Ապացույցներ են կեղծել. Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով դատախազներին բացարկ հայտնվեց. Կարեն Ֆարխոյանը մերժեց միջնորդությունը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ, այսպես կոչված, «ահաբեկչության» գործով դատական նիստը:

Այս գործով, բացի Բագրատ սրբազանից, կալանավորված են նաև Տավուշի թեմը ներկայացնող Լիդյա Մանթաշյանը, արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմի նահատակ Հակոբ Ռուստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը, գնդապետ Մախսուդյանը, այլ անձինք:

Բագրատ սրբազանն ու գործով անցնող մյուսները մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնազավթման մեջ։

Այսօրվա դատական նիստի սկզբում գործով տարբեր մեղադրյալների պաշտպանության մեջ տարբեր պաշտպաններ ներգրավվեցին:

Կարդացեք նաև

Այնուհետև անցան հանրային մեղադրողներին բացարկ հայտնելու հարցին: Միջնորդություն ուներ Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, ով բացարկ հայտնեց բոլոր հանրային մեղադրողներին:

«Երկխոսությունն աղավաղված է, արձանագրություններում կա  կեղծիք»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ ընթերցելով աղավաղված ու կեղծված արձանագրությունները:

 

Դիրքորոշում հայտնեց նաև Բագրատ սրբազանը, ով նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, այդ թվում՝ Կանադայի հյուպատոսին՝ Ռայան Միլլերին, ով գտնվում է  դատական նիստերի դահլիճում:

«Զոհի կերպար ստացած դահիճներն անընդհատ խոսել են 2 հոգու գյուլլելու, 15 հոգու բանտ նստեցնելու, ավտոբուս վառելու թեմայով: Ավտոբուս վառելու թեման մեր գործում կա՞… Կամ 2 օրվա կալանավոր եմ, Միքայել սրբազանին բերել են, 3 ամիս գաղտնալսելու թույլտվություն են տվել, երբ մեր կալանքը 2 ամսով էր: Առանց ամաչելու արձանագրությունների մեջ դրել են խոսակցություններ, որոնք ոչ մի կապ չունեն գործի հետ: Ի՞նչ էիք ման գալիս, զենքի թաքստո՞ց… Ասեմ՝ որտեղ է. ՔՊ-ի Իջևանի գրասենյակում… Ամոթ մեզ, որ քննչական կոմիտեի նման ղեկավար ունենք: Դատախազները հանդես են գալիս՝ որպես զրպարտություն գրողներ: Մի բան էլ՝ ասեք տեսնեմ՝ մեր գործում ռուսական հետք կա՞, թե՞ չկա, ինչպես պնդում էր իշխանությունը»,- ասաց Բագրատ սրբազանը:

Վահագն Չախալյանն ու պաշտպանները միացան միջնորդությանը: Հանրային մեղադրողներին բացարկ հայտնելու միջնորդությանը միացան նաև Արթուր Սարգսյանն ու իր պաշտպան Արամ Վարդևանյանը:

Գնդապետ Միհրան Մախսուդյանն էլ ասաց՝ «Մեկ-մեկ մտածում էի՝ կարո՞ղ է ես տեռորիստ եմ. այ տենց համոզում էին. մտաք, ահաբեկեցիք 70-ամյա մորս: Թե՞ ձեր նպատակը ինձ վերջապես քրեակատարողական հիմնարկում տեսնելն էր: Ես էլի ինձ լավ եմ զգում «Վարդաշեն» ՔԿՀ-ում, մենակ հայրենիքս մի՛ կործանեք»,- ասաց գնդապետ Մախսուդյանը:

 

Միջնորդությանը միացան նաև մյուս մեղադրյալներն ու նրանց պաշտպանները:

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն ի պատասխան՝ բավականին էմոցիոնալ ելույթ ունեցավ, որի հանրագումարը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ ամեն ինչ  ճիշտ է, կեղծիք չկա, և ինքնաբացարկի միջնորդությունը ենթակա է մերժման: Հայկ Հովհաննիսյանին միացան նաև մյուս հանրային մեղադրողները:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը, քննության առնելով Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը, մերժեց դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:

Ինչպես հետո պիտի պարզվեր, անհերքելի ապացույցները հերքելի էին, և մասնավորապես հրապարակված ձայնագրությունները՝ մոնտաժված, ինչպես պնդում էին Բագրատ սրբազանն ու մեղադրյալների պաշտպանները:

Նախաքննության ավարտից հետո մասնավորապես Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը սկսեց հատվածաբար հրապարակել աղմկահարույց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակները, և Քննչական կոմիտեի ու դատախազության փչած փուչիկը պայթեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս