Կրթության նախարարության դեմարշը հայրենագիտության ուղղությամբ
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քանիցս ականատես ենք եղել իշխանության կողմից կատարվող քայլերի, որոնք հակասում են ոչ միայն պետական ինստիտուտների կայացման ռացիոնալության սկզբունքին, այլև՝ ազգային մտածելակերպին ու հայկական արժեհամակարգին ընդհանրապես։
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է, որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու: Հենց նման նպատակ ունի ԿԳՄՍ-ում մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով կներկայացվի հանրային քննարկման: Ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչ օրս գործող օրենքի համապատասխան՝ «անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:
Սա գործող կարգն է, որը գործում է բոլոր բուհերում։
Բանն այն է, որ հիշյալ կարևոր դրույթը նախարարության մշակած նոր նախագծում առկա չէ, ու անհասկանալի է, թե ով է որոշել, որ, ասենք, հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը մեզ անհրաժեշտ չեն, կամ՝ ուսանողները դրանից ոչ մի էական արդյունք չեն ստանում: Ակնհայտ է, որ նախարարությունն այստեղ բավականին անհեռատես ու հակաազգային դիրքորոշում է ցուցաբերում։ Դժվար է ասել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում հայերենը, հայոց պատմությունը կրթօջախներից հեռացնելու այս ձեռնարկը, բայց կռահել, իհարկե, կարելի է: Հատկանշականն այն է, որ նախարարությունից այս փոփոխությունը պարզաբանում են այսպես՝ որ տվյալ առարկաների ուսուցումը թողնված է բուհի գիտխորհրդի որոշման վրա, այսինքն՝ հանված է պարտադիր լինելու հանգամանքը, ինչը, ըստ նախարարության պարզաբանման, հակասում է «կրթական ծրագրերի կառուցման հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին»։
Ստացվում է, որ Կրթության նախարարության ձեռամբ՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներն այլևս զրկված կլինեն հայերենի և հայկականի պահպանության առանցքային ու անկյունաքարային երկու արժեքների խորքային ուսումնասիրությունից՝ պարտադիր կերպով չեն ուսումնասիրվի հայոց լեզու ու գրականություն և հայոց պատմություն առարկաները։
Տեղին է հավելել, որ ՀՀ յուրաքանչյուր ուսանող, առանց բացառության՝ ինժեներ, ճարտարապետ, բժիշկ թե երկրաբան, պարտավոր է ունենալ սեփական ազգի ու արմատների հետ կապող այս առանցքային առարկաների մասին համապատասխան բազա։ Բոլորիս համար պարզ է, որ ցանկացած աշակերտ դպրոցի վերջին տարիներին հիմնականում խորանում է իր ապագա մասնագիտության հետ կապված առարկաների ուսումնասիրության մեջ, և ճշգրիտ գիտությամբ զբաղվող ուսանողները հայերենի և հայրենագիտական թեմաների հետ կապված գրեթե չեն հետաքրքրվում։ Այդ բացը հիմնականում լրացվում էր բուհում ուսանած տարիներին ստացած գիտելիքով, իսկ նախարարության նման դիրքորոշումը արդեն այս հարցերի հետ կապված խորքային լուրջ խնդիրներ է ստեղծում։
Բնական է, որ այս ամենը կատարվում է նախարարի իմացությամբ, եթե ոչ՝ հենց նրա նախաձեռնությամբ։ Տեղին է հիշել, որ ժամանակին, իր կարիերայի սկզբին Արայիկ Հարությունյանը դեմ էր ՀՀ-ում օտարալեզու դպրոցների բացման գործընթացին և ամեն առիթով քննադատում էր ԿԳՆ-ի կողմից նախաձեռնած այդ գաղափարին։ Ժամանակին նա այդ նախաձեռնության դեմ պայքարողների ակտիվ անդամ էր, այն ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի դեմ անընդհատ քննադատական ու մեղադրական հայտարարություններ էին հնչեցնում ու քարկոծում՝ նրան մեղադրելով «ապազգային գաղափարների ու դպրոցների ներդրման կնքահայր լինելու մեջ»։
Հետո, երբ արդեն բացվեցին այդ դպրոցները, մասնավորապես՝ Դիլիջանի միջազգային դպրոցը, և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հպարտանում են այդ դպրոցով և հարկ եղած դեպքում այցելում են այդ դպրոցներ ու պարծանքով խոսում դրանց կարևորության մասին։ Նրանք տեղի-անտեղի հպարտանում են ՀՀ կրթության նորանոր նվաճումներով, որի հետ իրենք տեսականորեն ոչ մի կապ չունեն։
Եվ հիմա, երբ ԿԳՆ-ն նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, հարց է առաջանում, նախորդների արված քա՞յլն էր ապազգային ու հակահայկական, թե՞ նոր ու «թավշյա հեղափոխականների»։
Ըստ էության մնում է հուսալ, որ կառավարությունում այս գաղափարի հետ կապված կունենան լուրջ վերապահումներ, և այն կյանքի չի կոչվի, այլապես մենք ևս մի բնագավառում կգրանցենք հերթական ձախողումը, որը, հնարավոր է՝ ունենա անդառնալի հետևանքներ։
Արմեն Հովասափյան