«Ողջի գետի աղտոտման դեպքով ժամկետների թաքցնելու ոչ մի փորձ չի արվել». Սամվել Ալեքսանյանը՝ Ֆելիքս Ցոլակյանին
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Կապանում Ողջի գետն աղտոտվել է: Ավելի ուշ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հստակեցրեց՝ աղտոտողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է:
Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի փոխանցմամբ էլ՝ վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։
Նշենք, որ Արծվանիկի պոչամբարը Զանգեզուրի կոմբինատի թափոնների համար է ստեղծվել, Հայաստանի ամենամեծ պոչամբարն է:
Զանգեզուրի կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վթարը եղել է ոչ թե պոչամբարում, այ պոչատարի վրա:
«Այս պահին ՀՀ բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմինը կատարում է հաշվարկ: 10 օրվա ընթացքում ստանալու ենք նախնական եզրակացությունը: Ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում կատարվածին, չենք փորձում արդարանալ, մեր գործունեության պատճառով է եղել, և պատրաստ ենք կրել պատասխանատվությունը»,- ասաց նա:
Դիտարկումը, թե Կառավարության նիստում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս աղտոտման ժամկետների վերաբերյալ կասկածներ էր հայտնել՝ ասելով, որ թաքուն են պահել, չեն զգուշացրել, որ նման դեպք է եղել, և արագ վերականգնման աշխատանքներ են արել, Սամբել Ալեքսանյանը հերքեց՝ նշելով.
«Թաքցնելու ոչ մի փորձ չի արվել: Քանի որ դեպքը եղել է առավոտյան ժամը 5-ին, մինչև ինֆորմացան հասել է այն օղակին, որը պետք է տեղեկացներ տեսչական մարմնին և ԱԻՆ-ին, որոշ ժամանակ է տևել: Ինչ վերաբերում է վթարի վերացման հետևանքներին՝ Կապանի համայնքապետի հետ այս պահին քննարկումներ են ընթանում, սպասում ենք թույլտվության, որպեսզի գետի հունը մաքրենք»:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն էլ հավելեց. «Արծվանիկի պոչամբարը հիդրոտեխնիկական կառույց է, որի շահագործումը սկսվել է ԽՍՀՄ տարիներին, գտնվում ենք շահագործման վերջին փուլում:
Հանքաքարը վերամշակվում է Քաջարան քաղաքի տարածքում գտնվող մեր հարստացուցիչ ֆաբրիկայում և մոտ 34կմ երկարություն ունեցող խողովակային մեր կառույցով ինքնահոս ձևով տեղափոխվում է այստեղ: Մեր նախագծի համապատասխան՝ նախատեսվում է ևս մոտ 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասնելով վերջնական նիշին: Սա կարելի է կատարել մոտավորապես 10 տարում: Մենք որոշել և փոխհամաձայնության ենք եկել մեր հարակից համայնքի՝ Կապանի հետ, որ շահագործումը կավարտենք ժամանակից շուտ՝ 5 տարում:
Կառույցը շատ հեռու է մեզանից, բարդ է ապահովել ջրի վերաօգտագործումը, բացի դրանից՝ գտնվում է բնակեցված տարածքներում, և այլն: Այդ որոշումը կայացրել է Սովետական Միությունը՝ իր չափանիշերին համապատասխան: Մենք չենք նախատեսում ապագայում պոչամբար ունենալ մեր հանքից հեռու կամ դուրս:
Մեզանից պահանջվում է՝ նախագծեր ներկայացնել, ստանալ թույլտվությունը նաև կառավարությունից և գործունեությունը շարունակել Կապան համայնքից դուրս»,- ասաց նա:
Անի Կարապետյան