Քաղաքական թշնամի՞, թե՞…

Ապացուցված բան է, որ երբ որոշ քաղաքական ուժեր հայտնվում են լուսանցքում, փորձում են ամենապատեհ պահին ճիշտ փաթեթավորմամբ մատուցվել հանրույթին։ Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի հիշողությունը բավականին թույլ է, և գրեթե տասնամյակը մեկ հայ հանրության շրջանակում քաղաքական ամնեզիայի չափաբաժինը հատում է վտանգավոր սահմանի։

Մեկուկես տարվա ընթացքում նման իրավիճակի հանդիպում ենք քանիցս, երբ երբեմնի թիմակիցները դառնում են թշնամի, և հակառակը՝ հոգեզավակը հայտնվում է թիրախում, բայց առաջին հայացքից պատկերը խաբուսիկ է։

Ընդհանրապես ՀՀ ներքաղաքական դաշտի վերջին 30-ամյակն ուսումնասիրող կամ քիչ, թե շատ մամուլ կարդացած մարդու համար առաջին հայացքից տարօրինակ ու արտասովոր չէ՝ ՀԱԿ-ի վերջին շրջանի կտրուկ զարգացումը, քանի որ իրենց, այսպես ասած՝ «տղան» այսօր ՀՀ «դեմքն» է։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի իրեն դուրս դնել ՀԱԿ-ից և իրեն առանձնացնել Տեր-Պետրոսյանից, ակնհայտ է, որ նա իր հոգևոր ու քաղաքական «հոր» գծած սահմանից ոչ մի միլիմետր չի շեղվում և հստակ դերաբաշխում է դաշտի խաղացողներին։

Վերջին ամիսներին ՀԱԿ-ն իրեն է վերապահել ՍԴ-ում ընթացող գործընթացների քաղաքական աջակցության ֆունկցիան, իսկ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցներում նրանց մշտական տեղն ապահոված է։ Հենց այս քաղաքական ուժի մնացորդներն են, ովքեր պարբերաբար թեզեր են ներդնում, հիմնականում կոշտ ու իռացիոնալ տիրույթից։

Նկատելի տենդենց է դարձել քաղաքական իրադարձությունների ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչների բացահայտ ակտիվությունը, որոնք իրենց խոսքում գրեթե ոչ մի նոր բան չեն ասում, քան իրենց բնորոշ ատելության խոսքը։ Սակայն քողարկված թիրախում է նաև Փաշինյանը, քանի որ դեռս հին հետքերի սպիներն իրենց հիշեցնել են տալիս։

Նախօրեին իր հարցազրույցերից մեկում ՀԱԿ Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով ՍԴ շուրջ ընթացող բացառապես քաղաքական գործընթացներին, ասել է, թե «դա ոչ լեգիտիմ մարմին է և նախորդ ռեժիմի մնացորդը»։

Տեղին է Զուրաբյանին հիշեցնել, որ այդ «ոչ լեգիտիմ ՍԴ նախագահին» ընտրել է այն նույն խորհրդարանը, որն այդ ընտրությունից ամիս ու կես անց նույն դահլիճում Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ, այնուհետև հաստատեց նաև նրա կառավարության ծրագիրը։

Մի հանգամանք ևս․ Զուրաբյանը փաստորեն իրական փաստեր է համարում հայտնի «քաղաքական գոստրոլյոր» Արման Բաբաջանյանի կողմից հանրային օրակարգ բերված Թովմասյանի ունեցվածքի մասին տեղեկությունները, որոնց իրականության մասին դեռևս հստակ ոչ մի պարզաբանում ու մեկնաբանություն չի հնչեցվել։

Հերթական անգամ, համոզվում ենք, որ ՀԱԿ-ը (ՀՀՇ), հավատարիմ մնալով իր քաղաքական ուղեծրին, զբաղվում է դասական պոպուլիզմով ու էքսցենտրիկ դեմագոգիայով։

Նշենք, որ Զուրաբյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և ՀԱԿ մյուս ներկայացուցիչներն այն թեզի կողմնակիցներն են, որ ներկայումս ՍԴ-ում առկա է իրավական ճգնաժամ, և այդ մարմինը պետք է շուտափույթ լուծարել։

Շրջանառության մեջ կա նաև, այսպես կոչված, «Բ» տարբերակը, երբ ԱԺ-ն նշանակում է ՍԴ դատավորներ, և ըստ այդմ՝ Փաշինյան-ՀԱԿ տանդեմը գոհ է լինում և բավարարված։

Զարմանալին ու տարօրինակն այն է, որ ՍԴ գործընթացներում անհասկանալի դավադրությունների և տարբեր տիպի կոնսպիրոլոգիաների տեսությունների մասին է խոսում այդ ուղղությունների գաղափարական հոր թիմի ներկայացուցիչը, ով իր ողջ քաղաքական կարիերայի համար պարտական է Տեր-Պետրոսյանին, մարդ, ով իր քաղաքական գործունեության ընթացքում ոչ մի ինքնուրույն ասելիք չի ունեցել, և չի ինքնադրսևորվել քաղաքական դաշտում։

Հատկանաշական է, որ քաղաքական նման հռետորաբանություն է օգտագործում մի մարդ, ով, անգամ մի խմբակցություն չէր կարողանում ղեկավարել։ Զուրաբյանը բնականաբար մոռացել է, թե ինչ էր կատարվում իր խմբակցության ներսում և ինչպես էր, օրինակ, 2016-ի հունիսի 28-ին հակադարձում Նիկոլի կոշտ քննադատությանը․

«Գեղարվեստական բնագավառում կայացում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, դա կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ քաղաքական ասպարեզում էլ ձեռքբերումներ չունեն»,- ասել էր նա։

Նախկին իշխանությունների նկատմամբ ունեցած իրենց ատելությունը և տարբեր ալեգորիաներով մեղադրանքներ հնչեցնելու ֆոնին տեղին է հիշել 2016-ի Ապրլյանի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված և աջակցության ձեռք մեկնելու մասին փաստող հայտնի նամակը։

Ստույգ տեղեկություններով՝ նույն Լևոն Զուրաբյանը, որպես ՀԱԿ-ի քարոզչության պատասխանատու, 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստվերային համագործակցության մեջ էր իշխանական նախընտրական շտաբի հետ։

Հոկտեմբերի 18-ին խորհրդարանում «Կուսակցությունների մասին օրենքի» փոփոխությունների կապակցությամբ կազմակերպվել էին լսումներ։

Այս ձևաչափում ելույթ ունենալիս ՀԱԿ մյուս ներկայացուցիչ Արամ Մանուկյանն ասել էր, թե ՀՀ-ում պետք են իրական գաղափարական կուսակցություններ, անգամ հստակ նշել՝ սոցիալիստներ, կոմունիստներ, ազատականներ ու պահպանողականներ։ Սրանք քաղաքական իրականության մեջ այն քաղաքական ուղղություններն են, որոնց շուրջ ձևավորվում է տվյալ երկրի կոսւացական համակարգը։

Ակնհայտ է, որ այս մեսիջները ներկայացնելով՝ Մանուկյանն ուղղակի թիրախավորում է Փաշինյանին, որ նրա ղեկավարած քաղաքական ուժը չունի կոնկրետ գաղափարախոսություն։

Սա անիջական ապտակ էր նաև Նիկոլին, երբ նա ԱԺ-ում ունեցած հայտնի ելույթի ժամանակ հայտարարեց, թե «անցել են իզմերի դարաշրջանը, հիմա քաղաքականության մեջ իզմեր պետք չեն»։ Մանուկյանն փաստացի հասկացրեց Փաշինյանին, որ դա այդքան էլ այդպես չէ։

Պարզ է մի բան, որ ՀԱԿ-ն այսօր Փաշինյանին ավելի շատ է ատում, քան նախորդներին, քանի որ հեգնանքով ու մի տեսակ սարկազմով են խոսում Փաշինյանի ու նրա թիմի մասին՝ ակնարկելով նրանց անփորձությունն ու քաղաքական դիլետնատությունը։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս