերի, որը հրապարակային ասել էր, որ մենք անբարոյականի զավակներ ենք, և, որ նա  ցանկանում է իմ մայրիկին: Ատելության մթնոլորտի սերմանման հետ կապված որևէ արձագանք չի եղել, մինչև մեր կատարած գործողությունը: ԱԱԾ-ն պետք է նաև բացահայտի այն ֆեյքերին ֆինանսավորողներին, որոնք ակտիվանում են ժամը 10-ից հետո, դրանք ֆեյքեր չեն, իրական մարդիկ են, որոնք փորձում են տարածել անհանդուրժողականություն, ատելություն, ստեղծել անպատժելիության մթնոլորտ, գցել հեղափոխության արժեքը»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Ցույցի մասնակիցներն իրենց հետ սպիտակ թուղթ էին բերել, ակնկալում էին, որ այդ թղթի վրա ԱԱԾ աշխատակիցները կգրեն այն վիդեոբլոգերների անունները, որոնց ֆինանսավորում է ԱԱԾ-ն:
Ակտիվիստներն իրավապահ կառույցների պատասխանատուներից և Կառավարությունից պահանջում են փոփոխության ենթարկել ուժային կառույցները: Ակտիվիստ Յուրի Ավագյանի հավաստմամբ՝ այդ կառույցները շարունակում են աշխատել հին տրամաբանությամբ:

«Մեր գործը 9 ամիս գնում է, ոչ մի նիստ տեղի չի ունեցել, սա այն մասին է խոսում, որ դատական համակարգը մատնված է անգործության: Եթե ինչ-որ մեկի մեքենան թալանեն, նա գնալու է դիմի իրենց թաղի «Գոճի»-ին, որովհետև այդ քրեական հեղինակությունն ավելի շուտ գողոնը «վազվռատ» կանի, քան  Ոստիկանությունը՝ իր ամբողջ ներուժով»,- ասաց Յուրի Ավագյանը:

Ակտիվիստներն իրենց ակցիայի մասին տեղեկացրել էին դեռ երեկ:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նրանք վարձված են Ջորջ Սորոսի կողմից: Ակտիվիստները թեև չեն ժխտում, որ գրանտներ ստացել են այդ կառույցից, բայց պնդում են՝ իրենց ակցիայի պատճառն իրավապահ մարմինների անգործությունն է: Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի այն պնդմանը, որ Սորոսի գրասենյակը վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, ակտիվիստներն ասում են.

«ԱԱԾ տնօրենն ապրիորի ասաց, որ վտանգ է պարունակում, և ասաց, որ դեռ պետք է խոսի: Մեզ համար էլ հետաքրքիր է, թե ի՞նչ է ասելու Արթուր Վանեցյանը: Մենք, համագործակցելով «Բաց հասարակության հիմնադրամների» հետ, այդ կարծիքին չենք»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս