Վրաստանի խորհրդարանն առաջին անգամից չկարողացավ ընդունել Սահմանադրության ուղղումները
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել առաջին անգամից ընդունել Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում էին 2020 թվականին պատգամավորների ընտրություններում անցում խառը ընտրական համակարգից համամասնականի: Այդ մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստանի իշխանությունները որոշել են 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ ընտրական շեմի բացակայությամբ: Խորհրդարանը Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքին ձեռնամուխ է եղել հոկտեմբերի վերջին, սակայն կառավարող կուսակցությունից բազմաթիվ պատգամավորներ, որոնք ընտրվել են մեծամասնական ընտրատարածքներում, հայտարարել են, որ չեն պաշտպանի փոփոխությունները, ինչի պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հետաձգում էր քվեարկությունը:
«Հաջակցություն փոփոխությունների քվեարկել է 101 պատգամավոր, դեմ են արտահայտվել երեքը: Ուղղումներն ընդունելու համար անհրաժեշտ է 113 ձայն»,-հայտարարել է խոսնակ Տալակվաձեն եւ հայտարարել տեխնիկական ընդմիջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: