«Փաստ չէ, որ «ՍանիՏեքի» բոլոր աշխատողներն են ընդունվելու նոր հիմնարկ». Հայկ Սարգսյան
Երևանը մաքրող փոշեկուլ մեքենաներն ուշանում են, դրանց տեղ հասնելու ժամկետները հետաձգվում են, ուստի Երևանի ավագանին առաջարկում է ավելացնել «Երևանի սանմաքրման և աղբահանության» հիմնարկի աշխատողների թիվը 206 նոր աշխատակիցներով։
Ըստ նախագծի զեկուցող Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի՝ նոր հաստիքները նախատեսված են հավաքարարների, վարորդների և ադմինիստրատիվ աշխատողների համար այնքան ժամանակ, մինչև Երևան կհասնեն փոշեկուլ մեքենաները։
Իսկ թե ինչ կլինի այս 206 աշխատողի հետ, երբ տեղ հասնեն փոշեկուլ մեքենաները՝ Հայկ Սարգսյանը չասաց։
Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը նախագծի զեկուցողին հիշեցրեց, որ օրեր առաջ «ՍանիՏեքի» բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին քաղաքապետարանից հանգստացնում էին, որ նրանց աշխատանքի հարցը կլուծվի, ապա հարցրեց.
««ՍանիՏեքի» աշխատողներից քանիսի՞ն եք համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունել»։
Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ՝ այո, խոստացել են նրանց աշխատանքի ընդունել, բայց չեն ասել, որ «ՍանիՏեքի» բոլոր աշխատակիցներին են ընդունելու աշխատանքի նոր հիմնարկում։
«Բայց փաստ չէ, որ «ՍանիՏեքի» ոչ բոլոր աշխատակիցներն են անցնելու համայնքային հիմնարկում աշխատանքի։ Նշեմ, որ այս նոր հիմնարկի 600-ից ավելի աշխատողների մեծ մասը «ՍանիՏեքի» նախկին աշխատողներն են»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ նոր հիմնարկում աշխատանքի կանցնեն որակյալ աշխատակիցները։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ