«Ադրբեջանում ոգևորվել էին Սիրիայում Թուրքիայի գործողություններից ՝ ակնարկելով, որ հաջորդն Արցախն է». Անժելա Էլիբեգովա
«Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանում ընթանում են մեզ համար ոչ տեսանելի, բայց հետաքրքիր պրոցեսներ:
«Իլհամ Ալիևն աստիճանաբար Ադրբեջանը տանում է պոստնավթային շրջան. հասկանալի է, որ էներգառեսուրսներից ստացվող դիվիդենտներն արդեն պիկն անցել են, և գնալով իրավիճակը բարդանալու է, որոշել են էկոնոմիկան ռեֆորմների ենթարկել և փորձել ապրել ավելի համեստ, հետևաբար՝ պարզ էր, որ իշխանության ներսում քաղաքական թիմի ամբողջ տրամաբանությունը պետք է փոխվի»,- ասաց ադրբեջանագետը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատվում է հին կադրերից:
Հարցին՝ արդոք Ադրբեջանը կփորձի՞ օգտագործել թուրք-սիրիական խնդիրը՝ ղարաբաղյան ճակատում իր համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, Ա. Էլիբեգովայի պատասխանը հստակ է. «Արդեն փորձում է»:
Նա հիշեցրեց, որ Սիրիայում ամենաթեժ պահին Էրդողանը և Չավուշօղլուն Բաքվում հանդես են եկել մեզ համար կարևոր մեսիջներով.
«Առաջինը ֆիքսում են, որ շարունակում է գործել «երկու պետություն՝ մի ազգություն» գաղափարը, և, որ պետք է համախմբել իրենց սփյուռքի ջանքերը՝ Հայաստանի դեմ պայքարում:
Ադրբեջանում և՛ քաղաքական, և՛ փորձագիտական, և՛ ԶԼՄ շրջանակները ոգևորվել էին Սիրիայում Թուրքիայի գործողություններից՝ անարկելով, որ հաջորդն Արցախն է»:
Թեև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ առաջիկայում լայնամասշտաբ էսկալացիա չի ակնկալում, սակայն ադրբեջանագետը չբացառեց, որ դա կարող է լինել կես տարուց, որովհետև իրավիճակն արագ փոփոխվում է և հաճախ անկանխատեսելի կերպով է փոխվում:
Բանախոսն արձանագրեց նաև, որ Հայաստանն այսօր չունի ընդհանուր ռազմավարություն և հատկապես՝ քարոզչական ռազմավարություն արցախյան հարցում. «Ո՞րն է մեր պաշտոնական դիրքորոշումն Արցախյան հարցի շուրջ:
Մեզ պետք է տեսնել այդ տեսլականը, հասկանալ՝ ուր ենք գնում Արցախի հարցում, ինչ ենք մենք ուզում, ոնց ենք պատկերացնում, և ցանկալի չէ շաբաթը մեկ իրարամերժ հայտարարություններ անել այդ հարցի շուրջ, դա խիստ ցանկալի չէ»:
Զարուհի Դիլանյան