Վարդանիկի մեղքը

Գյումրիի դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի հետ այս օրերին կատարվող իրադարձությունների մասին խոսելիս շատերը նշում են, որ սա ցույց է տալիս, թե ինչպես է համակարգը խժռում իր զավակներին: Դրա մեջ, իհարկե, ճշմարտության մեծ հատիկ կա, բայց դա չի արտահայտում կամ  ամբողջությամբ չի արտահայտում տեղի ունեցողի խորքային պատճառները:

Ինչո՞ւ իշխանությունը որոշեց ազատվել Վարդանիկից: Այս հարցին բազմաթիվ պատասխաններ են հնչել, որոնցից, սակայն, ամենակարևորի մասին քիչ է խոսվում: Իշխանության համար շատ շահեկան են այն գնահատականները, որոնց համաձայն՝ Վարդանիկի դեմ սկսված արշավով իշխանական վերնախավը ցանկանում է ազատվել «օդիոզ» կերպարներից: Դրա քարոզչական դիվիդենտներն իշխանությունը դեռևս չի շտապում օգտագործել քանի որ նախագահական ընտրություններից առաջ դրա էֆեկտը մի քանի անգամ ավելի մեծ կլինի:

Հեռուստատեսությունները գուցե այսօր արդեն վավերագրական ֆիլմեր են նկարահանում Գյումրիի քրեական քաղաքապետի, նրա ու նրա շրջապատի կողմից իրականացված հանցագործությունների մասին, որոնք կցուցադրվեն նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում:

Այն, որ Վարդան Ղուկասյանի անունն ուղղակի կամ անուղղակի կապված է բազմաթիվ հանցագործությունների հետ, և նրան, այսպես ասած` «հասնում է», որևէ մեկը չի վիճարկում: Բայց այն, ինչ այսօր կատարվում է նրա նկատմամբ, ոչ թե օրինականության հաստատում է, այլ ոհմակային կանոններով հաշվեհարդար:

Վարդանիկի ամենաթողությունն իշխանության ամենաթողությունն էր, իշխանության լուռ համաձայնությամբ էր նա Գյումրիում ու Շիրակի մարզում իրեն ֆեոդալի նման պահում, նույն այսօրվա իշխանություն` նախագահից ու վարչապետից՝ մինչև ավելի ցածր պաշտոնյաները, գովաբանում ու փառաբանում էին Վարդանիկին:

Այսինքն` Վարդան Ղուկասյանի անպատժելիության հարցում նրանք ունեն եթե ոչ՝ իրավական, ապա՝ քաղաքական ու բարոյական պատասխանատվություն:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, իշխանությունը որոշեց ազատվել Վարդան Ղուկասյանից: Հաստատ՝ ոչ Սամվել Բալասանյանի հանդեպ ունեցած անհագուրդ սիրո կամ ԲՀԿ-ի նկատմամբ ստանձնած անառարկելի պարտավորությունների պատճառով:

Պարզապես Վարդան Ղուկասյանն անցած խորհրդարանական ընտրություններում չկարողացավ վճարել իր անպատժելիության գինը` ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց ԲՀԿ-ին: Այսինքն` ստացվեց, որ Վարդանիկին տրված բոլոր արտոնությունները «ջուրը լցվեցին»: Այլ կերպ ասած` Վարդան Ղուկասյանը ժամանակակից իշխանական բառապաշարով ասած, «քցեց» իշխանությանը, ինչը Հայաստանում, ինչպես հայտնի է` չի ներվում: Այնպես որ, մնացած բոլոր բացատրությունները` իշխանությունների ինքնամաքրումը, «Գյումրիի բնակիչների տրամադրություններին ընդառաջ գնալը» ու հատկապես՝ «օրինականության հաստատումը», լավագույն դեպքում, ածանցյալ պատճառներ են:

Վարդան Ղուկասյանն այսկերպ պատժվում է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը չապահովելու համար: Առջևում նախագահական ընտրություններ են, և Վարդանիկի հետ տեղի ունեցողը շատ հստակ «մեսիջ» է մնացած բոլոր տեղական մեծ ու փոքր իշխանիկներին ու ֆեոդալներին. Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի համար անհրաժեշտ ձայներ չապահովելու դեպքում՝ նրանցից  յուրաքանչյուրին կարող է սպառնալ Վարդան Ղուկասյանի ճակատագիրը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս