Բաժիններ՝

«Թավշյա հեղափոխությունից» հետո գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 267 հզր հայաստանցի, ավելի շատ՝ քան 2017-ին՝ 40 հազարով, 2016-ին՝ 99 հազարով

2018 թ.-ին ԱՄՆ խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկությանը Հայաստանից դիմել է 110 հազար 725 քաղաքացի, որը 14 հազար 336-ով ավելի է 2017 թ.-ի և 38 հազար 871-ով 2016 թ.-ի դիմումներից: Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

2018 թ.-ին ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների մշտական բնակության քարտ ձեռք բերելու ցանկություն է ունեցել 267 հազար 67 հայաստանցի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը դիմորդների ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները:

Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանից դիմորդների թիվն ավելի քիչ է եղել, մասնավորապես՝ 2017 թ.-ին գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 96 հազար 389 քաղաքացի (դիմորդների ընտանիքի անդամները՝ 130 հազար 156, ընդհանուր՝ 226 հազար 545 քաղաքացի), իսկ 2016 թ.-ին՝ 71 հազար 854 (դիմորդների ընտանիքի անդամները՝ 96 հազար 261, ընդհանուր՝ 168 հազար 115 քաղաքացի):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրին քարտի դիմումների ընդունումը լինում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ապա 2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո էլ ՀՀ քաղաքացիները ավելի շատ են ցանկացել ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով արտագաղթել Հայաստանից:

Նշենք նաև, որ 2018 թ.-ին խաղարկության մասնակիցներից 2844-ն են գրին քարտի շահել, 2017 թ.-ի՝ 1669-ի և 2016 թ.-ի՝ 1277-ի համեմատ:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը, իհարկե, քաղաքացիների սոցիալական վիճակն է, բայց գրին քարտի դեպքում, ըստ նրա՝ պատկերն այլ է:

«Սոցիալական վիճակը ընդհանուր արտագաղթի երևույթի հետ կարելի է կապել, բայց դժվար է գրին քարտի երևույթի դեպքում նույնը ասել: Այստեղ սպասելիքներն ավելի մեծ են: Սա այն տարբերակն է, որտեղ պետք չէ քաղաքացիությունից հրաժարվել, իսկ երկրորդ քաղաքացիություն անկախ ամեն ինչից մարդիկ կուզեին ունենալ, հատկապես ԱՄՆ քաղաքացիությունը: Մարդիկ դիմել են, կդիմեն, քանի դեռ այդ խաղարկությունը կա, և քանի դեռ օրինակներ կան, որ դրանով մարդիկ կարողացել են ինչ-որ բանի հասնել»,- ասաց ժողովրդագիրը:

Դիտարկմանը, որ փաստացի գրին քարտ շահողները մշտական բնակություն են հաստատում ԱՄՆ-ում և առնվազն 5 տարի պետք է ապրեն ԱՄՆ-ում քաղաքացիություն ստանալու համար, Ռուբեն Եգանյանն արձագանքեց. «Իհարկե այդպես է, բայց այդ ընթացքում իրենք կարող են գնալ-գալ, աշխատել, գումար վաստակել: Դիմողների տեսանկյունից սա շատ ավելի լավ է, քան Ռուսաստան գնալը, սևագործ բանվորություն կատարելը և կոպեկներ ստանալը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս