«Ինչպես Աթեշյանն էր Թուրքիո պետության հլու հպատակ, այսօր Մաշալյանն է». Թուրքագետը՝ Պոլսո 85-րդ պատրիարքի ընտրության թնջուկի մասին
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբեր 11-ին: Կմասնակցի երկու թեկնածու՝ ներկայիս պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հավաստմամբ` այս պահին Ս. Եպիսկոպոս Մաշալյանի շանսերն ավելի մեծ են. «Պետության հետ մեջք մեջքի տված՝ ուզում է իր գործն առաջ տանել, և իր կողմնակիցները ոչ մի խնդիր չեն տեսնում, մինչդեռ սա անարդար ընտրություն է»:
Հիշեցնենք, որ ընտրություններն անարդար համարելու պատճառը շուրջ մեկ ամիս առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված եկեղեցական ընտրությունների փոփոխված կանոնադրությունն է, որի համաձայն՝ Պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները: Դրանով խոչընդոտվում է Թուրքիայից դուրս ծառայող մի շարք եպիսկոպոսների առաջադրվելու հնարավորությունը:
Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը տեղեկացրել է, որ ի նշան բողոքի՝ չի առաջադրվի դեկտեմբերին կայանալիք պատրիարքական ընտրություններում:
«Ներկա պայմաններում, երբ խախտված են շուրջ 10 սրբազան եպիսկոպոսների իրավունքները, և ջնջված են նրանց թեկնածու լինելու հնարավորությունները, ես հարմար կնկատեմ, ի զորակցություն նրանց, նույնպես չներկայանալ՝ իբրև թեկնածու: Ուղեցույցի սահմանափակումը Պատրիարքարանի ապագայի համար վտանգ է ներկայացնում»,- Պատրիարքարան ուղարկված իր նամակում նշել է Գարեգին արքեպիսկոպոսը՝ հորդորելով մյուս երկու թեկնածուներին նույնպես չառաջադրվել՝ հանուն հավասարության և արդարության:
Եկեղեցական ընտրության կանոնադրության մեջ սույն դրույթի փոփոխման առնչությամբ նամակ-կոչ է հղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը՝ հորդորելով վերանայելու կանոնադրության 25-րդ հոդվածի Գ կետը:
Ի դեպ, ըստ վերլուծաբանների՝ 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը փոփոխության ենթարկվեց հենց Գուգարաց թեմի առաջնորդի թեկնածությունը կանխելու համար:
168.am-ի հարցին, թե Թուրքիայի ուղիղ ճնշման հետևանքո՞վ է նման կանոնադրական փոփոխություն առաջացել, թուրքագետը պատասխանեց. «Այս ամեն ինչը, ինչ որ կատարվեց, պետության կողմից չէր, սա ներսից կատարված խնդիր է. չեմ կարծում, որ ինչ-որ թուրք պաշտոնյա այդքան լավ տեղյակ լինի հայ եկեղեցու աշխատաոճի մասին, որ կարողանա այդպիսի նուրբ ձևակերպում այստեղ մտցնել»:
Մեր դիտարկմանը, թե Էջմիածնից որևէ դերակատարում պե՞տք է ակնկալել, նա արձագանքեց, որ Էջմիածնի դերակատարումն այս խնդրում միայն խրատողի դերն է, քանի որ պատրիարքություններն անկախ են պատմականորեն:
Իսկ որպես դերակատար և ընտրություններում գործոն՝ Տ. Լոքմագյոզյանն առանձնացրեց Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Շիրինօղլուին, ում կարծիքը, ըստ նրա՝ այս ընտրություններում որոշիչ կարող է լինել. «Դժբախտաբար, մեծ գործոն է տխրահռչակ Շիրինօղլուն, ով հպարտանում է, որ պետության հետ շատ լավ հարաբերություններ ունի»:
Տ. Լոքմագյոզյանը համոզված է, որ հայության գլխավոր խնդիրն այս ընտրության մեջ ոչ թե անուններն են, այլ այն հանգամանքը, որ այդ անունները վարկաբեկված են, իսկ հայ համայնքը՝ մասնատված.
«Եթե ինչ-որ ժամանակով գան ու գնան, խնդիր չէր լինի, սակայն պատրիարքն ընտրվում է՝ ինչպես Կաթողիկոսը՝ ցկյանս, և դա նոր խնդիր կառաջացնի, եթե նման վարկաբեկված պատրիարք լինի:
Այսօր արդեն համայնքը մասնատված է, և շատ մարդիկ երես թեքեցին եկեղեցուց: Ահագին խնդիրներ են առաջանալու, շատ մարդիկ չեն ընդունելու իրեն՝ որպես պատրիարք»:
Նա նաև հավելեց, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը շարունակում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ուղին. «Մաշալյանը մեր գլխին դարձավ երկրորդ Աթեշյան: Ինչպես Աթեշյանն էր հլու հպատակ Թուրքիո պետության, այսօր Մաշալյանն է դարձել հլու հպատակը»:
Ըստ թուրքագետի՝ հենց դրանով էր պայմանավորված նաև այն, որ պատրիարքական տեղապահը շտապեց կարծիք հայտնել Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության մասին. «Ոչ հույները, ոչ հրեաները, առաջինը Հայոց պատրիարքական տեղապահը, ով միայն պատրիարքական ընտրությունները կարգավորելու համար էր այնտեղ նստած, իրեն վերագրելով շատ ավելին, քան ունի իրավունքներ, ողջունեց այդ քայլը»:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ թուրքական պետական TRT ալիքը տեղեկացրել էր, որ Պոլսո Հայոց պատրիարքարանն աջակցություն է հայտնում Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության առնչությամբ, և տեղադրել հայտարարության տեսանյութը, որում մասնավորապես նշվում էր, թե աղոթում են, որ գործողությունը, որի նպատակն է՝ վերջ դնել ահաբեկչությանն ու ապահովել երկրի սահմանների անվտանգությունը, կշարունակվի՝ իր նպատակին համապատասխան, և, որ խաղաղությունն ու անվտանգությունը կհաստատվի հնարավորինս շուտ:
Պոլսո Հայոց պատրիարքության տեղապահ Մաշալյանն նշել էր նաև, որ սիրիացի ժողովուրդը, որը ենթարկվել է տարբեր տեսակի ճնշումների, ահաբեկության, անարդարության ու միգրացիայի, խաղաղության է արժանի։
Զարուհի Դիլանյան