Թուրքիայի սիրիական գործողությունը՝ Վաշինգտոն-Անկարա համաձայնության արդյունք. Վտանգավոր շրջաններում երկու հայ ընտանիք է մնացել
«Թուրքիայի թիրախում գտնվող սիրիական շրջաններում հայ բնակչություն գրեթե չի մնացել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքական քաղաքականության մասնագետ, սիրիահայ թղթակից Սարգիս Գասարճեանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում և, մասնավորապես, հայ բնակչության շրջանում տիրող իրավիճակին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության գարուն» գործողությունը սկսելու մասին: Թուրքական բանակը ու օդուժը սկսեցին ռմբահարել և հրետակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանը։
Սարգիս Գասարճեանն ասաց, որ Թուրքիայի գործողությունները շարունակվում են, և այս պահին շատ հզոր հարվածների տակ է թուրք-սիրիական սահմանին գտնվող Ռաս ալ-Այն գյուղաքաղաքը:
«Այնտեղ ժամանակին վեց հայկական համայնք կար, և մինչև այս իրավիճակի մեկնարկը բավական շատ հայ ընտանիքներ կային, որոնք զբաղվում էին հողագործությամբ: Մինչ այսօր այնտեղ հայկական եկեղեցի կա: Այդ գյուղաքաղաքը հենց սահմանի վրա է, որն աշխարհագրորեն Հասաքեի մարզում է գտնվում: Ներկայումս Թել Աբյադի և Ռաս ալ-Այնի վրա լուրջ հարձակման փորձեր կան: Այնտեղ հայեր չեն մնացել:
Մինչև երեկ երեկոյան մեկ հայ էր մնացել Ռաս ալ-Այնում, երիտասարդը՝ իր մոր հետ, իսկ Թել Աբյադում՝ կրկին մեկ հայ, այդ երկու հայ ընտանիքն էլ հրաժարվում է դուրս գալ իրենց տներից, ունեն իրենց տունը, հողը և այլն: Ռաս ալ-Այնում մնացած երիտասարդն ու մայրը մնում են՝ որպես եկեղեցու պահապաններ, չեն ուզում դուրս գալ՝ չնայած այդ հզոր հարվածներին: Մնացած հայերը դեպի Հալեպ են ուղղվել, իսկ Ռաս ալ-Այնի հայերը՝ դեպի Ղամիշլի և Հասաքե: Ղամիշլիում հարձակում և մեծ վտանգ չկա, Ղամիշլիում մի քանի հրթիռներ էին ընկել նախօրեին, ներկայումս որևէ վտանգ չկա»,- նշեց Սարգիս Գասարճեանը:
Թուրքական քաղաքականության մասնագետի խոսքով՝ այս գործողությունը կենտրոնանալու է Թեյ Աբյադի և Ռաս ալ-Այնի վրա, Ղամիշլի չի հասնելու: «Կարծում եմ՝ Անկարա-Վաշինգտոն համաձայնությունը այդ սահմաններում է այն իմաստով, որ Թուրքիան եթե իր տիրապետության տակ է վերցնում այս երկու քաղաքները, միացնում է իր տիրապետության տակ գտնվող Ճարապլուսի հետ, ստացվում է՝ Ռաս ալ-Այնից մինչև Իդլիբ սահմանային հատվածը կլինի թուրքական տիրապետության տակ: Հստակ է, որ համաձայնություն կա սահմանափակ սահմաններով գործողություն իրականացնելու շուրջ, այդ իսկ պատճառով է, որ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ, եթե Թուրքիան իր սահմաններն անցնի, պետք է տնտեսական պատժամիջոցներ կրի, ԱՄՆ-ը կքանդի թուրքական տնտեսությունը: Իսկ երեկ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ մինչև հիմա Թուրքիայի գործողությունը մնում է համաձայնեցված սահմանների մեջ: Սրանք փաստեր են այդ համաձայնության գոյության մասին: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Միացյալ Նահանգներն իր զինվորներին դեպի հարավ ուղարկեց, եթե սահմանից դեպի հարավ իջնեք, կան դեռ ամերիկացի զինվորներ ու կենտրոններ, ինչը նշանակում է, որ այնտեղ գործողություններ չեն լինելու: Եթե տեղեկություն լիներ, որ այնտեղ են հասնելու թուրքական ուժերը, ամերիկացի զինվորները չէին մնա այնտեղ, քանի որ դա վտանգավոր է նախ՝ նրանց անվտանգության տեսանկյունից, կլիներ նաև ուղիղ բախման վտանգ, սակայն մնացել են այդ շրջաններում, քանի որ կա երաշխիք, որ այնտեղ չի հասնելու թուրքական ներխուժումը, և դա չի բխում ոչ ԱՄՆ-ի, ոչ Թուրքիայի շահերից:
Թուրքիայի համար հեշտ է սահմանի վրա գործողություններ իրականացնել, որովհետև այդ հատվածներում թուրքական ուժերին ավելի հեշտ է ապահովել ռազմամթերքով և անհրաժեշտ իրերով: Ուստի ավելի հանգիստ պետք է լինի այդ հատվածում գործողությունների հաջողությունը, Թուրքիայի համար դժվար է որոշ սահմաններից դեպի հարավ շարժվելը: Իսկ քրդական ուժերը կենտրոնանում են հարավային շրջանները պաշտպանելու վրա»,- պարզաբանեց Գասարճեանը՝ շարունակելով, որ հենց այդ պատճառով սկզբնական 48 ժամերի ընթացքում թուրքերը կարողացել են 11 գյուղեր գրավել, թեկուզ դրանք մեծ գյուղեր չեն, փոքր քաղաքներ են, բայց ընդհանրապես ավելի հեշտ է եղել:
Ըստ նրա՝ Թուրքիան կհասնի իր նախնական նպատակների իրագործմանը, իսկ դեպի հարավ, ամենայն հավանականությամբ, չի ընթանա:
Սարգիս Գասարճեանի խոսքով, սա ճիշտ չի լինի որակել՝ որպես սիրիական հակամարտության հերթական արյունալի փուլի մեկնարկ: «Սակայն սա արյունալի շրջան է այն իմաստով, որ բավական մեծ թվով բնակչություն կա այդ շրջաններում, նրանք վտանգի մեջ են, այս երկու օրերի ընթացքում 50-70 հազար հոգի իրենց տները թողել ու փախել են այդ շրջաններից: Բայց կարծում եմ, որ ոչ շատ ուշ հրադադար կհաստատվի և խաղաղություն կհաստատվի, Ամերիկայի կողմից այդ շրջանները հանձնվեցին Թուրքիային»,- ասաց Գասարճեանը: