Թեժ քննարկում ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի և ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինի միջև
«Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» անունը կրող խաղաղ քննարկումը թեժացավ, երբ Հայաստանի Արտաքին գործերի (ԱԳ) փոխնախարար Ավետ Ադոնցը Հայաստանում Եվրամիության ներկայացուցչի ներկայությամբ ժպիտով, բայց լրջությամբ ներկայացրեց վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի դեմ Եվրամիության դրած պահանջները:
«Բայց բոլորս գիտենք, որ Եվրամիությունն իր 28 անդամներն են: Եվ այո, չկա կոնսենսուս այս հարցով, չկար կոնսենսուս այս հարցով: Երբ մենք քննարկումներ էինք ծավալում, թե երբ է լինելու այն ժամկետը, օրը, որ մենք սկսենք բանակցությունները, առաջներում պատասխանը հետևյալն էր՝ «մի հատ եկեք գնահատենք, թե ինչպես է իրականացվում ազատականացված վիզային ռեժիմը այն երկրների հետ, որոնց հետ մենք վերջերս սկսեցինք, նույնպես չեմ ուզում նշել որևէ երկիր, և դա կոռեկտ չեմ համարում: Այնուհետև կսկսենք գնահատել ձեզ հետ հնարավոր հեռանկարները»։ Այդ մոտեցման հետ մենք սկզբունքորեն չհամաձայնեցինք: Եվ որևէ ձևով չուզեցինք, որ մեր երկկողմ օրակարգի այս կարևոր հարցը պայմանավորված լինի այս կամ այն երկրի հետ կամ այս կամ այն տարածաշրջանային զարգացման հետ: Բացարձակ դրա հետ համաձայն չենք»,- փակագծերը բացեց Ադոնցը:
Ավետ Ադոնցը պատճառների մասին հստակ գիտի՝ խնդիրը փախստականներն են: Բայց թե ԵՄ անդամ ո՞ր երկրներն են, որոնք մտահոգ են նաև Հայաստանից գնացող փախստականներով, Ադոնցը չբացահայտեց:
«Թույլ չեմ տա ինձ նշել՝ ո՞ր երկրի կամ ո՞ր երկրների մասին է խոսքը գնում, որոնք որ, չէի ասի՝ նեգատիվ են տրամադրված, բայց պատրաստ չեն տալ այս կանաչ լույսը: Հիմնական պատճառը, իհարկե, կապված է համաեվրոպական ներքին միգրացիոն փախստականների հետ կապված զարգացումների հետ և շատ քիչ առնչություն ունի այս կամ այն եվրոպական երկրի հետ մեր երկկողմ հարաբերություններին»,- հավելեց Ադոնցը:
Ըստ նրա՝ Եվրամիության հենց այդ քայլերն են, որ ստիպել են Հայաստանին միակողմանի գործընթաց նախատեսել, այցելել ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ:
«Եվ հենց երեկ եղավ հերթական ռաունդը այդ հանդիպումների, որը տեղի ունեցավ Փարիզում՝ հասկանալու այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս դրական պատասխան տալ ազատականացման երկխոսությունը սկսելու համար»,- ավելացրեց Ադոնցը:
Ա. Ադոնցը նաև ներկաներին հիշեցրեց դեկտեմբերին սպասվող ՀՀ-ԵՄ գործընկերային նիստի մասին:
«Դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերային կոմիտեի ընթացքում օրակարգի ամենակսրևոր կետերից մեկն է լինելու, թե մինչ այսօր, մինչ դեկտեմբերի 16-ը կամ դեկտեմբերի 1-ը ինչպե՞ս են գնահատվում այդ իմպլեմենտացիոն աշխատանքները, որոնք նախատեսված են ճանապարհային քարտեզով»,- նկատեց ԱԳ փոխնախարարը:
«Ես չեմ ուզում այստեղ գնահատել, թե ինչպես են ԵՄ անդամ երկրներն իրականացնում վիզային դյուրացված ռեժիմը, գտնում եմ, որ դա այնքան էլ կոռեկտ չէ անել, բայց մեկ բան չեմ կարող չնշել և կլինեմ շատ անկեղծ, նույնիսկ իմ լավ ընկեր և գործընկերոջ ներկայության պայմաններում, որ կան բազմաթիվ բողոքներ մեր քաղաքացիներից, այս կամ այն դեսպանությունում վիզա ստանալիս կամ չստանալիս խնդիրներ կան, և, թե որքանով է այդ ամենը համապատասխանում այն տրամաբանությանը և փիլիսոփայությանը, որը մենք բանակցել և ստորագրել ենք ԵՄ-ի հետ: Մենք անմիջապես, նկատի ունեմ՝ Արտգործնախարարությունը՝ իր հյուպատոսական ծառայությունով, կապ ենք հաստատում այդ դեսպանության հետ և կարգավորում ենք խնդիրները, բայց, այնուամենայնիվ, ուզում ենք բացառել նմանատիպ զարգացումները»,- հավելեց Ադոնցը:
Վերջին 6 ամսում եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր՝ վիզա ստանալը դարձել է շատ դժվար: Վիզա ստանալու քաղաքականության բարդացման մասին խոսելիս Ադոնցը հիշեցրեց նաև 2013 թվականին ուժի մեջ մտած մեկ այլ համաձայնագրի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) մասին:
«Օրակարգը, որը վերաբերում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերություններին, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսությանը, մեր երկկողմ հարաբերությունների կարևորագույն կետերից մեկն է: Մեր երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը CEPA-ն է: Դեռ ընթանում է CEPA-ի վավերացման գործընթացը, և բոլոր երկրները չէ, որ վավերացրել են CEPA-ն, բայց այդ համաձայնագրի 80 տոկոսն ուժի մեջ է մտել և իրականացվում է: Իրականացման համար ընդունվել է ճանապարհային քարտեզ, որտեղ դրված են այն անհրաժեշտ քայլերը, որը պետք է իրականացնի թե՛ կառավարությունը, թե՛ կառավարության տարբեր նախարարություններն ու գերատեսչությունները: Ինչո՞ւ խոսեցի CEPA-ի մասին, որովհետև հենց CEPA-ում նաև ամրագրված է վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու պայմանավորվածությունը: Սա համատեղ պարտավորություն է: Սա քոմիթմընթ է թե՛ԵՄ-ի կողմից, թե՛ ՀՀ-ի կողմից»,- շեշտեց Ադոնցը, ու ավելացրեց, որ ազատ վիզաների ռեժիմն արդեն ավելի շատ քաղաքական հարց է, ու ժամկետների մասին կկարողանա հայտնել այն օրը, երբ կսկսեն երկխոսությունը:
Ադոնցի՝ փակագծեր բացելը հավանաբար դուր չեկավ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը: Նա հայտարարեց, որ ԵՄ-ն իր անդամ 28 երկրներն են ու նրանց կոնսենսուս է պետք:
«Շատ պարզ ձևով ես մի բան պետք է ասեմ իմ անդամ երկրների անունից: Մենք չենք բաժանում, տարանջատում ու անուններով ինչ-որ կոչերով դիմում ԵՄ երկրներին: Սա օգտակար չէ: Դրա համար ես ոչ մեկին չեմ առանձնացնում: ԵՄ սկզբունքն այն է, որ մեզ կոնսենսուս է պետք,- ասաց դեսպանը ու դիմեց մամուլին՝ ասելով,- Եթե տարածում եք սա, դուք փչացնում եք ձեր սեփական շանսերը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ