Պառլամենտական քննարկո՞ւմ, թե՞ «թատերական» փառատոն

Այն բարդագույն իրավիճակը, որը ստեղծվել է ՀՀ դատաիրավական համակարգում, ստեղծել է անկառավարելի քաոս, քանի որ ոչ ոք իրականում չի հասկանում, թե որտեղից է սկսվում իշխանության ճյուղերի սահմանաբաժանը։ Այն, ինչ վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի է ունենում դատական համակարգում, դուրս է ցանկացած նորմալ իրավական պետության տրամաբանությունից, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են նույն հռետորաբանությամբ տանել իրենց որդեգրած քաղաքականությունը։ Փաստացի այսօր ունենք մի իրավիճակ, երբ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերն անմիջական ճնշումների միջոցով փորձում են իրենց քաղաքական կամքին ենթարկել ողջ դատական համակարգը՝ տարբեր տիպի «վեթինգների» ու «բարեվարքությունների» մասին լիկբեզներով։

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի համար թիրախային ու գերկարևոր նշանակություն ունեցող կառույցներից մեկը, որը մինչ այսօր շարունակում է պահպանել իր ինքնուրույնությունը և անկախությունը, Սահմանադրական դատարանն է՝ հանձին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի։

Հենց Թովմասյանի անձն էլ ներկա շրջափուլում հանդիսանում է իշխանական ողջ «բատալյոնի» հարվածային թիրախում՝ իշխանական էլիտայի հստակ ուղղորդմամբ։ Փաշինյանը ՍԴ-ի դեմ «օպերացիայի» մեկնարկն ազդարարեց այն ժամանակ, երբ ՍԴ թափուր հաստիքում գործող իշխանությունների համակրանքը վայելող Վահե Գրիգորյանին տեսնելու համար նախ՝ փոփոխության ենթարկեց ԱԺ կանոնակարգ-օրենքը, որպեսզի Գրիգորյանը երկրորդ անգամ կարողանա խորհրդարանում ներկայացվել որպես ՍԴ անդամ, ապա՝ արտահերթ նիստով նրան կարգեց ՍԴ դատավոր։

Ավելին, հենց այդ նիստում Գրիգորյանը, «բոլորի համար անակնկալ» կերպով, իրեն հռչակեց ՍԴ նախագահ, ու հենց այդ վայրկյանից էլ սկսվեց այս իրավական «բոլոլան»։

Ներկայումս կենացներն ավելի են քաղցրացել, քանզի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հետ կապված գործընթաց է սկսել, որի քննարկումն ավարտվեց ժամեր առաջ։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, մեղմ ասած, տրագիֆարս էր, որին լծված էր ողջ քաղաքական թիմը։

Ի դեպ, փաստենք, որ նախօրեին հարցազրույցով հանդես եկավ ՍԴ նախագահը և իր դիրքորոշումը ներկայացրեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն որակելով բացարձակ քաղաքական ենթատեքստեր ունեցող մի գործընթաց։ Հենց այս հարցազրույցից հետո՝ ԱԺ նիստի ժամանակ, իշխանական պատգամավորների մոտ սկսվեց մի «գլխապտույտ հրավառություն»։

Նախ՝ մտքերի փոխանակման ժամանակ գրանցված 22 պատգամավորներից 19-ը «իմքայլականներ» էին, որոնց նույնաբովանդակ ելույթների տեղատարափն ամբողջովին ցույց տվեց, թե ինչքան անբովանդակ են գործող իշխանությունները։

Քննարկումը հիշեցնում էր հին ռուսական վեչեները, որտեղ հնչում էին միայն ամպագոռգոռ ու բարձրագոչ հայտարարություններ, որոնք ոչ մի նյութական ու փաստական հիմքեր չունեին։ Ելույթներում կարմիր թելի նման անցնում էին հետևյալ թեզերը՝ «Հրայրը կոռումպացված ռեժիմի կադր է», «նա Սահմանադրություն է գրել Սերժի համար», «նա ծառայել է քրեաօլիգարխիկ համակարգին» և նմանատիպ անբռնազբոս տեքստեր, որոնց հայ հասարակությունն ականատես է լինում վերջին մեկուկես տարվա ընթացքում։

Նիստին հետևելով՝ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ, եթե նախօրեին Հրայր Թովմասյանը հանդես չգար հարցազրույցով և որոշակի մեսիջներ ու իր դիրքորոշումը չհայտներ, «իմքայլականները» ոչ մի ասելիք չէին ունենա։ Միանգամից նկատելի էր, որ նրանք խոշորացույցով հանգամանալից ուսումնասիրել էին Թովմասյանի հարցազրույցը և առանձին-առանձին հանել էին «ռիսկային» թեզերն ու ըստ այդմ՝ կառուցել իրենց ելույթները։

Ասել է թե՝ եթե Թովմասյանը չխոսեր, իշխանության պատգամավորներն ասելիք չէին ունենա։ Զավեշտալին այն է, որ ոչ մի հիմնավոր հայտարարություն այդպես էլ չհնչեց, և այսօր, ինչպես և սպասվում էր, իշխանությունները միահամուռ ուժերով կողմ քվեարկեցին իրենց ներկայացրած նախագծին։

Հավելենք, որ ԱԺ մյուս խմբակցություններից ԼՀԿ-ն շտապել էր նախապես հայտարարել, որ սատարելու է Թովմասյանի դեմ ներկայացված փաստաթղթին, իսկ ԲՀԿ-ն՝ դեմ։ Քանիցս խոսվել է այն մասին, որ գործող իշխանությունները հեռու են պետականության և պետականաշինության մասին պատկերացումներից, քանի որ պետության նկատմամբ պատկերացումերը հեռու են բավարար չափանիշերից։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս